կարևոր
679 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-30 23:58
Աշխարհ

Լիտվան պատրաստվում է ականապատել Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին գտնվող կամուրջները

Լիտվան պատրաստվում է ականապատել Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին գտնվող կամուրջները

Բելառուսի և Ռուսաստանի հետ Լիտվայի սահմանին գտնվող կամուրջները նախապատրաստում են պայթանյութերի տեղադրման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Լիտվայի ազգային ռադիոհեռուստատեսությունը (LRT)՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը։

Ըստ հրապարակման՝ զինվորականները LRT-ին հայտնել են, որ աշխատանքները Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանների երկայնքով Բալթյան պաշտպանական գծի ստեղծման նախապատրաստական ​​աշխատանքների մի մասն են։ Պլանի շրջանակներում կամուրջները հանդերձվում են «պայթանյութերի տեղադրման համար ինժեներական կոնստրուկցիաներով։

«Կամուրջներն ու դեպի դրանք տանող ճանապարհներն ընտրվում են՝ հաշվի առնելով բնական խոչընդոտների դիրքը և դրանց ռազմավարական նշանակությունը Լիտվայի պաշտպանական համակարգի համար», – նշել են ՊՆ-ում։

Լիտվայի պաշտպանության նախարարությունը նաև լրատվական հարթակին հայտնել է, որ սահմանի մերձակայքում արդեն իսկ ստեղծվել են հակատանկային և այլ արգելափակոցների պահման մի քանի տասնյակ կետեր, ինչպես նաև աշխատանքներ են տարվում ոռոգման միջոցների խորացման ուղղությամբ, «որոնք կծառայեն որպես խրամուղիներ և լրացուցիչ հակատանկային արգելափակոցներ»։

Ինչպես հաղորդվում է, 2024 թ. հունվարի 19-ին Բալթյան երկրների պաշտպանության նախարարների կոմիտեի նիստում համաձայնություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի երկրների արևելյան սահմանի երկայնքով Բալթյան պաշտպանական գիծ ստեղծելու շուրջ: