կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-10 12:45
Իրավական

Հանգուցյալ մորը հայհոյելու համար սպանել է ընկերոջը, այրել դին ու նետել Նորամարգի ջրատարը

Հանգուցյալ մորը հայհոյելու համար սպանել է ընկերոջը, այրել դին ու նետել Նորամարգի ջրատարը

Արարատի մարզում այս տարվա փետրվարին տեղի ունեցած դաժան սպանության գործը դատարանում է: Yerkir.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն գտնվում է Արարատի և Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթում:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մայիս Խրշոյանը, ալկոհոլի ազդեցության տակ, 2016 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Դիտակ գյուղի իր բնակարանում մտերիմներ՝ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչներ Արսեն Մարտիրոսյանի և Գարիկ Արզունյանի հետ ճաշել է, որի ընթացքում վերջինս բջջային հեռախոսով խոսելիս սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, իսկ Մ.Խրշոյանը դիտողություն է արել՝ պահանջելով իր բնակարանում հայհոյանքներ չհնչեցնել: Սակայն, րոպեներ անց Գ.Արզունյանը կրկին հեռախոսով խոսելու ընթացքում հայհոյանք է հնչեցրել, ինչի համար էլ Մ.Խրշոյանի կողմից կրկին արժանացել է դիտողության:

Գարիկ Արզունյանը, ցավագին ընդունելով արված դիտողությունը, սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Մայիս Խրշոյանի հանգուցյալ մոր հասցեին, որից հետո վերջինս, չհանդուրժելով իր հանգուցյալ մոր հասցեին հնչեցրած հայհոյանքը, վեր կենալով տեղից, սենյակում դրված վառարանի կողքից վերցրել է մեկ հատ վառելափայտ և Գարիկ Արզունյանին սպանելու դիտավորությամբ՝ այդ վառելափայտով երեք անգամ հարվածել է վերջինիս գլխին՝ ապօրինաբար Գարիկ Արզունյանին զրկելով կյանքից: Դրանից հետո հանցագործության հետքերը՝ Գարիկ Արզունյանի դին, թաքցնելու նպատակով Արսեն Մարտիրոսյանի հետ վերջինիս վարած, սակայն Մ.Խրշոյանին պատկանող «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայով Գարիկ Արզունյանի դին տեղափոխել են Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող դաշտեր, որտեղ էլ Մ.Խրշոյանը այրել է Գ.Արզունյանի դին և նետել հարակից ջրատարը:

Մայիս Խրշոյանը մեղադրվում է մեղավորությամբ հանրության համար վտանգավոր արարք կատարելու մեջ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Նշենք, որ Խրշոյանն նախկինում դատապարտվել է ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 1-ին մասի՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով: Նա ներկայումս գտնվում է կալանքի տակ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում:

Արսեն Մարտիրոսյանն էլ մեղադրվում է ընկերոջ կողմից կատարված սպանությունը պարտակելու մեջ: Նա նույնպես գտնվում է կալանքի տակ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 334-րդ հոդվածի 1-ին մասի՝ հանցագործությունը պարտակելը: