կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-22 14:50
Իրավական

Պատգամավորի կողմից ճանապարհային ոստիկանին հայհոյելու համար ոստիկանությունը դատարան չի դիմի

Պատգամավորի կողմից ճանապարհային ոստիկանին հայհոյելու համար ոստիկանությունը դատարան չի դիմի

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանի կողմից ճանապարհային ոստիկանին հայհոյելու համար ոստիկանությունը չի դիմի դատարան: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:

Նա հայտնեց, որ ոստիկանությունը ծանոթ է տեսանյութին, ուսումնասիրել է այն, սակայն դատարան չի դիմելու, քանի որ պատգամավորի արտահայտությունները հրապարակային բնույթ չեն կրել: «Անձի պատիվն ու արժանապատվությունը,  գործարար կամ բարի համբավը ենթակա են պաշտպանության միայն այլ անձի կողմից  հրապարակայնորեն արված` վիրավորանք պարունակող արտահայտունների դեպքերում, դա է պատճառը, որ ոստիկանությունը չի կարող օգտվել քաղաքացական օրենսգրքի համապատասխան հոդվածից»,- yerkir.am-ին հայտնեց Ահարոնյանը՝ նշելով, որ հակառակ դեպքում, բնականաբար, կդիմեին:

Հիշեցնենք, որ պատգամավորի խայտառակ պահվածքի մասին վկայող տեսանյութը բուռն քննարկման առարկա էր դարձել: Գաղտնի կերպով արված տեսանյութում լսվում է, թե ինչպես է պատգամավորը հայհոյում ճանապարհային ոստիկանին իր մեքենան կանգնեցնելու ու իրեն տուգանելու համար և հրաժարվում ստորագրել ճանապարհատրանսպորտային խախտման վերաբերյալ ակտը:

Անդրադառնալով այն տեղեկությանը, թե միջադեպից հետո ոստիկանապետն անձամբ է «զրուցել» պատգամավորի հետ, Ահարոնյանն ասաց, որ դա անհեթեթություն է:

Ի դեպ, արդեն մի քանի օր է` փորձում ենք կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ պատգամավորից, սակայն նա, պատասխանելով հեռախոսազանգերին, հայտարարում է` պատգամավորը տեղում չէ: