կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 16:04
Առանց Կատեգորիա

Ինչո՞ւ է գաղտնի պահվում Ստամբուլում տարեց հայուհիների սպանության գործը

Ինչո՞ւ է գաղտնի պահվում Ստամբուլում տարեց հայուհիների սպանության գործը

Ստամբուլում տարեց հայուհիների վրա հարձակման գործով դոսյեն գաղտնի պահելու որոշումը պետք է վերացվի. գրում է թուրքական Zaman թերթի սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզը:

 

«Բոլորս թեթեւացած շունչ քաշեցինք` իմանալով Մուրատ Նազարյանի ձերբակալության մասին, որը կասկածվում է Ստամբուլի Սամաթիա թաղամասում մի տարեց հայուհու սպանության եւ շատ ուրիշների վրա հարձակումների մեջ: Նազարյանը Թուրքիայի` ազգությամբ հայ քաղաքացի է: Այդ փաստն, անշուշտ, վերացրեց մտավախությունները, թե սպանություններն ու հարձակումները իրականացվել են ատելության հողի վրա: Ոստիկանությունը հանդես եկավ բավականին համոզիչ բացատրությունով, թե ինչպես եւ ինչու է  ձերբակալել կասկածյալին: Նրանք դիտել էին շրջանում տեղադրված տեսախցիկները եւ տեսել, որ Նազարյանը հետապնդում է մի քանի տարեց հայուհիների: Ավելին` ոստիկանությունը տեղեկացրեց, որ զոհերից մեկի սպանության վայրից վերցված ԴՆԹ-ն ճշգրտորեն համընկնում է Նազարյանի ԴՆԹ-ի հետ»,- գրում է լրագրողը եւ հավելում, որ, սակայն, մի քանի հարցեր անպատասխան են մնացել:

 

Օրինակ` Նազարյանը կարող էր հարձակվողը լինել, բայց հնարավո՞ր է, որ ուրիշներն էլ կան: Ինչո՞ւ է ոստիկանությունը հանկարծ լիովին համոզվել, որ Նազարյանն ինքնուրույն է կատարել հանցագործությունը:

 

Այդ կապակցությամբ Ջենգիզին հետաքրքել են «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Ռոբերտ Կոպթաշի մտորումները, ըստ որոնց` ինքը նրանցից չէ, որ թերահավատորեն է վերաբերվում Նազարյանի` հանցագործ լինելուն. նա դժվար մանկություն է ունեցել, հոգեկան խնդիրներ ունի, սակայն ոչ ոք կանգնած չէ՞ այդ հարձակումների հետեւում: «Մենք չենք տեսել ապացույցներ եւ չենք լսել Նազարյանի խոստովանությունը, քանի որ որոշում է կայացվել դրանք գաղտնի պահել: Ստիպված սպասելու ենք դատավարությանը»,- գրել էր Կոպթաշը:

 

Մարդու իրավունքների ասոցիացիայի ներկայացուցիչ Էրեն Քեսկինը վերջերս բանտում այցելել է Նազարյանին, եւ նա նույնպես մտահոգություն է հայտնել գործը հանրությունից գաղտնի պահելու կապակցությամբ:

 

Ջենգիզը հայտարարում է, որ հասարակությունը պետք է տեղյակ լինի գործին: «Եթե բացատրությունն այդքան պարզ է` հոգեկան խնդիրներ ունեցող նախկին հանցագործը հարձակվել է կանանց վրա գողության նպատակով, այդ դեպքում ինչո՞ւ է դատախազը որոշել գաղտնիության մակագրություն դնել այդ դոսյեին: Եթե դա «կազմակերպված» կամ «ահաբեկչական» հանցագործություն չէ, ի՞նչը պաշտպանելու համար է գաղտնիության մասին որոշումը»,- գրում է թուրք լրագրողը: