կարևոր
2233 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-04 18:02
Հասարակություն

Արցախի հարուստ բնաշխարհը՝ ադրբեջանցի կացնավոր «բնապահպանների» ձեռքերում

Արցախի հարուստ բնաշխարհը՝ ադրբեջանցի կացնավոր «բնապահպանների» ձեռքերում

Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիան մեկնարկեց կեղծ բնապահպանների բեմադրած ակցիայով։ Ինչպես Բերձորի միջանցքի արգելափակման առաջին օրերին ահազանգում էին Արցախից և Հայաստանից, բնապահպանության քողի տակ ադրբեջանական բարբարոսական վարչախումբը քաղաքական պահանջներ էր առաջ քաշելու և նախապատրաստում էր հերթական ագրեսիան։
Ադրբեջանի բնապահպանական խնդիրներով «մտահոգությունների» կեղծ լինելն ի սկզբանե էր պարզ, թեկուզ հենց այն պատճառով, որ հազարամյակների բնօրրանի հարուստ բնաշխարհը մշտապես գտնվել է արցախցու հոգածության ներքո, իսկ անկախության հռչակումից հետո այնտեղ բնապահպանության հարցը դրված էր պետական ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա։

Արցախի Հանրապետության տարածքը՝ 11,458 կմ²-ը, կենսաբազմազանության ինքնատիպ կղզի է՝ հատկապես իրենից դեպի արևելք ընկած հարթավայրային լանդշաֆտի համեմատ։

Լիովին օրինաչափ էր, որ Արցախի Հանրապետության պետականաշինության գործընթացում անվտանգային, սոցիալ-տնտեսական առաջնային խնդիրների հետ նույն կարևորությամբ պետությունը դիտարկում էր բնապահպանության հարցերը։
Հարուստ բնությունը և մաքուր շրջակա միջավայրը պահպանելու համար Արցախի Հանրապետության գործադիր մարմինը անկախություն հռչակելու առաջին իսկ տարիներից ձեռնամուխ է եղել բնության հատուկ պահպանվող տարածքների, արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի ստեղծման գործընթացին։ Հրապարակվեց «Ղարաբաղի բույսերի և կենդանիների Կարմիր գիրքը»: Մշտական ուշադրության տակ էին բնության հուշարձանները։ Խստացվել էին պատժամիջոցներն անտառահատումների, փայտանյութի արտահանման, մարդածին հրդեհների, որսագողության համար։

Անտառներով հարուստ Արցախում մշտապես իրականացվել են ծառատունկի միջոցառումներ։ Արցախցիներն առավել շահախնդիր էին հայրենի բնությունը մաքուր, անաղարտ պահելու հարցում։ ԱՀ քաղաքացիները մեծ հոգատարությամբ մաքուր էին պահում Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի փողոցներն ու բակերը, նույն կերպ էլ հոգում էին բնության մասին։

Հանրապետությունում զարգանում էին էկոտուրիզմը և ագրոտուրիզմը։ Արցախի գործադիր մարմինը խիստ բնապահպանական նորմեր էր սահմանել հանքարդյունաբերության ոլորտի և գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի համար։ Կաշենի պղնձի, ոսկու հանքավայրը շահագործվում էր բնապահպանական միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան՝ ի հեճուկս հակառակի մասին պաշտոնական Բաքվի և կեղծ բնապահպանների, իրականում՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հայտարարությունների։

Էկոկրթության ուղղությամբ էին հիմնարար քայլեր արվում. շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կրթական ծրագրեր էին ներդրվել հանրակրթական և բարձրագույն կրթական հաստատություններում:

Արցախի հայության դեմ սանձազերծած հերթական ռազմական ագրեսիայի տարում՝ 2020 թվականին, շարունակվում էին բնության հուշարձանների անձնագրերի կազմման, քարտեզագրման աշխատանքները՝ դրանց հարուստ բազմազանության պահպանման և կայուն օգտագործման ապահովման նպատակով:

44-օրյա պատերազմից երկու տարի անց արդեն պաշարված Արցախում ժողովուրդը և պետությունը համատեղ շարունակում էին բնապահպանական պետական քաղաքականությունը, ինչը հատկանշական էր ադրբեջանական կեղծ բնապահպանների՝ Բերձորի միջանցքի փակման ակցիայի խորապատկերին։

Հացի, անվտանգության, ջեռուցման կարիք ունեցող, պաշարված Արցախում կառավարությանը մաս կազմող լիազոր մարմինը՝ Բնապահպանության կոմիտեն, շարունակում էր իր ընթացիկ աշխատանքները։ Այսպես՝ 2023 թ. մարտ ամսին քննարկումներ էին կազմակերպվել Արցախի Հանրապետության կառավարության՝ նույն տարվա փետրվարի 22-ի որոշումներով հաստատված «Էկոլոգիական կրթության և դաստիարակության միջոցառումների» և «Արցախի Հանրապետության տարածքի մակերևութային ջրերի մոնիթորինգի» ծրագրերի շուրջ:

«Ծրագրերի նպատակն է Արցախի Հանրապետության էկոլոգիական կրթության, դաստիարակության և իրազեկման բնագավառում պետության և հասարակական կառույցների միջև ներդաշնակ համագործակցության ընդլայնումը՝ ուղղված էկոլոգիական կրթության որակի բարելավմանը, հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Մշտադիտարկումների միջոցով իրականացվելու է Արցախի Հանրապետության տարածքի մակերևութային ջրերի էկոլոգա-երկրաքիմիական առանձնահատկությունների գնահատում և մոնիթորինգի տվյալների հիման վրա գետերի ջրերի որակի նորմերի սահմանում»,—ասվում էր պաշարված Արցախից տարածված հաղորդագրության մեջ: Այդ ծանր ժամանակահատվածում վերոնշյալ ծրագրերով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար նաև ստեղծվեցին համապատասխան աշխատանքային խմբեր:

Կես տարուց ավելի բլոկադայի մեջ գտնվող Արցախում Բնապահպանության կոմիտեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ ամռանը հեռավար դասընթացներ էր իրականացնում շրջակա միջավայրի պահպանության գործնական մեխանիզմների շուրջ։
Այդ ընթացքում էներգետիկ շրջափակման պատճառով գրեթե ցամաքել էր Արցախի ամենամեծ ջրային ռեսուրսը՝ Սարսանգի ջրամբարը, որտեղ արդեն արձանագրվում էր միկրոկլիմայի կտրուկ փոփոխություն՝ ջրային ֆաունայի և ֆլորայի կորստով:

Արցախի բնապահպանական կոմիտեն այդ օրերին ահազանգում էր, որ վտանգվել են ջրամբարի ափերին բնակվող կենդանիների և բույսերի ՝ Կարմիր գրքում ընդգրկված մի շարք տեսակներ: Ջրամբարի մակարդակի նման իջեցումը հանգեցրել էր ափամերձ տարածքի ուտելի և համեմունքային (մոտ 125 տեսակ), դեղաբույսերի (մոտ 35 տեսակ), մեղրատու (մոտ 156 տեսակ) բույսերի կորստի լրջագույն ռիսկերի, իսկ նշված բուսատեսակները այդ տարածքի շրջակա միջավայրի ու բնակչության կենսապահովման անբաժանելի մասն են: Արցախի ջրերում տարածված 17 տեսակի ձկներից 12-ը կամ 70,8%-ը առկա են Սարսանգի ջրամբարում, և ջրի ծավալի այդպիսի կրճատումը կտրուկ բարձրացրել էր ձկների խտությունը, ինքնաթունավորման ռիսկերը։

Արցախի բնապահպանական կառույցն ահազանգում էր, որ ջրամբարի տարածքում է գտնվում Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով «կրիտիկական վիճակում» գտնվող փոքրասիական տրիտոնը, ափամերձ տարածքում բնակվող սիրիական սխտորագորտը, սողուններից՝ միջերկրածովային կրիան, անդրկովկասյան սահնօձը: Սարսանգի ջրամբարի հարակից տարածքում են բնակվում նույն ցուցակներում գրանցված կաթնասուններից ջրասամույրը, իսկ թռչուններից՝ փոքր ձկնկուլը և մեծ ձկնկուլը, որոնք ձվադրում են ափամերձ խիտ բուսուտներում, իսկ ջրամբարի չորացումը հանգեցրել էր այդ տեսակների բնադրագաղութների իսպառ վերացմանը:

Կյանքի և մահու պայքար մղող Արցախի բնապահպանական կոմիտեն այդ օրերին իրականացնում էր ջրամբարի բնապահպանական իրավիճակի մշտադիտարկումներ:

Արցախի Հանրապետության պետական մյուս կառույցը, որը մասնագիտացված էր բնապահպանական հարցերում, «Կանաչ Արցախ կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ն էր, որն ուներ 3 մասնաճյուղ՝ «Կովսական» պետական արգելոցը, «Սոսիների պուրակ» պետական արգելավայրը և «Կաչաղակաբերդ» ազգային պարկը:

Արցախի փոքր տարածքում առկա են զգալի թվով բնության հուշարձաններ։ Կառավարությունը մինչև Արցախի հայաթափումը հասցրել էր հաստատել 28 նման հուշարձանների կարգավիճակը։ Նախատեսվում էր շարունակել դաշտային ուսումնասիրությունները բնության հուշարձանների ցանկի համալրում իրականացնելու նպատակով։ Այդ հուշարձանների մեծ մասն՝ իրենց ինքնատիպությամբ, եզակի էին ողջ տարածաշրջանում:

Այսպես՝ «Ազոխի քարանձավ» բնության հուշարձանը, որը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ գյուղերի միջև, ունի շուրջ 8000 քառակուսի մետր մակերես և պարունակում է 8 լայն ծայրերով, 600 մետր երկարությամբ խճճված անցքեր։ Այն Անդրկովկասի ամենամեծ քարանձավն է, որն ունի մուտքեր և ելքեր՝ 6 բավիղանման սրահներ: Բնության հուշարձանի ամենամեծ սրահն ունի 3000 քառակուսի մետր մակերեսով տարածք: Հսկայական կլոր դահլիճի պատերն ունեն տարօրինակ մակերևույթ, կարծես նրանց օձեր են կպցրած: Քարանձավում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 300 000 տարվա պատմություն ունեցող քարե գործիքներ, այդ ժամանակվա կենդանական և բուսական աշխարհի բրածո մնացորդներ, նախամարդու արվեստի հետքեր և այլն:

Անզուգական գեղեցկություն և բնական արժեք ունի «Հոնուտի ձոր» կիրճ բնության հուշարձանը, որը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Քարին տակ և Ասկերանի շրջանի գյուղական համայնքների միջև` Կարկառի գետահովտում: Բնության հուշարձանի հատակի բարձրությունները ծովի մակարդակից առավելագույնը 1078 մետր են, նվազագույնը` 903 մետր։ Այն Կարկառ գետի հոսանքով հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևելք ձգվող մոտ 2315,64 մետր երկարությամբ անտեցեդենտ հովիտ է, որի ձախակողմյան սարավանդի վրա տեղաբաշխված է Շուշի քաղաքը, իսկ աջակողմյան սարավանդը պատված է մարգագետիններով, թփուտներով և նոսրանտառով: Անհիշելի ժամանակներից ժողովուրդն այս հովտին տվել է «Հոնուտի ձոր» անվանումը: Առանձնակի գեղեցկություն ունի բնության հուշարձանի միջնամասի ձախափնյա հատվածում գտնվող «Զոնտիկներ» կոչվող ջրվեժը, որն առաջացել է ժայռի տակից բխող աղբյուրի գահավիժումից: Արտաքինից այն նման է անձրևանոցի։

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում է գտնվում գեղատեսիլ «Կաչաղակաբերդ» ժայռագագաթ բնության հուշարձանը։ Այն անձեռակերտ ժայռագագաթ-ամրոց է, որը հյուսիսային, արևելյան և արևմտյան կողմերից շրջափակված է մինչև 50-60 մետր բարձրությամբ կատարյալ զառիթափ լանջերով, իսկ հարավային կողմից` 8-10 մետր բարձրությամբ համեմատաբար թեք լանջով, որտեղից հնարավոր է մուտք գործել դեպի ժայռագագաթ: Ժայռագագաթ-ամրոցին հասնելու համար պետք է մագլցելով բարձրանալ ժայռերը:

Իր գերիշխող դիրքի և բացարձակ անմատչելիության շնորհիվ բերդում կարելի էր պաշտպանվել նույնիսկ առանց զենքի։ Ժողովուրդն ամրոցը կոչել է «Կաչաղակաբերդ», քանի որ միայն կաչաղակներին էր այն հասանելի։ Տեղի բնակիչները բերդը նաև անվանում են «Սղսղան», քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սահել են լեռան գագաթից՝ չհասնելով պարսպին։

Մեծառանք գավառի իշխանները 8-րդ դարում ամրացրել են «Կաչաղակաբերդը»` բնակչությանն արաբական զավթիչներից փրկելու համար պարզապես քարերով և կրաշաղախով ամրացնելով հարավային մասում գտնվող մուտքը: Հետագայում այն դարձել է Խաչենի մելիքության ապաստարանը, որտեղ պատերազմների ժամանակ թաքնվում էր խաղաղ բնակչությունը:

Իրենց ինքնատիպությամբ և բնական արժեքով չեն զիջում Արցախի մյուս բնության հուշարձանները՝ «Ալ լճեր» հրաբուխ, «Քառման» հրաբուխ (Քարմանբեքթափե լեռ), «Մեծ ալ» լիճ, «Վերին ջերմաջուր» հանքային աղբյուր, «Փոքր ջերմաջուր» հանքային աղբյուր, «Ծալք լիճ» և այլն:

Հարուստ բնաշխարհը, էնդեմիկ կենդանական և բուսական տեսակները պահպանելու համար Արցախի Հանրապետությունում ձևավորված են նաև արգելոցներ-արգելավայրեր, ընդունվել են դրանց կառավարման և պահպանման գործընթացը կանոնակարգող օրենքներ: Ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով անտեր են մնացել ինչպես արցախյան հազարամյա պատմություն ունեցող բնակավայրերը, պատմամշակութային կոթողները, այնպես էլ հարուստ բնությունը: Վերջինիս ոչնչացումն Ադրբեջանը սկսել էր դեռ 44-օրյա պատերազմի օրերին, երբ միջազգային կոնվենցիաներով արգելված ֆոսֆորային զենքով հրկիզում էր Արցախի գեղատեսիլ անտառները, իսկ այսօր արդեն կացնով անտառը հատող ադրբեջանցու ձեռքը բռնող չկա: Վերջինս անարգել ոչնչացնում է ոչ միայն Արցախի հայկական պատմամշակութային արժեքները, այլև ազգեր և սահմաններ չճանաչող կենդանական և բուսական աշխարհը, իսկ համաշխարհային բնապահպանական ուժեղ համայնքը համառորեն չտեսնելու է տալիս հիմնահարցը և լռում է:


Արմեն Վարդանյան

«Դրօշակ» թիվ 2, 2024թ.