կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-29 15:07
Քաղաքական

Հայհոյելու համար կալա՞նք. բանավեճ

Հայհոյելու համար կալա՞նք. բանավեճ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը այսօր ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ բանավեճում հույս հայտնեց, որ երկխոսությունը շարունակվելու է, եւ ստեղծված խոչընդոտն արհեստածին է: «Այն առիթը, որն այսօր օգտագործվում է` առկախելու համար այդ երկխոսությունը, շինծու է, որովհետեւ այն հարցը, որը չի վերաբերում երկրի քաղաքական կյանքին, չի կարող հիմք հանդիսանալ` խանգարելու երկխոսության ընթացքը»,- նշեց նա` հավելելով, որ եթե ՀԱԿ ակտիվիստը կատարել է արարք, ըստ որում` հանցավոր արարք, որը չի ժխտվում հենց իր` ՀԱԿ-ի կողմից, ապա նա պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքով սահմանված կարգով:

«Եթե այսօր իշխանությունը հանկարծ ընդառաջի եւ որեւէ պատասխանատվության միջոց չկիրառի այն անձանց նկատմամբ, որոնք ոստիկանի վրա ձեռք են բարձրացնում եւ նսեմացնում, ապա սա շատ վտանգավոր նախադեպ կստեղծի մեր երկրում, ինչը չի կարելի թույլ տալ»,- կարծիք հայտնեց Ռ. Պետրոսյանը` շեշտելով, որ իրավական հարցերը պետք է լուծեն իրավապահ մարմինները, եւ որեւէ աշխատանքային խումբ չի կարող փոխարինել դատական մարմիններին:

«Ցանկացած հայհոյողի համար խափանման միջոցը ընտրված է կալա՞նք»,- նրան հակադարձեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` օրինակ բերելով օրերս լրագրողներից մեկի հետ կատարված միջադեպը, ում պաշտոնյաներից մեկը հեռախոսով հայհոյել էր:

«Դա հեռախոսով էր»,- հումորով նետեց Ռաֆիկ Պետրոսյանը:

«Դուք ասում եք` մայր է հայհոյել: Մեր խոսելու ընթացքում Հայաստանում երեւի մի երկու հարյուր հոգի հայհոյում է, հիմա նրանց խափանման միջոցը որպես կալա՞նք է ընտրված»,- շարունակեց Իգիթյանը` նշելով, որ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ այդ երկխոսության հետեւանքով կարող է պաշտոն կորցնեն, եւ օգտագործում են բոլոր հանգամանքները` երկխոսությունը տապալելու համար:

Այնուհետեւ, դիմելով ՀՀԿ անդամին, ասաց. «Ինձ թվում է, որ պարոն Պետրոսյանի ուժն ու դիրքը այսօր բավարար է` մի զանգով այդ հարցը լուծելու»:

«Կզանգե՞ք, պարոն Պետրոսյան»,- հարցրին լրագրողները:

«Ես արդեն իմ կարծիքն ասացի»,- պատասխանեց Ռաֆիկ Պետրոսյանը եւ հավելեց, որ երբ նայում էր ժապավենը, իր մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ այդ տղան անհավասարակշիռ անձնավորություն է. «Ինձ մոտ նման կասկած առաջացավ, եւ հնարավոր է, որ այս ընթացքում փորձաքննություն նշանակվի, ստուգվի նրա հոգեկան հավասարակշռության վիճակը եւ պարզվի, որ նա սահմանափակ մեղսունակ է եւ նրա նկատմամբ նշանակվի հարկադիր բուժում: Այսօր պահանջելով նրան ազատել,`մենք, փաստորեն, հասարակության համար վտանգավոր մի մարդու ենք բաց թողնում»: