կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-14 12:36
Հասարակություն

40 տոկոս բերքի անկում ունենք, շուկայում արդեն թանկացումներ կան. Հրաչ Բերբերյան

40 տոկոս բերքի անկում ունենք, շուկայում արդեն թանկացումներ կան. Հրաչ Բերբերյան

Ծանր տարի ենք ունենալու, քանի որ կարկուտի հետևանքով զգալի վնասներ ենք ունեցել. լրագրողներին հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա հավաստմամբ` հակակարկտային կայանքներն արդեն վաղուց են ապացուցել իրենց անարդյունավետությունը, և ցանցային համակարգի անցնելու ժամանակն է:

«15 տա՞րի էր պետք` հասկանալու, որ ներկայիս համակարգն ուղղակի էֆեկտիվ չէ: Ո՞վ է այդ սարքերը փորձարկել, ո՞վ է այն արտադրում, պարզ չէ, և ստացվում է` մեկը մտել է կառավարության գրպանը ու հակակարկտային կայանքների համար հսկայական փողեր է տանում: Ամեն տարի էլ կարկուտը խփում է, ամեն տարի վնասներ ենք ունենում, այդ որտե՞ղ և ինչպե՞ս են այդ կայանքներն աշխատում, որ ոչ ոք չի տեսնում»,- ասաց Բերբերյանը:

Նրա խոսքով` պետք է նոր համակարգ ներդնել` կա'մ հրթիռայինը, որի արդյունավետությունը 70 տոկոս է, կա'մ էլ ցանցայինը, ինչի մասին խոսում էր նաև Սերժ Սարգսյանը, և որի արդյունավետությունը 100 տոկոս է:

Խոսելով այս տարվա բերքի անկման մասին` Բերբերյանը նշեց, որ շուրջ 40 տոկոս բերքի անկում ունենք, ինչի հետ կապված էլ թանկացումներ կլինեն: «Շուկայում արդեն իսկ կան թանկացումներ, օրինակ` կարտոֆիլն այս տարի երկու անգամ ավելի թանկ է, քան նախորդ տարի: Ծիրանն ու խաղողն են վատ վիճակում: Կտեսնեք, թե քանի այգի է պակասելու այս տարի, քանի որ գյուղացին դրանց արդյունավետությունը չի տեսնում. նախորդ տարվա խաղողի մթերումից ընկերությունները դեռ պարտքեր ունեն գյուղացուն տալու»,- ասաց նա` հավելելով, թե զարմանալի է` ինչու գյուղնախարարությունը դատի չի տալիս այդ ընկերություններին: «Երբեմն ասում են` իրավասություն չունեն, բայց ոչ թե իրավասության խնդիր է, այլ ցանկության»,- նշեց Բերբերյանը:

Նրա հավաստմամբ` նախորդ տարի գյուղացու ոչ մի խնդիր չի լուծվել, իսկ այս տարի ավելի վատ վիճակ է լինելու` դիզվառելիքի խնդիր ունենք, 5 անգամ պակաս պարարտանյութ է մտել հանրապետություն: