Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց եւ պատասխան»-ին հյուրընկալված ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ այսօր ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի Դաշնակցությանը և «Ժառանգությանը» ուղղված կոչին` «չայրել կամուրջները ՀԱԿ-ի հետ»: Վահան Հովհաննիսյանն ասաց, որ այդ գաղափարը ՀԱԿ-ի գլխում պիտի ծագեր այն ժամանակ, երբ անխնա ծաղրում էին Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա քաղաքացիական ակցիան:
«Ինչ ցեխ ասես՝ շպրտեցին, ինչ վարկաբեկիչ արտահայտություն ասես՝ ՀԱԿ-ը Րաֆֆիի նկատմամբ արեց և հիմա ասում են՝ մի այրեք կամուրջները: Այ երբ Դավիթ Շահնազարյանը ԿԳԲ-ի պետ էր, իսկ ես էդ շենքի ներքևի նկուղում, բանտում նստած էի, թող այդ ժամանակ մտածեր կամուրջների մասին»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:
Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ՀԱԿ-ն ու իշխանությունը, չնայած փոխադարձ հնչող հայհոյանքներին եւ մեղադրանքներին, ավելի շատ ընդհանրություններ ունեն եւ ավելի ցայտուն երեւում են թե Ղարաբաղյան, թե հայ-թուրքական հարաբերություններում:
Այնուհանդերձ, ՀՅԴ խմբակցության ղեկավարը չբացառեց ՀԱԿ-ի հետ համագործակցությունն ասելով. «Ոչ մի իրեն հարգող քաղաքական ուժ չի կարող համագործակցել լիդերի շուրջ, լիդերի անուն ազգանվան շուրջ: Համագործակցել ծրագրի, կոնկրետ անելիքի, արդար ընտրության, խնդրեմ»:
Անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիայի միանալու հավանականությանը, Վահան Հովհաննիսյանը դա չբացառեց, սակայն նշեց, որ դա կլինի միայն այն դեպքում, երբ Դաշնակցությունը խորհրդարանում պատշաճ տեղ կունենա եւ «կկարողանա բանալու դեր ունենալ»: