կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-21 18:50
Քաղաքական

Ամենահեշտը կամուրջները քանդելն է. Սպարտակ Ղարաբաղցյանը` Սփյուռքի նախարարության լուծարման մասին

Ամենահեշտը կամուրջները քանդելն է. Սպարտակ Ղարաբաղցյանը` Սփյուռքի նախարարության լուծարման մասին
Ներկայիս 17 նախարարությունների փոխարեն 2019-ին կունենանք 12 նախարարություն. կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում նախարարությունների թիվն էականորեն կրճատվելու է։ Եթե, օրինակ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունները պետք է միավորվեն  կրթության և գիտության նախարարությանը, ապա Սփյուռքի նախարարությունը պետք է լուծարվի:

Yerkir.am-ի հետ զրույցում «Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի» նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը նշեց, որ սփյուռքի, մշակույթի նախարարությունները լուծարելն իրեն մեկ հանգամանք է հիշեցնում` երբ ինչ-որ կազմակերպություն սննկանում է, այն լուծարում են: Ղարաբաղցյանը նկատեց` նախարարությունը խանութ չէ, որ փակեն, մանավանդ` Սփյուռքի նախարարությունը: 
 
«Տարիներ առաջ Սփյուռքի նախարարություն բացելու առաջարկը Դաշնակցությունն է արել, և մենք պատճառաբանել ենք` ինչի համար է պետք Սփյուռքի նախարարությունը: Ցավոք, բացման օրվանից ոչ մի դաշնակցական այդ նախարարությունում չի աշխատել: Այսօր մի շարք խնդիրներ կուտակելով՝  լուծարում են նախարարությունը: Լուծարումը, կարծես, նախապատրաստվեց Սփյուռքի վերջին նախարարի պաշտոնավարմամբ` 7 ամիս անընդհատ քննադատություն, հեգնանք. ասես` նախապատրաստում էին, որ հետո հանրությունն էլ ասեր`մեր ինչին է պետք նախարարությունը: Սակայն Սփյուռքի նախարարությունը բացվեց ոչ թե որպես գերատեսչություն Հայաստանի համար, այլ կոչված էր Հայաստանից դուրս ապրող հայության ճակատագրով հոգացող, այդ ճակատագիրը կրող մարդկանց հարցերը լուծելու համար»,- ասաց Ղարաբաղցյանը: 
 
Նրա խոսքով` մեր օրերում կան երկրներ, որ սփյուռք չունեն, բայց ձգտում են, որ սփյուռքի նախարարություն ունենան, քանի որ այն հեռակա նպատակներ ունի: Իսկ Հայաստանի համար, առավել ևս, Ղարաբաղցյանի հավաստմամբ, Սփյուռքի նախարարությունը մարտավարական նշանակություն ունի: 
 
Ղարաբաղցյանը կարծում է, որ ինչքան էլ արդարացնեն` ասելով, թե Սփյուռքի նախարարության գործառույթները, միևնույն է, կկատարվի, եթե այն արտաքին գործերի նախարարությանը կից կառույց լինի, միևնույն է, Սփյուռքի նախարարության լուծարմամբ՝ նախարարության գործառույթները կրճատվում են: 
 
«Սփյուռքի նկատմամբ մեր վերաբերմունքն էլ է «փոքրանում», մի տեսակ ասես քամահրանքով ես Սփյուռքին մոտենում ու երկրորդական, երրորդական դեր վերագրում նրան: Մենք Սփյուռքի հետ աշխատելու լավ ավանդույթներ ենք ունեցել, և հիմա չէ, որ պետք է հեծանիվ հորինենք: Դեռ Խորհրդային տարիներից Սփյուռքի հետ կապը, ճիշտ է, քաղաքական սյուների վրա էր հենված, բայց հստակ ծրագիր կար մշակված: Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանից հետո մտածում էինք` գոնե կգա մեկը, որն, իրոք, կհասկանա, որ Սփյուռքի հետ աշխատանքն ավելի շատ մարտավարական նշանակություն ունի, բայց, ցավոք, այդպես չեղավ»,-ասաց Ղարաբաղցյանը` հավելելով, որ ինչպես Խորհրդային տարիներին էին Սփյուռքին վերաբերվում` որպես կթու կով, հետագայում այդ նույն հոգեբանությունը ներթափանցեց Սփյուռքի նախարարություն. «Հիմա գուցե այդ կովը ցամաքել է, ու մտածում են` նախարարությունն էլ պետք չի իրենց»: 
 
Ղարաբաղցյանի հավաստմամբ` Սփյուռքը գիտություն է, և եթե այդ գիտությունը չլիներ, Համազգայինը չէր ստեղծվի, քանի որ ամեն ինչ այդ հոգեբանության վրա էր հիմնված. «Սփյուռքը պահելու համար առաջին հերթին ինչ էր պետք` դպրոց. Սփյուռքն իր հիշողությունը պետք է պահեր, իսկ առանց կրթության դա անել հնարավոր չէ: Լումա-լումա հավաքեցին ու առաջին դպրոցները ստեղծեցին Սփյուռքում: Ցեղասպանությունից մորեմերկ փախած ժողովուրդն իր վերջին գումարը տվեց դպրոց բացելու համար: Դու որտե՞ղ կարող ես տեսնել նման ժողովուրդ, որ ոչինչ չխնայելով` սերմացու դպրոց ունենա: Մեզ միշտ թվացել է, թե Սփյուռքն ամեն ինչ ունի, բայց Սփյուռքը շատ շերտեր ունի: Մեր սփյուռքահայ գրողներից մեկն ասում էր` ոչ թե ձեռքներդ տարեք Սփյուռքի գրպանը, այլ ձեռքներդ դրեք Սփյուռքի սրտի վրա ու տեսեք, թե ոնց է այն լացում: Չպետք է Սփյուռքի հետ մեր կապերը թուլացնենք»: 
 
Ղարաբաղցյանի համոզմամբ` Սփյուռքի նախարարության միջոցով, թե առանց դրա` միևնույն է, ի վերջո, Հայաստան-Սփյուռք կապը պահողներ լինելու են: Ըստ նրա` այդ հարաբերությունների համար ամենամեծ կամուրջն ազգային մտածողության մարդիկ են: 
Ղարաբաղցյանի մեկնաբանմամբ` Սփյուռքի նախարարությունը միայն նախարարություն չէ, այլ նաև կամուրջ, իսկ կամուրջ կառուցելն ամենադժվար բանն է. ամենահեշտը  կամուրջները քանդելն է: «Կա՞ն խնդիրներ` պետք է այդ խնդիրները լուծել, ուռճացվա՞ծ են նախարարության հաստիքները` պետք է կրճատումներ լինեն: Իսկ որ նախարարությունների հաստիքներն ուռճացված են, բոլորս էլ գիտենք. այն, որ նախարարները 7-8 խորհրդական են պահում` ծիծաղելի է, այն, որ Սփյուռքից ոչինչ չհասկացողը ճառեր է ասում Սփյուռքի մասին` դա էլ ենք տեսել, սակայն այդ ամենը պետք էր շտկել, ոչ թե նախարարությունը լուծարել: Իսրայելի սփյուռքի նախարարությունն այսօր պետություն է պահում, իսկ մենք գրեթե նույն ճակատագրի ու նույն հարթության վրա կանգնած ժողովուրդներ ենք: Սփյուռքի հաշվին անապատում նրանք պետություն կառուցեցին, իսկ մենք Սփյուռքի հաշվին կարող էինք երկրորդ Հայաստան ունենալ»,-ասաց Ղարաբաղցյանը:
 
Նա մատնանշեց նաև Սփյուռքի դերն Արցախի հարցում` ասելով, որ ակներև է Սփյուռքի  դերակատարությունն Արցախի զարգացման հարցում, և ոչ ոք չի կարող ժխտել այդ փաստը: Ղարաբաղցյանը նշեց` դա նաև գերատեսչությունների աշխատանքի շնորհիվ է եղել: 
«Սփյուռքը բազմաշերտ է` Ռուսաստանում ապրող հայությունը լրիվ ուրիշ հոգեբանություն ունի` այնտեղ գնում են հիմնականում աշխատելու համար և այնտեղ գտնվող հայերը երկիր չեն կորցրել, բայց Հալեպում, Բեյրութում ապրող, այնտեղից ԱՄՆ տեղափոխված հայերը լրիվ ուրիշ հոգեբանություն ունեն: Նրանց սերն առ Հայաստան ավելի մեծ է, նրանք ավելի պատասխանատու են, քան ես և դու` այստեղ ապրելով: Այս կամուրջը քանդելը շատ վտանգավոր է, քանի որ դու գործ ունես ճակատագիր ունեցող հատվածի հետ»,-ասաց Ղարաբաղցյանը:
 
Հարցին, թե Սփյուռքի նախարարության լուծարումն ի՞նչ հնարավոր արձագանքներ կունենա Սփյուռքում` Ղարաբաղցյանը պատասախանեց, որ նման քայլը Սփյուռքում շատ վատ կընդունվի, քանի որ նախարարությունը Սփյուռքի համար պետական օղակ է: Նրա խոսքով` Սփյուռքի նախարարությունը փակելով` այսօր այդ օղակը համարում ես ավելորդ, և ստացվում է՝ Սփյուռքին հեռացնում ես քեզնից: 
 
«Եթե Սփյուռքի նախարարը գիտակ մարդ լիներ ու իր թիմի հետ էլ լավ աշխատեր, այսօր այս իրավիճակը չէր լինի: Մենք գործ ունենք իշխանության եկած հավակնոտ ու մեծամիտ մարդկանց հետ, որոնց համար որևէ խորհուրդ նշանակություն չունի: Եթե որևէ մեկի կարծիքը նրանք լսեին, այսօր այս փաստի առաջ չէինք կանգնի: Որոշումներ կայացնելուց առաջ պետք է յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել, քանի որ իմաստությունը շատ կարևոր է: Նոր Հայաստան այսպես չեն կառուցում` հնի հիմքերի վրա են կառուցում, հինը քանդելուց ոչ մի օգուտ դու չունես: Օդի մեջ, առանց հիշողության երկիր չեն կառուցում: Իսկ մեծամտությունն իրենց հիշողության պակասից է գալիս, քանի որ հիշողություն ունեցող մարդը միշտ զուսպ է լինում ու ճիշտ որոշումներ կայացնում ու եթե անգամ սխալվում է, հետո կարողանում է իր սխալն ուղղել»,- ասաց Ղարաբաղցյանը` հավելելով, որ կուզեր` կառավարության այս որոշումը ճակատագրական սխալ չլինի, քանի որ գործ ունենք ոչ թե նախարարություններում աշխատող պաշտոնյաների, այլ, առաջին հերթին, հայ մարդու հետ: 
 
Ղարաբաղցյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ Սփյուռքի նախարարությունը փակելը գուցե մեծ ողբերգություն չէ, բայց ամոթ է: