կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-23 20:03
Առանց Կատեգորիա

ԼՂ մադրիդյան գործընթացը տապալվել է. ով է լցնելու բանակցությունների վակուումը

ԼՂ մադրիդյան գործընթացը տապալվել է. ով է լցնելու բանակցությունների վակուումը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ընթացող ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստի ընթացքում, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, մադրիդյան սկզբունքների մասին խոսել է անցյալ ժամանակով:

 

«Մադրիդյան առաջարկները շատ իրատեսական էին, մենք կարող էինք քայլ առ քայլ առաջ գնալ: Այդ հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերում, այն խոր հակամարտություն է: Անհրաժեշտ է վերացնել պատերազմի հետևանքները, այնուհետև մարդկանց միջև վստահության մթնոլորտ ստեղծել: Հայկական զորքերը, սակայն, պետք է դուրս բերվեն ԼՂ հարակից 7 շրջանններից. դրանց առկայությունը գրգռիչ գործոն է»,- ասել է Մամեդյարովը:

 

Դրա նախօրեին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ըստ էության, ևս ակնարկել է, որ փաստացի մադրիդյան գործընթաց՝ որպես այդպիսին, այլևս տեղի չի ունենում: Քոչարյանը դա հիմնավորեց այն փաստով, որ Ադրբեջանի ներկայիս գործողություններն ամբողջովին ուղղված են հենց մադրիդյան սկզբունքների դեմ, քանի որ այն փոխզիջումների բանաձևից արդեն շատ հրապարակային անցում է կատարել «կա'մ ամեն ինչ, կա'մ ոչինչ» սկզբունքին:

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ոչ միայն կրկին մտել է փակուղի, այլև, ըստ էության, գործ ունենք բացարձակապես նոր, առայժմ քաոտիկ իրավիճակի հետ: Կողմերը դադարեցնում են, մադրիդյան սկզբունքներին հավատարմության երդումներ տալով, միջազգային հանրության և միջնորդների հետ մուկնուկատու խաղալու մարտավարությունը և անցնում ինքնին մադրիդյան գործընթացի տապալման պատասխանատվությունն իրար վրա բարդելու գործին:

 

Բաքուն այլևս չի թաքցնում, որ մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցելու որևէ տրամադրվածություն չունի: Մամեդյարովի՝ դրանց մասին անցյալ ժամանակով խոսելու լույսի ներքո արդեն հասկանալի է դառնում, որ համանախագահների` Բաքու այցելության օրերին այդ երկրի նախագահի և արտգործնախարարի, այսինքն՝ երկու առանցքային բանակցողների մեկնումը Վիետնամ և Չինաստան, ակնհայտ դեմարշ էր համանախագահների դեմ և ուղղակի փախուստ բանակցային գործընթացում մերժողական կեցվածք ընդունելու մասին բացատրություններ տալուց:

 

Համանախագահներն, իհարկե, իրենց համատեղ հայտարարության տոնայնությամբ, ինչպես նաև ԼՂՀ-ի սուբյեկտայնությունը որոշակիորեն ճանաչող անուղղակի ակնարկներով դրսևորեցին իրենց դժգոհությունը Բաքվի նման պահվածքի կապակցությամբ: Բայց նրանք տեղի ունեցածին այդպես էլ որևէ կոնկրետ որակում չտվեցին: Սա, թերևս, վերջին կաթիլն էր հայկական կողմի համար` բացելու խաղաքարտերը և, ըստ էության, հայտարարելու մադրիդյան ներկայիս գործընթացով առաջ շարժվելուց արդեն հրաժարվելու մտադրության մասին:

 

Բաքվի նման ցինիկությունը կուլ տալու փաստն ինքնին վերջնականապես համոզեց Երևանին, որ միջնորդները բանակցային ճգնաժամը հաղթահարելու համար ձգտում են ոչ թե ադեկվատության դաշտ բերել Ադրբեջանին, այլ նրան սիրաշահել` Հայաստանից միակողմանի զիջումներ պահանջելու միջոցով: Բացարձակապես պատահական չէ, որ ՀՀ փոխարտգործնախարարը հեռուստաէկրանից հայտարարում է, որ, չնայած Ուորլիքն ավելին չէր արել, քան մադրիդյան սկզբունքների 6 տարրերը մեկ անգամ ևս հրապարակելը, սակայն դրա ներքո, ըստ էության, Հայաստանի առջև տարածքներ զիջելու պահանջ է դրվում:

 

«Մադրիդյան փաստաթղթում, ինչպես նաև լ’Ակվիլայի հայտարարությունում, «օկուպացված տարածք» արտահայտություն չկա: Այնտեղ խոսվում է զգուշավոր` «վերահսկողության տակ գտնվող տարածքներ»: ... Միակողմանի անվանելը «օկուպացված» այն տարածքները, որոնք գտնվում են Ղարաբաղի վերահսկողության տակ, իսկ Ղարաբաղի տարածքները մոռացության մատնելը հավասարակշռված մոտեցում չէ»,- ասում է Շավարշ Քոչարյանը:

 

Այս հայտարարությունն ուղղակի հակասում է «Քարնեգի» հիմնադրամում Ուորլիքի ունեցած հայտնի ելույթի մեկնաբանմանն ուղղված` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շատ ավելի մեղմ, ըստ էության, հարմարվողական հայտարարություններին: Եվ դա ակնհայտորեն ցույց է տալիս այս կարճ ժամանակահատվածում Երևանի դիրքորոշման և վարքագծի մեջ տեղի ունեցած կտրուկ փոփոխությունը: Թերևս բանակցություններում ստեղծված այս նոր իրավիճակն էլ դրդում է ԱՄՆ-ին շարունակելու կողմերին մադրիդյան սկզբունքների շրջանակում պահելու գիծը:

 

Այսօր արդեն պարզորոշ տեսանելի է, որ դա հուսահատ ջանք է` վերջացած գործընթացը վերականգնելու նպատակով: ԱՄՆ-ն այլընտրանք, ըստ էության, չունի, որովհետև ի հայտ է եկել առկա ստատուս քվոյի պահպանման հիմքերի փոփոխության իրական վտանգ: Մինչ այս մադրիդյան գործընթացի իմիտացիան առկա հավասարակշռությունը պահպանելու միակ երաշխիքն էր, և հիմա հենց այդ երաշխիքն է փաստացի չեզոքացվում:

 

Նոր պատերազմի վերսկսումն այս փուլում բացարձակապես ձեռնտու չէ միջնորդներից և ոչ մեկին, իսկ բանակցային գործընթացի իմիտացիայից դուրս պատերազմից խուսափելու միակ միջոցը կարող է համարվել Ռուսաստանի ակտիվ, այսպես կոչված, խաղաղարար առաքելությունը, ինչը հավասարազոր է Հարավային Կովկասը նրա կողմից ուղղակի կամ անուղղակի էքսպանսիայի ենթարկելուն:

 

Հայկական կողմը, փորձելով որոշակիորեն դուրս գալ հարմարվողի այն կարգավիճակից, որում իրեն սովոր էին տեսնել միջնորդները, ակնհայտորեն ցույց է տալիս, որ պատրաստ է տեղավորվել ռուսական նման սցենարների համատեքստում, և դրանից խուսափելու միակ միջոցը մնում է ճնշումների վեկտորները Երևանից դեպի Բաքու տեղափոխելը:

 

Այս իմաստով ԱՄՆ-ը և ԵՄ-ն կանգնած են շուտափույթ կերպով նոր առաջարկություններով ներկայիս գործընթացը փրկելու կամ բոլորովին նոր սկզբունքներով նոր գործընթաց սկսելու հրամայականի առջև: Առաջացել է վակուում, որն անպայման ինչ-որ կերպ, ինչ-որ բանով պետք է լցվի: Ողջ հարցն այն է, թե ուժային բևեռներից որն է իր վրա վերցնելու լցնելու այդ խնդիրը և ինչով ու ինչպես է լցնելու:

 

Գևորգ Դարբինյան