կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-02 01:03
Տնտեսական

Մայիսին թանկացումներ քիչ են եղել

Մայիսին թանկացումներ քիչ են եղել

Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է մայիս ամսվա գնաճի ցուցանիշը: 2011թ. մայիսին, ապրիլի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում գրեթե կրկնվել է նախորդ ամսվա գների ընդհանուր մակարդակը, սակայն կա գնաճային միտում. արձանագրվել է 0.04%  գնաճ:

Պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ,  ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով, իսկ  ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% նվազում: 

2011թ. մայիսին, 2010թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 5%, այդ թվում` պարենային ապրանքներինը` 7.3%,  ոչ պարենային ապրանքներինը՝ 2.0%, ծառայությունների սակագներինը՝ 2.3%:

2011թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.98%,  ինչը  0.06  տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (1.04):

Հանրապետության` դիտարկվող 6  քաղաքներում 2011թ. մայիսին, ապրիլի համեմատ, գրանցվել է սպառողական գների 0.1-0.7% գնաճ, 3-ում` 0.5-0.1%  գնանկում,  իսկ 2-ում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1%-ով: