կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-07 16:22
Հասարակություն

Արմեն Սարգսյանը Կանանց տոնին ընդառաջ հյուրընկալել է վաստակաշատ հայուհիների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի նախօրեին նախագահական նստավայրում հյուրընկալել է ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանին, պատմաբան, թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու, Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից, Մատենադարանի ավագ գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանին, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին, Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանին:

Նախագահը շնորհավորել է վաստակաշատ հայուհիներին տոնի առթիվ, մաղթել առողջություն և ամենայն բարիք: Բարձր գնահատելով նրանց վաստակը մեր պետության կայացման, մշակույթի զարգացման ու հանրահռչակման գործում, նախագահն ասել է, որ նրանցից յուրաքանչյուրը կենդանի պատմություն, հայրենիքին ու ժողովրդին արժանավայել ծառայելու և նվիրվելու կենդանի օրինակ են: Նրանք իրենց գործունեությամբ ստեղծել են պատմության հայկական այն էջերը, որոնք մեծ արժեք ու անանց հիշողություն են, թե ինչպես ապրել, ինչպես աշխատել, ինչպես ստեղծել և ստեղծագործել:

Հանրապետության նախագահի հյուրերը նախագահ Սարգսյանի հետ ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում ներկայացրել են իրենց գործունեությունը։ Նրանք պատմել են դրվագներ իրենց կյանքից, անդրադարձել իրենց ընտանիքների պատմությանը՝ հայոց ցեղասպանություն, Երկրորդ համաշխարհային պատերազմ… Նախագահ Սարգսյանը նշել է, որ մեզանից յուրաքանչյուրն իր հիշողություններն ու ցավերն ունի: «Սակայն, մյուս կողմից, չնայած Մեծ եղեռնին, դժվարություններին և ցավին, այսօր երկիր ենք, որն ունի հզոր բանակ, ունի երկու սիմֆոնիկ նվագախումբ, փայլուն երաժիշտներ է ծնում, ունի կոնսերվատորիա, որով կարող ենք հպարտ լինել,- ասել է նախագահը:- Մենք՝ հայերս, կարող ենք հպարտ լինել, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հսկայական ներդրում ունենք: Մատենադարան ունենք, որին շատ երկրներ նույնիսկ մոտիկ չեն: Մենք վերապրելու հատուկ գաղտնիք ունենք, ապրելու, գոյատևելու հատուկ շնորհ»: