Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
3-ամյա երեխային թրաֆիքինգի ենթարկելու գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստը սկսվեց մոտ կես ժամ ուշացումով: Ամբաստանյալ Մարինեի փաստաբան, հանրային պաշտպան Անահիտ Եսայանը մեկ այլ դատարանում նիստ ունենալու պատճառով ուշացել էր:
Մյուս ամբաստանյալ` 52-ամյա Արմիկի պաշտպան Կարեն Մանուչարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց նոր դատահոգեբուժական համալիր փորձաքննություն կատարելու վերաբերյալ: Բանն այն է, որ 52-ամյա ամբաստանյալը գրանցված է եղել Ավանի հոգեբուժական կլինիկայում թեթև մտավոր հետամնացություն ունենալու համար: Պաշտպանի խոսքով` Արմիկի արյունակիցների շրջանում շատ են հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, իսկ ահա կրտսեր եղբայրը հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում և ունի օլիգոֆրենիա հիվանդությունը:
Այս գործի շրջանակներում կատարված դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներով` ամբաստանյալը ճանաչվել է սահմանափակ մեղսունակ, սակայն Կ. Մանուչարյանը համարում է, որ նրա առողջական վիճակը օբյեկտիվ չէ գնահատված, և պետք է նոր փորաքննություն կատարել:
Կարեն Մանուչարյանի այս միջնորդությանը միացավ նաև Մարինեի փաստաբան Անահիտ Եսայանը` նշելով, որ, իսկապես, Արմիկը ադեկվատ չի արձագանքում դատավարության գործընթացներին, և նրա առողջական խնդիրներ ունենալն ակնհայտ է:
Միջնորդությանը դեմ առարկեց մեղադրող դատախազ Արմեն Մարուխյանը: Նա նշեց, որ չկա որևէ փաստ, որ Արմիկի առողջական վիճակը փոփոխվել է, և նոր փորձաքննություն կատարելու հիմք կա:
Միջնորդության վերաբերյալ դատարանը հարցրեց նաև հենց Արմիկի կարծիքը.
-Դուք ի՞նչ կասեք:
-Ես ի՞նչ ասեմ:
-Ուզում ենք քեզ ուղարկել ստուգման, տեսնենք` առողջությունդ ո՞նց է: Համաձա՞յն ես:
-Հա, կարելի ա, համաձայն եմ:
Դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, հայտնեց, որ դատական նիստեր են նշանակված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հետևաբար` միջնորդությունը կքննվի հաջորդ դատական նիստում, որը կլինի սեպտեմբերի 18-ին:
Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրականի, Արմիկն ու Մարինեն, շահագործելու դիտավորությամբ, երեխային 2012 թվականի փետրվարից մինչև 2013 թվականի հունիսը պահել են ստրկությանը հավասարազոր` երեխայի աշխատանքի վատթարագույն վիճակում: Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով արարք կատարելու համար:
Գործի նյութերի համաձայն` Մարինեն իր 6 ամսական տղային տվել է Արմիկին, որ նա, երեխային գրկած, մուրացկանություն անի, կարողանան ապրուստի միջոց ունենալ: Նրանք վարձակալել են կիսանկուղային մի սենյակ, որի համար օրական վճարել են 4000 դրամ:
Հ.Գ. Ամբաստանյալների անունները փոխված են: Դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը կփաստի նրանց մեղավորությունը: