կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-19 17:21
Իրավական

Հայրիկյանի դեմ մահափորձի համար մեղադրվողին` 1-3 ամսյա կալա՞նք

Հայրիկյանի դեմ մահափորձի  համար մեղադրվողին` 1-3 ամսյա կալա՞նք

Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով այսօրվա նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը:

 

Ըստ նրա` իր ամբաստանյալի դեմ միակ ապացույցը ինքնախոստովանական ցուցմունքն է: «Նախաքննական մարմինը գործի հիմքում դրել է միայն մեղադրանքը ծանրացնող հանգամանքները, սակայն իմ պաշտպանյալը չի ցանկացել սպանել Պարույր Հայրիկյանին, այլ ընդամենը մտադրվել է վախեցնել նրան: Սամվելին բացարձակապես չի հետաքրքրել Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը, նա ընդհանրապես քաղաքականությունից գլուխ չի հանում»,- ասաց նա և հավելեց, որ իր պաշտպանյալը նպատակ չի ունեցել դադարեցնել Հայրիկյանի քաղաքական գործունեությունը և նման պատվեր ևս չի ստացել:

 

Հայրիկյանն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ իրեն սպանողը սլավոնական արտաքինով, 1մ 75 սմ հասակով, 35 տարեկան երիտասարդ է եղել: «Բայց Խաչատուր Պողոսյանը երևի ամբողջ կյանքում երազել է այդ բոյն ունենալ»,- անդրադառնալով մահափորձն իրականացնելու մեջ մեղադրվող Պողոսյանին` հայտարարեց պաշտպանը:

 

 

Բացի այդ, ըստ նրա, ամբաստանյալները ցածր խավի մարդիկ են, որոնց համար իրենց ֆինանական խնդիրները, մասնավորապես` Սեդրակյանի կողմից նրանց գումարը չվճարելը կարող էր պատճառ դառնալ, որպեսզի նրանք այդ քայլին դիմեին:

 

 

Պաշտպանի խոսքով` նախաքննական մարմինն ապացուցված է համարել, որ Հայրիկյանին հասցվել է միջին ծանրության վնաս, և դատարանից խնդրեց վերաորակել մեղադրանքը ՀՀ ՔՕ 113-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է 1-3 ամսյա կալանք:

 

 

Ամբաստանյալ Հարությունյանը, ով ևս պետք է հանդես գար  պաշտպանական ճառով, նշեց, որ չի պատրաստվել, սակայն մի փոքր երկմտելուց հետո  հայտարարեց, թե համամիտ է իր պաշտպանի ճառի հետ և չի ցանկանում առանձին ճառով հանդես գալ:

 

 

Նշենք, որ դատախազը Սամվել Հարությունյանի համար 13 տարվա ազատազրկում էր պահանջել: