Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինեսա Մուրադյանն իր 4 ամսական բալիկի հետ էր մասնակցում մայրության նպաստները կրճատելու դեմ` մայրերի ու հղի կանանց ակցիային` կառավարության շենքի առջեւ:
«Փորձում ենք մեր անվտահությունը հայտնել այս նախագծին, որովհետև անարդար նախագիծ է: Մենք դեմ չենք, որ չաշխատող կանանց պետությունը աջակցի, բայց ոչ` աշխատող կանանց հաշվին: Դրա համար կառավարությունում կարող են ավելի լավ գաղափարներ մտածել` չաշխատող կանանց աջակցելու համար»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց երկու երեխաների մայրը:
Ավելի վաղ մենք անդրադարձել էինք կառավարության կողմից առաջարկվող «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագծին:
Բողոքի ակցիայի մասնակից Մարիա Նիկողոսյանը սպասում է երկրորդ երեխային: Եթե կառավարության կողմից առաջարկված օրենքն ուժի մեջ մտնի, բավական մեծ ֆինանսական կորուստներ է ունենալու, քանի որ աշխատում է ՏՏ ոլորտում, ստանում է բավական բարձր աշխատավարձ:
«Ես ներկայիս գործատուի մոտ աշխատում եմ տասը տարի և ստանալու եմ աշխատավարձի 80 տոկոսի չափով: Սակայն նախատեսվող վերին շեմն էլ ինձ վրա կազդի: Եվ կախված նրանից, թե ինչպես կհաշվարկեն, միգուցե իմ աշխատավարձի 50 տոկոսը ստանամ»:,- ասաց Մ. Նիկողոսյանը:
Համաձայն այդ նախագծի` սահմանվելու է նպաստի չափի վերին շեմ, այսինքն` տվյալ դեպքում, անկախ կնոջ աշխատավարձի չափից, և թե որքան կարող է կազմել նպաստի ընդհանուր գումարը, կինը առաջին և երկրորդ երեխայի դեպքում չի կարող ավելին ստանալ, քան միջին նվազագույն աշխատավարձի 7-ապատիկն է:
Բողոքին մասնակցողները նամակ հանձնեցին կառավարության աշխատակից Ալեքսանդր Ղազարյանին: Նամակում նշված են օրինագծի կապակցությամբ նրանց մտահոգություններն ու առաջարկությունները: Ա. Ղազարյանը հայտնեց, որ նամակին կառավարությունը կպատասխանի առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում: Նամակը հանձնող կինն ասաց. «Կսպասենք»:
- Բայց ոչ այստեղ, չէ՞,- հարցրեց Ա. Ղազարյանը:
-Անհրաժեշտության դեպքում` նաև այստեղ,- պատասխանեց կինը:
Նշենք, որ բողոքի ակցիային կանայք եկել էին պաստառներով, որոնց վրա գրված էին հետևյալ կոչերը` «Մի' գողացեք մայրիկիս փողերը», «Մի' խլեք իմ պամպերսի գումարները», «Իմ երեխան պետք է Հայաստանում ծնվի», «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջեն լցնել» և այլն: