Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ու Իրանի միջև սահմանին՝ Արաքս գետի վրա, կառուցվող «Խոդաաֆարին» և «Ղիզ Ղալեսի» էլեկտրակայաններն ու ամբարտակները դարձել են ադրբեջանցի ընդդիմադիրների «աչքի փուշը»։ Նրանք պնդում են, որ դրանք կամուրջներ են, որոնցով Իրանը կաջակցի Արցախին։ Իշխանության ներկայացուցիչը՝ Ադրբեջանի նախագահի պալատի միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի տնօրեն Ֆարիդ Շաֆիևն օրերս փորձեց ցրել կասկածը՝ հայտարարելով, որ Բաքուն ու Թեհրանը 2016թ-ին են դրանք կառուցելու համաձայնագիրն ստորագրել և զարմանալի է, որ միայն տարիներ անց է այն գրավել ընդդիմադիրների ուշադրությունը, որոնք, ըստ նրա, դիմում են սադրանքների:
«Իրանը ձևական առումով պայմանագիր է կնքել Ադրբեջանի Հանրապետության հետ, բայց բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանի Հանրապետությունը, փառք Աստծո, այդ տարածքների վրա որևէ վերահսկողություն չունի՝ այդ տարածքները Արցախի Հանրապետության անքակտելի մասն են։ Դա հասկանում են Իրանում էլ, ուղղակի երբեք չեն բարձրաձայնի պաշտոնական մակարդակով։ Եվ թեև պայմանագիրը կնքված է Ադրբեջանի և Իրանի միջև, բայց իրականում աշխատանքները տարվում են Իրանի և Արցախի միջև և այդ աշխատանքները չափազանց կարևոր են երկու կողմերի համար էլ արցախաիրանական սահմանի հատվածում։ Հայաստան-Իրան սահմանը շատ ավելի երկար է, քան Հայաստանի Հանրապետություն-Իրան հատվածը, կա նաև Արցախի Հանրապետություն-Իրան սահմանային հատված»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Ադրբեջանական կողմը ավելի շատ դժգոհ է Արաքս գետի այդ հատվածում կառուցվող հենց կամուրջներից, քանի որ, ըստ իրանագետի, պարզ է, որ անկախ հռետորաբանությունից ու դիվանագիտական փաթեթավորումից, Իրանի Իսլամական Հանրապետությունը, ըստ էության, հաղորդակցության ուղիներ է ստեղծում Արցախի Հանրապետության հետ։
«Այդ կամուրջները կարող են օգտագործվել ցանկացած նպատակով հաղորդակցություն ապահովելու համար Արցախի և Իրանի միջև։ Իրականության մեջ, այդ ամբողջ համալիրը օգտագործվելու է համատեղ։ Իրանցիներն են ամբողջ գործընթացը իրականացնում՝ սեփական ֆինանսավորմամբ, բայց օգտագործումը լինելու է համատեղ»,-վստահեցրեց Վարդան Ոսկանյանը։
Ծրագիրը վաղուց կա, բայց խոսակցություններն ակտիվացել են բոլորովին վերջերս, որովհետև իրանցիները Արաքս գետի երկու ափերը միացնող լայնածավալ աշխատանքներ են տանում այդտեղ՝ իսկ այդ ափերից մեկը Իրանն է, մյուսը՝ Արցախը։ Ադրբեջանը, սա իմանալով, համալիրի կառուցման պայմանագիրն Իրանի հետ ստորագրել է, քանի որ, ըստ արևելագետի, Ադրբեջանի համար դա ինչ-որ մխիթարություն էր, որ իրեն հաշվի են առնում գոնե պայմանագիր կնքելիս․ «Բայց գիտենք, որ գործնականում, Ադրբեջանը զրոյական ազդեցություն ունի այդ տարածաշրջանում և դա կարծում եմ, հավերժ է»։
Իրանի հետ բարեկամությունն ամրապնդելու հայտարարություններով Ադրբեջանի ներկայիս բռնապետական համակարգը փորձում է իրեն թիկունքից ապահովագրել՝ Իրանի ներսում ամրագրելով ադրբեջանական դիրքերը՝ պարզաբանեց Վարդան Ոսկանյանը։
«Այդ գործընթացը տեղի է ունենում երկու ուղղությամբ՝ մեկը Ատրպատականի ուղղությամբ է, որտեղ Ադրբեջանի Հանրապետությունը ձգտում է ունենալ ազդեցություն՝ հաշվի առնելով, որ տարածքը թյուրքախոս է և երկրորդը՝ փորձերն են որոշակի կապեր հաստատել Իրանի ներսում տարբեր ազդեցություն ունեցող շիաական խմբերի կամ անհատների հետ։ Սա արվում է՝ հաշվի առնելով Ադրբեջանի շահերը տարածաշրջանում, իսկ այդ շահերը թելադրում են, որպեսզի Բաքվի բռնապետական համակարգը նախ՝ փորձի շրջափակել Հայաստանը հարավից»,-մեկնաբանեց Վարդան Ոսկանյանը։
Բանն այն է, որ Իրանը այն միակ և բացառիկ պետությունն է, որը ցամաքային սահման ունի թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության, թե՛ Ադրբեջանի Հանրապետության հետ, ընդ որում երկու մասով՝ նաև Նախիջևանի ինքնավար Հանրապետության հատվածում։ Այս իմաստով՝ առաջին մտայնությունը, բնականաբար, Հայաստանի շրջափակումը ամբողջացնելն է։ Եվ երկրորդը՝ հնարավոր արկածախնդրությունների պարագայում ապահովել Իրանի առնվազն չեզոքությունը, որովհետև Արցախյան պատերազմի փորձը ցույց տվեց, որ կարևոր էր, որոշ դեպքերում նույնիսկ վճռորոշ՝ իրանական օգնությունը հայկական կողմին։
«Հետևաբար, կարծեք թե, Ադրբեջանը փորձում է խուսափել Աբուլֆազ Էլչիբեյի սխալներից, երբ Ադրբեջանի այդ ղեկավարը Իրանի տարածքների հանդեպ հավակնություներ էր դրսևորում այսպես կոչված՝ «Հարավային Ադրբեջանի» հարցում»,-նշեց Վարդան Ոսկանյանը։
Բացի այս, ըստ իրանագետի, Ադրբեջանի ակտիվանալու համար որոշակի ֆոն ստեղծել է Հայաստանի կողմից Իսրայելում դեսպանատուն բացելու հանգամանքը և ադրբեջանական կողմը որոշել է օգտվել այդ «պատեհ» իրավիճակից։
Ադրբեջանը, սակայն, չի կարող հաջողության հասնել, քանի որ, ըստ Վարդան Ոսկանյանի, Իրանի շահերը թելադրում են Հարավային Կովկասի տարածաշրջանում ունենալ հնարավորինս ուժեղ Հայաստան, որը կունենա բարեկամական հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
«Իրանի շահերից չի բխում նաև արցախաիրանական սահմանի կրճատումը հօգուտ Ադրբեջանի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանական կողմը թեև այժմ անկհայտ թաքցնում է իր հավակնությունները և սադրանքները Իրանի հյուսիս-արևմուտքի նկատմամբ՝ հենց նույն Ատրպատականի, բայց, բնական է, իրանցիները հասկանում են, որ օրակարգ չի փոխվել»,-նշեց նա։
Ադրբեջանի Հանրապետությունը, թեև պաշտոնական մակարդակում այդ մասին չի բարձրաձայնում, բայց, ըստ իրանագետի, տիրապետող է այն թեզը, որը հնչեցվել է դեռևս Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո՝ Արցախյան պատերազմի տարիներին․ այն ժամանակ հայտարարվեց, թե Ղարաբաղի ճանապարհը անցնում է Թավրիզով՝ այսինքն, իրենց եզրաբանությամբ՝ «Հարավային Ադրբեջանով»՝ Թավրիզը Ատրպատականի սիրտն է և կենտրոնը։
«Այսինքն, որևէ բան չի փոխվել, ցանկացած դեպքում երբ Ադրբեջանը ունակ լինի գնալ հակաիրանական գործողությունների, նա կգնա այդ գործողություններին և Արցախի անվտանգության խնդիրը որքանով կարևոր է մեզ համար, նույնքանով և կարևոր է իրանցիների համար։ Իրանցիները պաշտոնական մակարդակում այս մասին կարող է և չհայտարարեն, բայց նրանք հստակորեն հասկանում են առկա իրականությունը»,-ասաց Վարդան Ոսկանյանը։
Այսուհանդերձ, կա մի կարևոր առանձնահատկություն՝ Իրանի ներսում տարբեր խմբեր կան, որոնք, նաև լրատվամիջոցներով, որոշակի ազդեցություն են թողնում Իրանի քաղաքականության վրա։
«Հետևաբար, դադարել աշխատել Իրանի հետ այն մտայնությունից ելնելով, թե իրանցիները, սեփական շահերից ելնելով, կանեն ամեն ինչ Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու համար, կոպտագույն սխալ կլինի։ Մենք պետք է հնարավորինս ուժեղացնենք Հայաստանի դիրքերը Իրանի ներսում տարբեր շրջանակների հետ աշխատելով՝ խոսքը թե՛ Ատրպատականում մեր աշխատանքների մասին է, դրա լավագույն օրինակը կլիներ Հայաստանի Հանրապետության հյուպատոսության բացումը Թավրիզում, թե՛ նաև զլմ-ների տիրույթում, որովհետև զլմ-ներն են, որ ձևավորում են հասարակական պահանջ և հանրային կարծիք Իրանի ներսում»,-անհրաժեշտ համարեց Վարդան Ոսկանյանը։
Իրանը խոշոր պետություն է և միամտություն կլիներ կարծել, որ բավարարվելու է կողմերից որևէ մեկի հետ հարաբերություններով և դադարելու է հարաբերությունները մյուսի հետ՝ նշեց նա։ Կողմեր ասելով՝ նա նկատի ունի նաև Արցախի Հանրապետությունը, քանի որ Իրանը որոշակի կապեր և հարաբերություններ ունի նաև Արցախի հետ։ Ադրբեջանի հետ Իրանը ձգտում է գոնե չփչացնել հարաբերությունները, քանի որ այն դիտարկվում է որպես պոտենցիալ պլացդարմ՝ ԱՄՆ-ի հակաիրանական գործողությունների համար։
Կա ևս մեկ հանգամանք՝ Ադրբեջանի ներսում շիաական համայնքի առկայությունը, որն ակնհայտ համակրանքով է վերաբերվում Իրանի Իսլամական Հանրապետությանը․ «Եվ իրանցիների վերջնանպատակը Ադրբեջանի Հանրապետության ներսում հասնելն է այնպիսի իշխանության, որը կլինի իրանամետ կամ կառաջնորդվի շիաական իսլամի սկզբունքներով»։
Ադրբեջանի ներսում շիաական այս համայքնը, սակայն, ենթարկվում է հալածանքների Ադրբեջանի կենտրոնական իշխանության կողմից։
«Ցանկացած շիաական առաջնորդ, որը հանդես է գալիս իրանամետության դիրքերից, հալածվում է։ Իսկ բնական է, որ շիա հավատացյալները պետք է լինեն իրանամետ, որովհետև Իրանը շիաական իսլամի համաշխարհային կենտրոնն է, շիաական իսլամի սիրտն է և այս իմաստով բնական է, որ Ադրբեջանի շիաները նույնպես կարող են ունենալ համակրալից վերաբերմունք Իրանի հանդեպ, հատկապես եթե հաշվի առնենք, որ Իրանը շիաական պետություն է՝ ոչ միայն բնակչությունն է շիադավան, այլև պետությունն ինքը շիաական իսլամի առանցքի շուրջ է ձևավորվել դեռևս Սեֆյանների շրջանից»,-ասաց Վարդան Ոսկանյանը։
Բայց կա նաև այլ գործընթաց՝ ադրբեջանցիները հաճախ փորձում են շիաական խաղաթուղթը օգտագործել Իրանի ներսում համակիրներ ձեռք բերելու համար՝ Իրանի քաղաքական և հատկապես հոգևոր կյանքում որոշակի ազդեցություն ունեցող շիաական խմբավորումներն օգտագործելով հակահայ նպատակներով։
«Որոշ դեպքերում դա հաջողվում է, որոշ դեպքերում՝ անհաջողության է մատնվում, բայց, կարծում եմ, դրա պատասխանը պետք է լինի Հայաստանի գերակտիվ քաղաքականությունը Իրանում։ Իրանում մենք ունենք գրեթե անսահմանափակ հնարավորություններ գործելու, եթե ցանկանանք գործել և գործենք խելամտորեն, որովհետև Իրանի դեմ գործող ցանկացած պետություն և ցանկացած խմբավորում, ըստ էության, խաթարում է նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը։ Մի պահ պատկերացրեք՝ անկայունության մատնված Իրան, մի պահ պատկերացրեք՝ Աստված մի արասցե, Իրանում անջատողական գործընթացներ և կտեսնեք, որ Հայաստանը և Արցախը կարող են հայտնվել թյուրքական ծովում»,-ասաց Վարդան Ոսկանյանը։
Ադրբեջանն այժմ զորավարժություններ է անցկացնում, որոնք, ըստ էության, ուժի ցուցադրում են հայկական կողմին։ Վարդան Ոսկանյանը, սակայն, զգուշացնում է՝ բացառված չէ, որ արկածախնդրության պարագայում, հենց Ադրբեջանը ունենա ներքին խոշոր խնդիրներ կապված թե՛ տեղաբնիկ ժողովուրդների, թե՛ Ադրբեջանում շիաական շարժումների հետ։
«Որովհետև Ադրբեջանի ցանկացած պոտենցիալ անհաջողություն բերելու է այդ երկրում ներքաղաքական խոշորագույն ճգնաժամի և ճգնաժամի արդյունքում, չի բացառվում, որ այդ պետությունը ուղղակիորեն դադարի գոյություն ունենալուց իր ներկա կարգավիճակով և սահմաններով»,-ասաց Վարդան Ոսկանյանը։
Հայ-իրանական հարաբերությունների պատմությունը, ըստ նրա, ցույց է տալիս, որ մեր երկու ժողովուրդներն ունեն խոշոր ներուժ՝ հաղթահարելու ի հայտ եկող ցանկացած խոչընդոտ։
Վարդան Ոսկանյանը բնական է համարում, որ յուրաքանչյուր պետություն պետք է առաջնորդվի իր շահերով։ Բայց նաև նշում է, որ, փառք Աստծո, մեր երկու պետությունների շահերը հիմնական հարցերում համընկնում են․ մի կողմից մենք ենք ապահովում Իրանի անվտանգությունը հյուսիսային հատվածում՝ խլելով Ադրբեջանից որոշակի ռեսուրսներ, որոնք կարող էին օգտագործվել Իրանի դեմ, մյուս կողմից էլ, բնականաբար, Իրանն է ապահովում մեր անվտանգության կարևոր բաղադրիչը՝ հաշվի առնելով հենց միայն այն հանգամանքը, որ այդ պետությունը հայ ժողովրդի համար ամենադժնդակ և ամենածանր պայմաններում հայ-իրանական սահմանը պահել է բաց և այդ սահմանով տրամադրել է նաև օժանդակություն։
Աննա Բալյան