|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նոյեմբերի 8-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջետային հանձնաժողովի նիստի ժամանակ բանավեճ է տեղի ունեցել՝ կապված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հոկտեմբերի 29-ին ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետ: Ելույթ է ունեցել նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավոր Կարո Փայլանը:
ԹԱՄԺ փոխնախագահ Սյուրեյյա Սադի Բիլգիչը քննադատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ նշելով, որ «Թուրքիան չի ընկրկի ԱՄՆ ճնշումների առաջ»: Իսկ հայ պատգամավոր Փայլանն արձագանքել է. «Եկեք այս հարցը այս հողերի վրա լուծենք, արդարությունն այստեղ գտնենք»:
«1915 թ. առաջ Իսպարտայից մինչև Մերսին, Ադանային՝ Տրապիզոն, Դիարբեքիրից՝ Բուրսա հայեր են ապրել: Թուրքիայում ամեն 5-ից մեկը հայ էր: Այժմ, եթե բոլոր հայերին հավաքենք, մեկ մարզադաշտ էլ չենք կարողանա լցնել: Ամեն դեպքում մենք չենք փոշիացել: Թուրքիան 104 տարի է՝ ժխտողական քաղաքականություն է վարում, և այս հարցի լուծումը պետք է լինի ոչ թե այլ երկրի, այլ Թուրքիայի խորհրդարանը: Այս պահին Լոս Անջելեսում ապրող սեբաստացին, Փարիզում ապրող էրզրումցին, Լոնդոնում ապրող դիարբեքիրցին արդարության են սպասում, բոլորս ենք սպասում: Այստեղ, այս խորհրդարանում պետք է գտնենք»,- ասել է նա:
Փայլանը նաև անդրադարձել է Էրդողանի՝ «պատմությունը թողեք պատմաբաններին և հնագետներին» արտահայտությանը: «Տեսեք, ես 15 տարի ապրել եմ տատիկիս հետ. որբ էր մնացել, միայնակ: Ընտանիքը քշվել է, նա՝ թողնվել հարևաններին: Մուսուլման հարևանին է վստահվել՝ Հուսեյնին, նրա շնորհիվ ողջ է մնացել: Չնայած «հային թաքցնողը կախաղան կհանվի իր տան դիմաց» զգուշացմանը՝ Հուսեյնը պաշտպանել է տատիկիս: Ասում ենք՝ տատիկիս պատմությունը թողնենք պատմաբաններին: Տատիս պատմությունն ինչպե՞ս կարող է պատմաբանների թեման լինել: Միակ բանը, որ պետք է անենք, 104 տարվա ժխտման քաղաքականությանը վերջ տալն է, այս հողերի հարցն այս հողեր տեղափոխելը»,- նշել է նա: