կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-29 15:03
Իրավական

Պատիժը մնաց ուժի մեջ` 11 տարի երեխաներին թրաֆիքինգի ենթարկելու համար

Պատիժը մնաց ուժի մեջ` 11 տարի երեխաներին թրաֆիքինգի ենթարկելու համար

Երեք անչափահասներին մուրացկանության ու գողության դրդելու համար 23-ամյա Արմանը 11 տարի անազատության մեջ կլինի: Վերաքննիչ ատյանը նույնպես որոշել է, որ մեղքը հաստատված է, և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատավճիռը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Արմանի փաստաբան Մարինե Թովմասյանը նշեց, որ վերաքննիչ բողոքում պահանջել էր ամբողջությամբ բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատական ակտը` արդարացնելով Արմանին: Սակայն փաստաբանի բողոքը մերժվել է:

 

Նշենք, որ, համաձայն մեղադրանքի, նա, երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով տասնութ տարին չլրացած երեք տղաների` ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու հանգամանքը, խաբեությամբհետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել և պահել է շահագործման մեջ` ստանալով և տնօրինելուվ Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:  

 

Գործի նյութերի համաձայն` Արմանը տղաներից մեկի հետ ծանոթացել է ինտերնետային ակումբում, այնուհետև նրանց են միացել ևս երկուսը: Տղաներին ասել է, որ պետք է փող ճարեն, հավաքեն ու այնպիսի գործ դնեն, որ «բոլորի համար լավ լինի»: Իսկ հետո ավելի մեծ գումարներ կաշխատեն ու կկարողանան Ռոստով գնալ, որտեղ Արմանի ծնողներն են ապրում:  

 

Արմանն իր ցուցմունքներում, սակայն, չի ընդունել, թե շահագործել է երեխաներին: Ավելին` նրա խոսքով` 2013 թվականի հունվարից մինչև մարտի 19-ը, երբ ծանոթացել ու շփվել է նրանց հետ, իր վարձակալած սենյակում օթևան է տրամադրել երեխաներին, նույնիսկ սնունդ ու հագուստ տվել:  

 

Սակայն տղան ընդունել է, որ գործով անցնող մյուս մեղադրյալ` 18-ամյա Ալբերտին ինքն է դրդել գողություն կատարելուն: Ալբերտն ու անչափահաս տղաներից մեկը գողացել  են 120 հազար դրամ արժողությամբ գազի բալոն և այն վաճառել 30 հազար դրամով: Ալբերտը համաներվել է, և նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է: