կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-18 14:47
Քաղաքական

Դուք ի՞նչ եք ուզում անել այս ժողովրդի հետ. կառավարության՝ թանկացումներ ենթադրող օրինագիծը զայրացրել է պատգամավորներին

Դուք ի՞նչ եք ուզում անել այս ժողովրդի հետ. կառավարության՝ թանկացումներ ենթադրող օրինագիծը զայրացրել է պատգամավորներին

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու հարցը, որով նախատեսվում է վերանայել ակցիզավորման ենթակա որոշ ապրանքների դրույքաչափերը, մասնավորապես` օղու, ծխախոտի, դիզվառելիքի համար:

Հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարց ուներ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Սարսափով սպասում էի, որ կառավարության աշխատակազմի հանճարեղ ղեկավար-նախարարի մտքի թռիչքը կփորձեք իրականություն դարձնել՝ վառելիքի հարկման ձևով: Ամբողջ աշխարհում նկատվում է գների նվազում, նաև` արհեստական իջեցման տենդենց՝ նավթի գնի, իսկ ՀՀ-ում դրանք անարդարացիորեն պահպանվում են, կամ էլ գները բարձրանում են: Հասկանո՞ւմ եք, որ դա անհիմն է: Խնդրում եմ, լրացուցիչ հիմնավորումներ բերեք, բացի ԵՏՄ անդամ լինելու հանգամանքից»,- ասաց պատգամավորը:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ դիզվառելիքի դրույքաչափերը մասով 10 տարի է՝ չեն փոխվում: Ինչ վերաբերում է գներին, ապա նա նշեց, որ 2014թ. վերջին և 2015թ. սկզբին վառելիքի գներն անկում էին ապրում, և այդ անկման պարագայում առաջարկվող դրույքաչափերը չեն կարող էական ազդեցություն ունենալ:

Տիգրան Ուրիխանյանը արձագանքեց, որ դրույքաչափերի վերանայումը կհանգեցնի հիշյալ ապրանքների թանկացմանը, և փոխանակ կառավարությունն այնպիսի քաղաքականություն վարի, որ գներն իջնեն, ընդհակառակը` նպաստում է գների բարձրացմանը: «Կառավարության հանճարեղ մտքի արգասիքն է սա»,- ասաց պատգամավորը:

Ավելի ուշ Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում ասաց, որ, ապավինելով ողջ հավասարակշռվածությանը, այդուհանդերձ, պետք է մեծ ջանքեր գործադրի, որ խոսքը էմոցիոնալ չլինի: «Ուզում եմ հասկանալ` դուք ի՞նչ եք ուզում այս ժողովրդից, ի՞նչ եք ուզում անել այս ժողովրդի հետ: Դուք կարո՞ղ է` մոլորված եք, էլեկտրաէներգիա, գազի գին, հիմա` վառելիքի գին... Դուք օր ու գիշեր մտածում եք, թե ինչից են մարդիկ օգտվում ճարահատյալ, որ էլի թանկացնեք ու քամե՞ք ժողովրդին»: