Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրանում է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի մահվան 20-րդ տարելիցը:
Ես ուզում եմ խոսել ընկեր Հրայր Մարուխյանի հայաստանյան գործունեության մասին: Տասնամյակներ երազելով վերադառնալ Հայաստան` նա առաջին անգամ այդ հնարավորությունն ունեցավ մեզ համար շրջադարձային 88-ին: Ցանկացած դաշնակցականի գործունեության նպատակների կենտրոնում, իհարկե, Հայաստանն է և պե՛տք է լինի Հայաստանը, բայց այն ցավով, հոգու այն անհանգստությամբ, որով այդ ճշմարտությունը ընկալում էր ընկեր Հրայրը, երևի թե, ըստ էության, իր ողջ բովանդակությամբ չի ընկալվել: Նա եկավ Հայաստան 88-ին և մի քանի կարևորագույն գործ կարողացավ անել: Նա էր առաջին մարդը, որ եկավ` մեզ այստեղ ապացուցելու, որ լեգենդներն այն մասին, թե մենք թույլ ենք, որ, շրջապատված լինելով թշնամիներով, անզոր ենք որևէ բան փոխել մեր երկրի ճակատագրում, սոս լեգենդներ են… Նա ապացուցեց մեզ, որ մենք ուժեղ ենք, համոզեց, որ ուժեղ ենք, և որովհետև դա ճի՛շտ էր, մենք հաղթեցինք:
Խոսելով այս տարիների Արցախյան գոյամարտի մասին` որպես հիմնական կազմակերպիչներ, միշտ նշվում են մարտական կազմակերպիչները: Բայց գաղափարական, բարոյական, նյութական և ամենակազմակերպիչը ընկեր Հրայր Մարուխյանն էր, և ոչ ոք երևի թե չի կարողանա չափել նրա ներդրումը, որովհետև այդ ներդրումը ավտոմատների քանակով չի չափվում, նույնիսկ այնտեղ ուղարկված մարտական ջոկատների քանակով չի չափվում, չափվում է գաղափարական ու բարոյական չափանիշներով: Իսկ դրանք այնքան մեծ են, և այնքան դժվար է դրանք չափելը, որ միգուցե այդ հարցին կկարողանան պատասխանել միայն ապագայի պատմագիրները: 88 թվականին նույնիսկ երկրաշարժը չկարողացավ այնքան «ցնցել» մոր ժողովրդին, որ մենք լճացումից դուրս գանք, բայց եկավ այստեղ ընկեր Հրայրը և ապացուցեց բոլորիս, որ յուրաքանչյուրիս պարտքն է` ամեն ինչ Արցախին տալ, որովհետև ինչ տրվեց Արցախին, տասնապատկված վերադառնալու է: Նա ճիշտ դուրս եկավ: Ինչ որ մենք ներդրեցինք Արցախում, տասնապատիկով վերադարձավ. վերադարձավ անկախությամբ, վերադարձավ ազատագրված տարածքներով, վերադարձավ պետականության ամրապնդմամբ, վերադարձավ հայկական ուժի ստեղծմամբ: Եվ այսօր Կովկասյան լեռներից հարավ մինչև Հնդկական օվկիանոս ու Միջերկրական ծով հայերին հաշվի են առնում, առանց հայերի ոչ մի որոշում այլևս չեն կարող ընդունել այս տարածաշրջանում: Եվ այդ հասկացողությունն այստեղ բերեց ընկեր Հրայր Մարուխյանը:
Ես պետք է ասեմ նաև, որ Հրայր Մարուխյանն այն մարդն էր, որը հասկանում էր` ինչպես լճացած, ճահճացող Հայաստանը կարող է վերակենդանանալ Արցախով, այդպես էլ ձեռքից գնացող, թուլացող ու ճահճացող Սփյուռքը կարող է Հայաստանով փրկվել: Եվ այսօր այն ամենը, որ ներդրվում է և կներդրվի Հայաստանում, լինի ուղեղ, նյութական միջոց, թե` բարոյական ներուժ, վերադառնալու է տասնապատիկով: Եվ ինչպես Արցախից վերադարձավ Հայաստան, այնպես էլ Հայաստանից կվերադառնա Սփյուռք, և միայն այն ժամանակ իսկապես կկարողանանք ասել, որ մենք ազգ ենք և մեկ Հայրենիք ենք: Սա ընկեր Հրայրը հասկանում էր: Բարեբախտաբար, այն սերունդը, որ նա կարողացավ Հայաստանում դաստիարակել, նույնպես դա հասկանում է: Սա է մեր ճանապարհը, և ես երդվում եմ ընկեր Հրայրի գերեզմանի առջև, որ մենք այդ ճանապարհով ենք գնալու և տանելու ենք բոլորին այդ ճանապարհով: Ընկեր Հրայրը եկավ այստեղ ու ասաց այն բառերը, որոնք մենք սկզբում լավ չհասկացանք: Նա ասաց «Դեպի երկիր»: Նա բերեց այստեղ ՀՅԴ Ընդհանուր ժողովի այդ կարգախոսը, որը սկզբում դժվար ընկալելի էր, և մենք չէին հասկանում` ինչ է նշանակում դա: Արդյո՞ք Սփյուռքի զանգվածաբար տեղափոխումն այստեղ կամ նույնամասշտաբ այլ միջոցառում: Բայց հիմա ողջ Հայաստանն է հասկացել, թե նա ինչ նկատի ուներ: Վերջերս հրապարակվեց Հայաստանի նախագահի հրամանագիրը, որով նա ստեղծել էր հատուկ պետական հանձնաժողով` կարևորագույն պետական դեմքերի մասնակցությամբ, որը պետք է Հայաստան-Սփյուռք համատեղ համահայկական կոնգրես գումարի, որպեսզի «Դեպի երկիր»-ը իրականացվի պետական մակարդակով: Բայց առաջինն այդ դրոշը բարձրացրեց մեր ընկերը, որին այսօր մենք հանձնեցինք հողին: Ոչինչ աշխարհում չի կորչում, ոչ մի բան անհետք չի մնում: Տարիներ շարունակ արվում էր ամեն ինչ, որպեսզի Հրայր Մարուխյան անունը մոռացության մատնվի: Ճակատագիրը դաժան ու անարդար եղավ նրա նկատմամբ: Նա չմահացավ չորս տարի առաջ, բայց նա «մահացավ» չորս տարի առաջ: Այս չորս տարում ամեն բան արվեց, որպեսզի նրա անունը մոռացվի: Բայց այսօր Հայաստանի պետությունը և ժողովուրդը հիշում են նրան: Վկա` այսօրվա արարողությունները: Բոլորը, վերջապես, հասկացան նրա հիմնական ներդրումը: Հասկացան, որ նրա նկատմամբ հետապնդումները հետապնդումներ էին հայ ազգային շահերի դեմ, հասկացան, որ հնարավոր չէ մոռացության տալ մի մարդու, որն ամբողջությամբ նվիրվել է Հայրենիքին: Նրան հետապնդում էին նախանձ միջակությունները, որոնց ներդրումը թե՛ հայոց գիտության և թե՛ հայոց պատմության մեջ հետք չի թողնելու: Նրան հետապնդում և փորձում էին հալածել, բայց, այնուամենայնիվ, նա հաղթեց: Նա չմահացավ չորս տարի առաջ, որովհետև նա չէր կարող իրեն թույլ տալ մահանալ, երբ մենք դեռ չենք հաղթել: Նրա հոգին դիմացավ, մենք չգիտենք, միգուցե նա այդ չորս տարում ամեն ինչ զգում էր: Պատկերացրեք` ինչ տանջանք է դա: Բայց նրա հոգին պինդ կառչած սպասում էր մինչև գար այս օրը, և նա համոզվեց, որ 98-ի ավարտն է, և մենք հաղթել ենք, և մեր գաղափարախոսությունը հաղթել է: Մարդիկ, որոնք մեզ հետ համաձայն չէին, այսօր մեզ հետ համաձայն են: Նա տեսավ այդ ամենը և միայն այդ ժամանակ թույլ տվեց ինքն իրեն հեռանալ այս կյանքից, որպեսզի հավերժորեն մնա հայոց նորագույն պատմության էջերում և հավերժորեն մնա մեր սրտերում:
Վահան Հովհաննիսյան
1998 դեկտեմբերի 21