Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կան վարկածներ, որ անվտանգության կանոնների ոչ ճիշտ կիրառման հետևանքով է եղել դեպքը: Լրագրողների հետ զրույցում ասաց «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տեխնիկայի անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանը՝ անդրադառնալով այսօր բուժկենտրոնի տարածքում հնչած պայթյունին:
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով մահացել է թթվածնի արտադրամասի օպերատորը, իսկ մեկ մարդ վնասվածքներով նույն հիվանդանոցում է:
Գյոզալյանը տեղեկացրեց նաև, որ հավանաբար օպերատորը չի կարդացել՝ ինչ է գրված բալոնի վրա, որ դրանից հետո կատարեր իր աշխատանքները: «Բալոնը չի պատկանում հիվանդանոցին: Մենք չունենք նմանատիպ բալոններ: Տեսեք՝ մեր թթվածնի բալոնները նախատեսված են 150 մթնոլորտային ճնշման համար, իսկ պայթած բալոնը 45 ճնշման համար է նախատեսված եղել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: Այսինքն՝ մեր օպերատորը մեր բալոնից երևի փորձել է թթվածին լցնել այլ բալոնի մեջ»,-ասաց նա:
Գյոզալյանը նշեց, որ իրենց համար հանելուկ է մնացել, թե ինչ էր անելու իրենց աշխատակիցն այդ բալոնը: «Գուցե իր համար էր բերել, որ լիցքավորեր ու տաներ: Նման՝ փոքր բալոնները պետք են լինում շտապ դեպքերում, օրինակ՝ շտապօգնության մեքենաներով կարճ ճանապարհ տեղափոխման համար թթվածնի բարձիկներ են լինում: Չգիտեմ՝ իր ինչին է պետք եղել այդ թթվածնի բալոնը»,- ասաց նա:
ԲԿ-ի տեխնիկայի անվտանգության պատասխանատուն հավելեց նաև, որ տարին մեկ անգամ տեխնիկական փորձաքննություն է իրականացվում, որն, ի դեպ, մեկ ամիս առաջ է եղել, և արձանագրվել է, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է: Գյոզալյանի խոսքով՝ թթվածնի իրենց կայանն այս պահին աշխատում է: «Եթե թթվածնի մեր կայանի հետ ինչ-որ խնդիր լիներ, այն չէր գործի այժմ, բայց դրա աշխատանքները չեն դադարեցվել»,- հայտնեց նա:
Հարցին, թե այդքան հե՞շտ է հիվանդանոցի տարածքից թթվածին «տեղափոխելը», Գյոզալյանը պատասխանեց, որ՝ ոչ, սակայն օպերատորը կարողացել է մուտք գործել այդ տարածք և փորձել նման քայլի դիմել, քանի որ տեղի աշխատակից է եղել:
Խոսելով վնասվածք ստացած աշխատակցի մասին՝ նա ասաց, որ նրա վիճակը միջին ծանրության է՝ ձեռքն է վնասվել, երկու-երեք կար են դրել: