Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սպաներն ինչքան էլ պատրաստվեն, երբեք հոգեբան չեն դառնա. նրանք միայն պետք է առաջին հոգեբանական օգնությունը ցույց տան` առաջին բուժօգնության նման. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՆ Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքերով` հոգեբանական պատրաստվածության համար շատ կարեւոր են դպրոցն ու ընտանիքը:
«Դպրոցի ռազմահայրենասիրական բլոկն ամենակարևորներից է: Եթե դպրոցը իր ֆունկցիան լավ կատարի, մենք կունենանք պատրաստված զինվոր»,- ասաց Դ. Ջամալյանը:
Նա համարում է, որ բանակի պայմաններին ավելի հեշտ հարմարվում են բազմազավակ ընտանիքների ավագ եւ միջնեկ տղաները, քանի որ որոշակի պատասխանատվություն եւ ինքնուրույնություն ունեն, իսկ կրտսերները եւ միակներն ավելի չար են լինում եւ դժվար հարմարվում բանակի կենցաղին:
Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարներին, ապա, ըստ Ջամալյանի, այդ դեպքերի պատճառների մասին քիչ է խոսվում:
«Ծնողները երբեմն դառնում են սիմուլյացիայի մասնիկ` չափազանցնելով ինչ-որ երևույթներ, առաջ քաշելով առողջության եւ այլ խնդիրներ, հակադրվելով պետությանը: Եթե վաղ եւ միջին դպրոցական տարիքից բանակում ծառայելու անխուսափելիության գաղափարը հաստատվի, ապա տղան լավ կծառայի, իսկ եթե խուսափում են` հետեւանքները տխուր են լինում»,- ասաց նա:
Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ, ՊՆ Հանրային խորհրդի անդամ Գառնիկ Հայրապետյանը հանրապետությունում բացել է արդեն 42 դպրոց, որոնց սաները անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածության եւ բանակում մարզական հմտությունների խթանմանն ուղղված «դասընթացներ» են անցնում:
Ըստ Գ. Հայրապետյանի` ֆիզպատրասվածությունը նպաստում է բանակում հեշտ հարմարվելուն, քանի որ մարզիկն արդեն իսկ հաղթական ոգի է ունենում:
«Բանակը մեր անվտանգության գրավականն ու ազգային արժեքն է: 3 տարի է, ինչ զինված ուժերում գործում է մեր մարզաձեւը: Քիքբոքսինգը ձեռնամարտ է եւ, հետեւաբար, մարտական գործողությունների ձեւ: Ստեղծել ենք նաեւ ռազմական լսարան` զինվորին հոգեբանորեն ծառայությանը պատրաստելու համար»,- ասաց նա:
Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահն առաջիկայում պատրաստվում է նաեւ ֆեդերացիայի մարզիկների մայրերի հետ այցելել զորամասեր` տեղում բանակի կյանքի մասին պատկերացում կազմելու համար: Գառնիկ Հայրապետյանը կոչ արեց բոլոր հասարակական կազմակերպություններին` միանալ իրենց նախաձեռնությանը, նաեւ հանդես գալ նոր առաջարկներով: