Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն` մասնակցելու Ուելսում մեկնարկող` Հյուսիսատլանտյան դաշինքի երկօրյա գագաթաժողովին: Ուելսում այս երկու օրերին փաստացի որոշվելու է, թե ինչ ուղղությամբ է գնալու աշխարհն առաջիկա մի քանի տարիներին, քանի որ օրակարգում` ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների և նրա նկատմամբ քաղաքական նոր ուղենիշների որդեգրման հարցն է: Այս իմաստով` Ուելսի գագաթաժողովին Սերժ Սարգսյանի մասնակցությունն ունի շատ ավելի գործնական և լուրջ քաղաքական նշանակություն:
Դեռևս այս տարվա ապրիլին ՆԱՏՕ-ն հայտարարեց Ռուսաստանի հետ ռազմական և քաղաքացիական ոլորտներում համագործակցության բոլոր ծրագրերը դադարեցնելու մասին, ինչը նշանակում էր, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին արդեն նույնիսկ ձևականորեն չի ընդունում որպես գործընկեր: Նաև այդ հանգամանքով էր պայմանավորված Ռուսաստանին իր գագաթաժողովին մասնակցության հրավեր չուղարկելը, թեև փաստ չէ, որ ուղարկելու դեպքում Մոսկվան այն կընդուներ: Ուելսի գագաթաժողովից առաջ ՆԱՏՕ-ի 28 անդամները Ուկրաինայի ինքնիշխանությանը և ինքնապաշտպանության իրավունքին սատարելու մասին հայտարարություն էին տարածել, և գագաթաժողովը չսկսած` արդեն պարզ էր, թե ինչպիսի շեշտադրումներ են արվելու դրա ընթացքում:
Գագաթաժողովի նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, պաշտոնական այցով մեկնել էր Տալլին` Մերձբալթյան երկրներին վստահեցնելու, որ ՆԱՏՕ-ն իր վրա է վերցնում նրանց լիարժեք անվտանգության ապահովման խնդիրը, ինչպես նաև հստակ ուղերձ հղելու Ռուսաստանին, որ, ի պատասխան նրա կողմից Ուկրաինայում սանձազերծված չհայտարարված պատերազմի, ՆԱՏՕ-ն ամրացնելու է իր դիրքերն Արևելյան Եվրոպայում` հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման ուղղությամբ գործնական քայլեր կատարելով: Եվ չնայած այդ հանգամանքին` թե' Օբամայի այս սպառնալիքները և թե' ինքնին ՆԱՏՕ-ի այս գագաթաժողովի հրավիրումը բուն ուկրաինական ճգնաժամի հաղթահարման առումով որևէ նշանակություն ունենալ չի կարող, և փաստացի ընդամենը Հյուսիսատլանտյան դաշինքի դեմքը փրկելու միջոց է:
Խնդիրն այն է, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է Ուկրաինային ռազմական օժանդակություն ցուցաբերել կամ միջամտել այդ երկրում ծավալված «քաղաքացիական» պատերազմին` Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման մեջ չմտնելու ակնհայտ դիտավորությամբ: Բայց որպեսզի ձեռքերն Ուկրաինայից լվանալու այս ակտը սխալ չընկալվի Դաշինքի անդամ կամ նրա աջակցությունը փնտրող երկների հասարակությունների կողմից, փորձում է ցուցադրել, որ շարունակում է մնալ եվրոպական տարածաշրջանի անվտանգության ապահովման հիմնական և գործնականում միակ երաշխավորը: Իսկ դրա համար անհրաժեշտ է տպավորություն ստեղծել, թե Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում` ընդհուպ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար, ինչն իրականում որևէ հիմնավորում չունի:
Եվ չնայած դրան` Ուելսի գագաթաժողովը բոլոր դեպքերում ամրագրելու է ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները դեպի առճակատման նոր մակարդակ տեղափոխելու փաստը, ինչն ինքնին արդեն լրջագույն մարտահրավեր է նրանց բախման և շահերի հատման ծիրում գտնվող երկրների, այդ թվում` նաև Հայաստանի համար: Հենց այս իմաստով է խորհրդանշական նախագահ Սարգսյանի մասնակցությունն այդ գագաթաժողովին, որը կարող է լուծել միանգամից մի քանի խնդիր:
Նախ` այն ընդգծում է երկու առանձնացող բևեռների միջև ավելի հավասարակշռված քաղաքականություն վարելու` Երևանի ցանկությունը` անկախ Եվրասիական տնտեսական միությանը միանալու հեռանկարի իրողությունից: Սա կարևոր հանգամանք է` Ռուսաստանի ստվերում և, ըստ այդմ, նաև Արևմուտքի թիրախում ուղղակիորեն չհայտնվելու առումով: Չի բացառվում, որ տողատակում Հայաստանի իշխանությունը փորձում է նաև ցուցադրել արևմտյան արժեքներին հավատարիմ մնացած լինելու և եվրոպացիների լոյալությունը շահելու ցանկությունը:
Երկրորդ խնդիրը Հայաստանի անվտանգության համակարգում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին հատկացվող դերի մեծացումն է կամ առնվազն դրա ցանկության դրսևորումը` ի հակակշիռ ազգային ու պետական անվտանգության համակարգում ՀԱՊԿ-ի փաստացի և հետևողական ձևականացման: Այլ կերպ ասած` նման քայլով փորձ է արվում ցույց տալ, որ Հայաստանը բավարարված չէ այն վերաբերմունքով, որը ՀԱՊԿ-ի և դրա առանձին անդամների կողմից ցուցաբերվում է Հայաստանի նկատմամբ, և որ Երևանը ստիպված է լինելու այդ վակուումը լցնելու ուղիներ գտնել` այդ թվում` նաև օգտվելով ՆԱՏՕ-ի ռեսուրսներից:
Երրորդ խնդիրը կապված է ԼՂ հիմնահարցի հետ: Չնայած Դաշինքը հակամարտության կարգավորման հետ որևէ ուղղակի կապ չունի, սակայն Մինսկի խմբի համանախագահներից երկուսը` ԱՄՆ-ը և Ֆրանսիան, այդ Դաշինքի անդամներ են, որոնք չեն թաքցնում նախաձեռնողականությունը Ռուսաստանին չզիջելու իրենց շահագրգռությունը: Պատահական չէ, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր գրառման մեջ խոսում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցության կարևորության մասին` որպես ընդհանուր արժեքներին հավատարմության դրսևորում: Ուորլիքը հավանաբար նկատի ունի այն հանգամանքը, որ Ռուսաստանը մենաշնորհ չունի ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի նախաձեռնողականության հարցում, և այդ առումով բանակցող կողմերը ևս համակարծիք են: ՀՀ նախագահի մասնակցությունն այս իմաստով, կարծես, հավատարմության դրսևորում է Մինսկի խմբի ձևաչափին և անուղղակի ակնարկ է այն մասին, որ նախապատվությունը տրվում է հենց այդ ձևաչափին, այլ ոչ թե Ռուսաստանի միակողմանի հովանավորությանը: Սա ևս տակտիկական հարված է Ռուսատանին և կրկին խոսում է ԼՂ կարգավորման հարցում նրա վերջին գործողություններից Հայաստանի դժգոհության մասին:
Բոլոր դեպքերում Երևանի համար հիմնական խնդիրը դառնում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև խորացող բևեռացման պարագայում առճակատման սահմանագծին չհայտնվելը, ինչը հնարավոր է այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն հավակնի ստանձնել նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մաս կազմող մյուս երկրների, մասնավորապես` Վրաստանի և Մոլդովայի անվտանգության երաշխավորի դերը: Նման նախաձեռնություն Վրաստանի մասով արդեն իսկ արվում է, իսկ դա արդեն Հայաստանի հետ սահմանն է, որն, ի դեպ, ապահովում է Ռուսաստանի հետ ցամաքային միակ կապը: Սակայն դրա անհնարինության դեպքում, ինչը բացարձակապես չի բացառվում Ռուսաստանի կողմից այսօր վարվող քաղաքականության պարագայում, Հայաստանի խնդիրը դառնում է Ռուսաստանի հետ հարաբերություններում նվաստացուցիչ հարմարվողականությունից գոնե որոշակի չափով պահանջատիրության դաշտ անցնելը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորացող առճակատման պարագայում Հայաստանը Մոսկվայի համար ձեռք է բերում ստրատեգիական հենակետի կարգավիճակ` իր հետ մեծացնելով ռիսկայնությունը հենց Հայաստանի համար: Այլ կերպ ասած` ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ որևէ այլընտրանք այլևս բացառված է, որքան մեծանան ռիսկերը, այնքան գոնե պետք է մեծանա նաև, այսպես կոչված, դրա դիմաց «փոխհատուցման գինը»: Բայց փոխհատուցումը մի բան է, որը պետք է պահանջել, իսկ պահանջելն իր հերթին պահանջում է համարձակություն...
Գևորգ Դարբինյան