Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հանդիպման ընթացքում քննարկվել են թե' համակարգում առկա խնդիրները, թե' այն ուղղություններն ու քայլերը, որոնք ձեռնարկելու դեպքում հնարավոր կլինի լուծել այդ խնդիրները, եւ թե' մարտիմեկյան իրադարձություններին հետեւած գործընթացները:
Անդրադառնալով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առկա պայմաններին նախարարը տեղեկացրել է, որ համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդունելով քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ արդարադատության նախարարի մտահոգություններն ու մոտեցումները, նկատել է, որ իր կարծիքով էլ բանտը չպետք է դառնա հանցավորության դպրոց: «Հաճախ ճիշտ եւ ավելի արդյունավետ է ազատազրկման փոխարեն պատժի այլ ձեւեր կիրառելը, ինչն ընդունված է Եվրոպայում: Եվրոպայի փորձը վկայում է, որ երբ ազատազրկմանը փոխարինող պատժատեսակներ են կիրառվում, կրկնահանցագործության ցուցանիշը նվազում է»,- նշել է Թոմաս Համմարբերգը:
Հրայր Թովմասյանը մարդու իրավունքների հանձնակատարին տեղեկացրել է այս տարվա ընթացքում նախատեսվող օրենսդրական մի շարք փոփոխությունների (քրեական դատավարության եւ ընտրական օրենսգրքեր, հավաքների ազատության մասին օրենք) մասին:
Անդրադառնալով դատական համակրգում առկա խնդիրներին, մարդու իրավունքների հանձնակատարը կարեւորել է հատկապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցում ներառված դիտարկումները դատավարությունների ընթացքի եւ տեղ գտած թերությունների վերաբերյալ: Նախարարը հայտնել է, որ քրեական դատավարության մասին նոր օրենքը եւ մյուս օրենսդրական ակտերը մշակվում են հաշվի առնելով հենց այդ դիտարկումներն ու նկատառումները:
Կողմերն անդրադարձել են նաեւ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններից հետո դատապարտված եւ առ այսօր անազատության մեջ գտնվող 9 անձանց ազատ արձակելու, 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերին:
Նախարարը տեղեկացրել է Թոմաս Համմարբերգին, որ մարտիմեկյան իրադարձությունները եւ դրան հաջորդած գործընթացները պարզորոշ ցուցադրեցին այն բոլոր խութերը, որ կան դատական, ոստիկանական համակարգում, եւ նախարարի խնդիրն է գտնել եւ վերացնել դրանք ծնող օրենսդրական պատճառները: