կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-06 13:21
Տնտեսական

Թանկացումներ` մինչեւ 40 տոկոս

Թանկացումներ` մինչեւ 40 տոկոս

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է սպառողական գների ցուցանիշը 2015 թվականի հունվարի համար: Այսպես` 2015-ի հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 2.5 տոկոս:

 

Ամենամեծ գնաճը տեղի է ունեցել պարենային ապրանքների շուկայում: Այստեղ մեկ ամսվա ընթացքում ապրանքների գները բարձրացել են 4.5 տոկոսով: Մեկ ամսում ձուն թանկացել է 4, շաքարավազը` 3, մսամթերքը` 2 տոկոսով: Մրգի գներն այս տարվա հունվարին, նախորդ ամսվա համեմատ, բարձրացել են 8.5 տոկոսով: Մրգի առանձին տեսակներ թանկացել են մինչև 40 տոկոսով: Այսպես` Ամանորից հետո տանձը թանկացել է 22 տոկոսով, մանդարինը` 35.5 տոկոսով, արքայանարինջը` 40 տոկոսով:

 

Բանջարեղենի շուկան ընդհանրապես ռեկորդակիր է` թանկացման առումով: Բանջարեղենի գները մեկ ամսում բարձրացել են 14 տոկոսով: Բանջարեղենի առանձին տեսակներ, սակայն, թանկացել են մինչև 37 տոկոսով: Կաղամբը թանկացել է 21, վարունգը` 35, խառը կանաչին` 30 տոկոսով:

 

Իսկ ահա տարեկան կտրվածքով` 2015-ի հունվարին, 2014-ի հունվարի համեմատ, սպառողական ապրանքների գները Հայաստանում բարձրացել են 4.3 տոկոսով: