|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Շուրջ երկու տարի է` շարունակվում է 16-ամյա աղջկան թրաֆիքինի ենթարկելու համար Ռ.Մ-ի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Ձերբակալվելուց հետո Ռ.Մ-ի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը, և նա գտնվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Այս ժամանակաշրջանում Ռ.Մ-ն հասցրել է մեկ այլ գործով հայտնվել մեղադրյալի աթոռին և դատապարտվել ազատազրկման: Համաձայն մեղադրականի` 25-ամյա Ռ-ն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռախոսով պատվիրել է իր համար մարիխուանա բերել:
0.86 գրամ մարիխունա բերողը եղել է նրա հետ նույն խցում պահվող ազատազրկվածներից մեկի ընկերը` Դավիթը, ով այդ գործով անցնող երկրորդ մեղադրյալն է: Երկուսն էլ իրենց մեղսագրված արարքում լիովին ընդունել են իրենց մեղավորությունը:
2013 թվականի հունվարի 8-ին Ռ-ի խնդրանքով Դավիթը գնացել է Կարապի լճի մոտ, այնտեղ հանդիպել գործի քննությամբ չպարզված անձի հետ, նրանից վերցրել կպչուն ժապավենով կապված երկու փաթեթ: Հաջորդ օրը, փաթեթները թաքցնելով անդրավարտիքում, Դավիթը գնացել է Ռ-ին տեսակցության` թրմամիջոցը նրան փոխանցելու համար: Սակայն տեսակցության այցելած անձանց խուզարկության սենյակում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները Դավիթին խուզարկել են եւ հայտնաբերել մարիխուանան:
Քրեական գործը քննվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ: Գործով անցնող երկու ամբաստանյալներն էլ մեղավոր են ճանաչվել:
Ռ-ն դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման, պատիժը կրելու սկիզբը հաշվարկվել է 2013-ի հուլիսի 2-ից: Իսկ Դավիթը դատապարտվել է չորս ամսվա ազատազրկման, սակայն կիրառվել է Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, և պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվել է մեկ տարի ժամկետով փորձաշրջան:
Այս գործով վերաքննիչ ատյան բողոք չի տարվել, հետևաբար, ուժի մեջ է մտել դատավճիռը: Այս գործով Ռ-ն կրել է իր պատիժը և դեռ շարունակում է ազատազրկման մեջ լինել, քանի որ թրաֆիքինգի գործով դատավարությունը շարունակվում է: Այսօր նշյալ գործով դատական նիստում պաշտպանական ճառով հանդես է գալու Ռ-ի փաստաբան Մարինե Թովմասյանը: