կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-15 11:31
Առանց Կատեգորիա

Ինչպես լցնել նոր վակուումը

Ինչպես լցնել նոր վակուումը

Հայաստանի ներքաղաքական դաշտում հերթական վակուումային իրավիճակն է ստեղծվել: Բայց դա չի արտահայտվում քաղաքական ուժերի մարգինալացմամբ: Մի քանի առանցքային ուժեր շարունակում են ակտիվություն դրսևորել: Սակայն հանրային լայն շրջանակների համար այնքան էլ պարզ չէ, թե այդ ակտիվությունն ինչին է ուղղված, որն է այդ ուժերի մոտիվացիան, որովհետև հասարակությունն այսօր ականատեսն է ոչ թե ծրագրավորված, այլ տարերային, իրավիճակներից բխած և կոնկրետ իրավիճակներով պայմանավորված գործողությունների: ՀԱԿ-ի ձախողումը ակնհայտ դարձրեց, որ հասարակության կոնսոլիդացման նախկին մեթոդները սպառել են իրենց: Արտահերթ ընտրությունների կամ իշխանության հրաժարականի պարզունակ պահանջներն այլևս չեն ընկալվում որպես խորքային փոփոխության հասնելու միջոցներ:

 

Ակնհայտ է, որ խնդիր է դրված ոչ թե իշխանական համակարգը, կառավարման մեթոդոլոգիան ու մշակույթը փոխել, այլ պարզապես եղած ռեսուրսներին տիրապետելու համար ընթացող մրցավազք է սկսվել: Ու քանի որ դրանում բացակայում է հանրային շահը, հասարակությունն այդ մրցավազքին մասնակցել, գործիք դառնալ չի ցանկանում: Դա նշանակում է, որ Հայաստանում ոչ այնքան իշխանության, որքան կենսակերպի, քաղաքական առաջնայնությունների փոփոխության հասարակական պահանջարկ կա: Հասարակության համար այսօր ոչ մի նշանակություն չունի` այդ փոփոխությունները գործող իշխանությո՞ւնը կանի, ընդդիմադիր ուժե՞րը, թե՞ միջազգային հանրությունը: Նրա համար կարևորն արդյունքն է, որն առայժմ չի ստանում: Անցած երեք տարիներին քաղաքական պրոցեսների տրամաբանությունն արհեստականորեն դրվել է իշխանափոխությունը որպես նպատակ ամրագրելու մտայնության վրա:

 

Այս կոնցեպտից ցանկացած շեղում մատուցվել է իբրև դավաճանություն հենց հասարակական շահի նկատմամբ: Այս հարցում իշխանությունն ավելի կոնսերվատիվ է, որովհետև մի կողմից ցանկացած փոփոխություն ընկալում է որպես իր դեմ ուղղված նախաձեռնություն, իսկ մյուս կողմից՝ առաջնորդվում է այն համոզմամբ, որ լավագույն լուծումները միայն ինքը կարող է ապահովել: Ու քանի որ դա ուղեկցվում է քաղաքական փոքրամասնությանը արհամարհելու վարքագծով, հասկանալի է դառնում, որ նրանից լուրջ սպասելիքներ չեն կարող լինել: Իշխանությունից ընդամենը կարելի է նման փոփոխությունների կամ դրան գնալու պատրաստակամության իմիտացիա սպասել: Խորհրդարանական ընտրություններին ընդամենը վեց ամիս է մնացել, և քանի որ նախընտրական արշավը դե ֆակտո արդեն մեկնարկել է, իշխանական ուժերին այլ ճանապարհ չի մնում, քան հենց այդպիսի իմիտացիաներին ապավինելը: Այսօր արդեն կոալիցիայի երեք կուսակցությունները հայտարարում են, թե ընտրություններին գնալու են առանձին ցուցակներով:

 

Դա նշանակում է` ընտրվել է ներքին մրցակցության մարտավարությունը, որը բացարձակապես չի տեղավորվում կոալիցիոն հուշագրի այն հիմնադրույթի շրջանակներում, ըստ որի, իրենք չեն կարող ԱԺ-ում տեղեր ավելացնել միմյանց հաշվին: Սա ինքնին մրցակցության իմիտացիա է: Տարբեր ցուցակներով գնալը նշանակում է տարբեր ծրագրերի առաջադրում հանրությանը, վերջինիս մոտ նոր սպասելիքների ձևավորում և դրանք արդարացնող ուժերի կերպարի ստեղծում: Այս տեխնոլոգիան կիրառվեց 2007թ.: Արդյունքում՝ անցած 4-5 տարիներին ոչինչ չփոխվեց: Ուրեմն նոր տիպի և բովանդակության շարժման գեներատորը գտնվում է ընդդիմադիր դաշտում: Քաղաքական ուժերի մեծ մասը, որոնք իրենց համարում են ընդդիմություն, որդեգրել են դիտորդի կարգավիճակ և իրենց գործողությունները բխեցնում են իշխանության քայլերից ու կայացրած քաղաքական որոշումներից: Նրանց վրա նախաձեռնություն ցուցաբերելու իմաստով հույս դնել չի կարելի: ՀԱԿ-ը չի հրաժարվում իրեն սպառած մեխանիզմներից, այսինքն՝ գործնականում այդ գեներատորը դառնալու ներուժ չունի:

 

Մյուս ուժերը` ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», գտնվում են ներքին դիմակայության հարթությունում, թեև նրանցից յուրաքանչյուրն արդեն հավաստել է, որ կարող է նման նախաձեռնություն ցուցաբերել: ՀՅԴ-ն առաջ քաշեց հասարակական կոնսոլիդացիայի ապահովման նոր բանաձև` համախմբում ընտրական իրավունքի իրացման և դրա պաշտպանության գաղափարի շուրջ: Այն կենսունակ է, որովհետև ենթադրում է ծրագրավորված գործողություններ և քաղաքական ու հասարակական համագործակցության ավելի ազատ ու կուսակցական կապանքներից զերծ միջավայր է ապահովում:

 

«Ժառանգությունը» տարեսկզբին ևս նոր բովանդակությամբ շարժման մոդել ստեղծելու փորձ արեց: Րաֆֆի Հովհաննիսյանի նստացույց-հացադուլով սկսած ապակենտրոն հասարակական շարժում ստեղծելու նախաձեռնությունը, որը ենթադրում էր քաղաքացու` որպես հիմնական գործող անձի նախաձեռնողական մասնակցություն, շարունակություն չունեցավ, որովհետև զուրկ էր քաղաքական կոնկրետ օրակարգից: Ընդդիմադիր դաշտում ընդամենը այս երկու այլընտրանքային մոտեցումներն են եղել: Բայց անգամ այդքանը բավարար է նոր գործընթացներ սկսելու համար, մանավանդ որ դրանք ունեն ընդհանուր գաղափարական հենք:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ