կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-30 17:48
Իրավական

Ցանցապատե՞լ երևանյան «մահաբեր» կամուրջները, թե՞ ոչ

Ցանցապատե՞լ երևանյան «մահաբեր» կամուրջները, թե՞ ոչ

2015-ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինքնասպանության և ինքնասպանության փորձերի թվի աննախադեպ աճ է գրանցվել: Մասնավորապես` 2015-ի առաջին եռամսյակում գրանցվել է ինքնասպանության 54 դեպք, ինչը 10 դեպքով ավելի է` 2014-ի առաջին եռամսյակի համեմատ: Բացի այդ` այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է ինքնասպանության փորձերի 143 դեպք, ինչը 23-ով ավելի է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նշենք, որ 2012-2014 թթ. մեր երկրում ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերի դեպքերը նվազման միտում են ունեցել:

 

Հաշվի առնելով մեր երկրի ժողովրդագրական վիճակն ու օրեցօր ահագնացող արտագաղթը` այս հարցը գերխնդիր կարող է դառնալ:

 

Նշենք, որ մեր երկրում ինքնասպանության դեպքերի գերակշիռ մասը կատարվում է կախվելու միջոցով, ապա` սուր կտրող-ծակող գործիքներով կատարված դեպքերը, բարձրությունից ցած նետվելու, դեղամիջոցների և այլ միջոցներով կատարվածները:

 

Բարձրությունից ցած նետվելու դեպքերից առանձնացնենք կամուրջներից ցած նետվելու կամ ցած նետվելու փորձ կատարելու դեպքերը: Ուշադրություն հրավիրենք մայրաքաղաքի երեք առավել բարձր կամուրջներին: Վերջին տարիներին արձանագրված ինքնասպանության դեպքերը վկայում են, որ քաղաքացիներն այդ նպատակի համար ընտրում են Կիևյան (Հրազդանի մեծ կամուրջ), որոշ դեպքերում՝ Դավթաշենի, երբեմն էլ՝ Հաղթանակի կամուրջը: Համեմատության համար նշենք, որ Հաղթանակի կամուրջն ամենացածրն է՝ 34 մ: Դա է երևի պատճառը, որ քաղաքացիներն իրենց ծայրահեղ քայլը կատարում են համեմատաբար ավելի բարձր՝ 60.5 մ բարձրություն ունեցող Կիևյան կամրջից: Սակայն միանշանակ ասել, որ մարդիկ փորձում են ցած նետվել ավելի բարձր կամրջից, այնքան էլ ճիշտ չէ: Եթե այդպես լիներ, ապա կամրջից  ցած նետվելու հիմնական դեպքերը կգրանցվեին մայրաքաղաքի ամենաբարձրը համարվող  Դավթաշենի (92մ) կամրջից: Գուցե այստեղ էլ մարդկանց վանում է կամրջի սարսափազդու բարձրությո՞ւնը:

 

Ինչևիցե, ինքնասպանության դիմողներից ոչ բոլորն են նախապես հաշվարկում իրենց քայլերը: Ուսումնասիրությունները վկայում են, որ մարդիկ այդ քայլին դիմում են հոգեկան խիստ հուզմունքի պայմաններում, իսկ նման պարագայում նրանց հետ պահելը ոչ բոլոր դեպքերում է հաջողվում:

 

Արդեն կես տարի է, ինչ քաղաքի կարևորագույն նշանակության օբյեկտների, մանավորապես` վերը նշված կամուրջների վրա պարեկություն են իրականացնում ոստիկանական վերակարգեր: Թե քանի՞ մարդու ինքնասպանություն են կանխել ոստիկանները մինչ օրս նշված տարածքներում իրականացրած ծառայության ընթացքում, հայտնի չէ: Սակայն, այն, որ նրանք ընդամենը զբաղվում են տարածքի պահպանությամբ, փաստ է, այսինքն` նրանք պարտավոր չեն և չեն էլ կարող գուշակել, որ, օրինակ, կամրջից երևացող համայնապատկերով հիացող աղջնակը մտադի՞ր է ցած նետվել, թե՞ ոչ: Լավագույն դեպքում նրանք կարող են մոտենալ և հարցուփորձ անել քաղաքացուն՝ կասկածելի բաներ նկատելու դեպքում: 

 

Երեկ ԱԺ-ում պատգամավոր Իշխան Խաչատրյանը, մտահոգություն հայտնելով ինքնասպանությունների թվի քանակական աճի կապակցությամբ, կառավարությանն առաջարկեց քայլեր ձեռնարկել Երևանի երեք` առավել վտանգավոր կամուրջները ցանցապատելու ուղղությամբ: Ըստ պատգամավորի՝ ցանցապատումը մեծ դեր կարող է խաղալ նաև բնապահպանական առումով:

 

Նշենք, որ կամուրջները ցանցապատելու փորձն ընդունված է Եվրոպայում, ԱՄՆ-ում: Այս փորձը ցանկանում են ներդնել նաև Ռուսաստանում: Մոսկվայի կենտրոնի 37 հետիոտնային եւ ճանապարհային կամուրջներին, որոնցով օրական անցնում է ավելի քան 10 հազար մարդ, գրեթե բացակայում են պահակախմբերը: Կամուրջներից ցած նետվելու միջոցով մահացությունների թիվը նվազեցնելու համար փորձագետները երկրի կառավարությանն առաջարկել էին Մոսկվայի բարձր կամուրջների հետնոտային ճանապարհի ողջ երկայնքով տեղադրել 2-2,5 մ լայնությամբ ցանցեր: Այսինքն` եթե քաղաքացին մտադրություն ունենա ցած նետվելու կամրջից՝ կընկնի ցանցի վրա (տես՝  լուսանկարում):

 

Կա ցանցապատման այլ եղանակ ևս: Օրինակ՝ Նյու Յորքի Մանհեթենի կամրջի ցանցը ոչ թե ներքևում է տեղադրված, այլ ճաղավանդակի շարունակությունն է (տես՝ լուսանկարում):

 

Սակայն որևէ երաշխիք չկա, որ ցանցապատումը միանշանակ խոչընդոտ կարող է հանդիսանալ  ցած նետվելու փորձ կատարողների համար: Մի խնդիր ևս: Ցանցապատումը հնարավոր է աղավաղի կամուրջների ճարտարապետական տեսքը, թեև տեսականորեն հեռվից դժվար թե նկատվի: Այսինքն` եթե առաջարկն ընդունվի նաև մեր երկրում, այն, անկասկած, ճարտարապետների դժգոհության տեղիք կտա:

 

Ինչևէ, քանի դեռ պատկան մարմիններն այս խնդրի վերաբերյալ  առայժմ սահմանափակվում են առաջարկներով ու քննարկումներով, վաղ է քննադատությունների մասին խոսելը: Վաղ է նաև հնարավոր արդյունքների մասին հետևություններ անելը, մանավանդ, երբ որևէ հստակ նախագիծ չկա:

 

Սակայն մի բան ակնհայտ է` մարդը, եթե իսկապես ինքնասպանություն գործելու մտադրություն ունենա, կդիմի այդ քայլին՝ ինչ եղանակով էլ, որ լինի, իսկ եթե` ոչ, ապա, հայտնի օրինակով, կպահանջի Շամշյանին կամ Ծառուկյանին, եթե, իհարկե, մինչ այդ նրան փրկության չհասնի Արմեն Երիցյանը:

 

 

 

 

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ