Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ադրբեջանն ավելի շատ հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն այլ ձևաչափեր տեղափոխելով, քան շարունակելու բանակցություններն այն ձևաչափում, որն առկա է տարիներ շարունակ»,- երեկ Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը զբաղված է ոչ թե հակամարտության կարգավորմամբ, այլ արտաքին հարթակներում աղմուկ բարձրացնելով։ «Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողի նախորդ գործունեությունը որևէ արդյունավետություն չի ունեցել հարցի կարգավորման առաջընթացի տեսակետից»,- ասել է Նալբանդյանը:
Անդրադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ)՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերջին զեկույցին և նրանում հնչած գնահատականներին՝ Նալբանդյանը նշել է, որ այն փորձագիտական կարծիք է, և հաճախ է պատահում, երբ փորձագիտական կարծիքները չեն համապատասխանում իրականությանը։ Նալբանդյանը նշել է, որ մինչև փորձագիտական կարծիք հնչեցնելը պետք է հաշվի առնել ստեղծված իրավիճակը և չփորձել կրակին յուղ լցնել։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առկա է Մինսկի խմբի համանախագահների տեսակետը, և պետք է դա հաշվի առնել։ Նույնիսկ փորձագիտական գնահատականներ ներկայացնելիս պետք է լսել ԵԱՀԿ Մինսկի խմբի կարծիքը»,- ասել է Նալբանդյանը։
Նշենք, որ ՄՃԽ-ի հերթական զեկույցում, որը վերնագրված է «Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը», մի շարք կողմնակալ եզրահանգումներ կան, օրինակ՝ «Ադրբեջանի 16 տոկոսն օկուպացված է», «կողմերը ներկա փուլում չպետք է պահանջեն, որ կոնկրետ ժամանակացույց կամ հատուկ արդյունք կանխորոշվի, կամ բացառվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշող հանրաքվեի հարցում», «Ադրբեջանն ընդունել է Մինսկի խմբի առաջարկները, Հայաստանը` ոչ» և այլն: