Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Այս քրեական գործը հարուցելիս՝ խախտում է թույլ տրվել. իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիությունն անտեսվել է»,- Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանում դատական նիստի ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով իր պաշտպանական ճառը։
Նա նշեց, որ այնպես չէ ամեն օր դատախազությունը, դատարանները քննել են դատավորի հետ կապված ինչ-որ հանցակազմ, գործողություններ. «Եվ փորձի, և գիտելիքների պակաս կա։ Այդ պակասը զգացվում է ամենասկզբից մինչև վերջ։ Այնպես չէ, որ ամեն օր Սահմանադրական դատարանի դատավոր են դատում։ Ամբողջ համաշխարհային պատմության մեջ չկա դեպք, որ գործող Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք առաջադրվի։
Ես այստեղ դիտավորություն եմ տեսնում՝ սկզբից մինչև վերջ։ Պարզ բաներ կան, որոնք չէր կարող չիմանար գլխավոր դատախազը, որը մեղադրանքն է հաստատել ու մնացած բոլոր մարմինները»։
Հրայր Թովմասյանը նշեց, որ չէր անդրադառնա անձեռնմխելիության հարցին, եթե իր դեմ հարուցված քրեական գործը բացառապես պայմանավորված չլիներ իր՝ որպես ՍԴ դատարանի դատավորի կարգավիճակի հետ։
«Գործնականում լինելով ՍԴ նախագահ, դատավոր, անդամ, պետք է օժտված լինեի լրացուցիչ երաշխիքներով՝ քրեական հետապնդումից զերծ մնալու, դատարանի առաջ կանգնելու և պատասխանատվության ենթարկվելու։ Ստացվում է՝ ով ինձ պետք է օգներ, այն ինստիտուտը՝ անձեռնմխելիության, որն ուղղակի իմ՝ որպես դատավորի կարգավիճակի բաղկացուցիչ մասն է, այս երկուսը միասին են պատճառ դարձել, որ իմ դեմ քրեական գործ հարուցվեր։ Եթե չլինեի Սահմանադրական դատարանում, իմ դեմ քրեական գործ չէր հարուցվելու։ Ես ձեզ վստահեցնում եմ»,- դատարանում ասաց Հրայր Թովմասյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
Մանրամասն՝ տեսանյութում։