կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-23 21:38
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Վահան Հովհաննիսյան vs Հրայր Թովմասյան

ԿԱՊԻՏԱԼ. Վահան Հովհաննիսյան vs Հրայր Թովմասյան

Կառավարությունը դեմ է Դաշնակցության ներկայացրած նախագծին, քանի որ նրանց առաջարկությունները չեն համապատասխանում միջազգային միտումներին: Այս մասին երեկ ԱԺ ամբիոնից, ներկայացնելով կառավարության տեսակետը, հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 

Հիշեցնենք, որ խորհրդարանը շարունակում էր քննարկել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթները: ԸՕ-ի փոփոխությունների մասին նախագծով հանդես են եկել ինչպես կոալիցիան, այնպես էլ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները:

 

Հիշեցնենք, որ կառավարությունը և՛ ընդդիմության, և՛ իշխանական կոալիցիայի կողմից ներկայացված օրենքի փոփոխության փաթեթները համարել է այլընտրանքային, որը նշանակում է, որ երկուսն էլ ներկայացվելու են ԱԺ լիագումար նիստին և դրվելու են քվեարկության։

 

Ներկայացնելով ՀՅԴ և «Ժառանգություն» այլընտրանքային փաթեթը` ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք առաջարկում են 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումը։ Ըստ Մինասյանի՝ ընդդիմությունն առաջարկում է նաև տեսանկարահանել ընտրատարածքներում տեղի ունեցող ընտրական գործընթացը և հրապարակել ընտրացուցակները, ընտրատեղամասերում օգտագործել էլեկտրոնային քվեատուփեր, որոնք կնվազեցնեն Հայաստանում բավական լայն տարածում ստացած լցոնումների պրակտիկան:

 

Արդարադատության նախարարը դեմ արտահայտվեց ցուցակները հրապարակելու Դաշնակցության առաջարկին, քանի որ, ըստ նրա, դա դեմ է ընտրության իրականացման գաղտնիության սկզբունքին: Սրան ի պատասխան՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ գաղտնիությունը վերաբերում է ոչ թե ընտրական գործընթացին, այլ ընտրության բովանդակությանը:

 

«Քվեարկությունն իշխանությունը ձևավորելու գործընթաց է, որը, ըստ էության, գաղտնիք չէ: Այստեղից հարց, թե ինչո՞ւ է կառավարությունը դեմ հանդես գալիս ցուցակների հրապարակմանը. երևի այն պատճառով, որ չեն ցանկանում, որ հասարակությունը տեղեկանա, որ վաղուց մահացած մարդիկ նույնպես մասնակցել են ընտրությանը»:

 

Պատասխանելով Հովհաննիսյանի հարցին` Թովմասյանը նկատեց, որ իսկապես ի սկզբանե գաղտնիությունը վերաբերում էր քվեարկության բնույթին, որը, սակայն, նույնպես բացարձակ չէ, քանի որ հաճախ է պատահում, որ «դժվարություններ ունեցող մարդկանց քվեարկություն իրականացնելն օգնում են երկրորդ անձինք»։

 

«Այսինքն` և՛ քվեարկության, և՛ մասնակցության պայմաններում գաղտնիությունը բացարձակ չէ: Սակայն եթե մասնակցության պարագայում գաղտնիությունը բացարձակ չլինելը խնդիրներ չի առաջացնում, ապա ցուցակների հրապարակման դեպքում այն կարող է առաջացնել լուրջ խնդիրներ: Ինչ վերաբերում է մահացած մարդկանց քվեարկության վերահսկողությանը, ապա վստահված անձինք կարող են նստել նրանց կողքին»:

 

Թովմասյանի պատասխանն արժանացավ ՀՅԴ խմբակցության ղեկավարի հեգնանքին, որից վրդովված՝ արդարադատության նախարարն ամբիոնից վիրավորված պատասխանեց. «Եթե Ձեզ համար հնարավոր է մեռածի կողքը նստած լինել, ուրեմն՝ մեռածի կողքը, և պետք չէ նման իրոնիայով խոսել։ Հասկանալի չէ՞, որ խոսքը հանձնաժողովի անդամի կողքին է վերաբերում»:

 

«Ես խնդրում եմ չնյարդայնանալ, մենք իրավունք ունենք տալ ցանկացած հարց և ցուցաբերել իրոնիայի ցանկացած աստիճան,- իր հերթին զայրացած պատասխանեց Հովհաննիսյանը՝ հավելելով,- այսինքն՝ ստացվում է, որ այնտեղ, որտեղ իշխանությունը չի բռնվում, գաղտնիությունը կարելի է խախտել, իսկ այնտեղ, որտեղ բռնվում է, չի՞ կարելի։ Ճիշտ եմ, չէ՞ հասկացել»։

 

«Ոչ, ճիշտ չեք հասկացել»,- արձագանքեց Թովմասյանը։ Նախարարը խոսեց նաև Դաշնակցության կողմից առաջարկվող հանձնաժողովների ձևավորման կարգի մասին՝ նշելով, որ ընդդիմության ներկայացրած այլընտրանքային մոդելը բացարձակապես չի բարձրացնում վստահության աստիճանը։ «Հայաստանյան փորձը ցույց է տվել, որ հանձնաժողովի տեղերը վաճառվում են սրան-նրան»,- ասաց Թովմասյանը։

 

Լրացնելով արդարադատության նախարարի ելույթը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ իրականացնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է քաղաքական կամք։