կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-10 14:03
Տարածաշրջան

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեղափոխությունը ընդունածները չեն ուզում հրաժարվել, քանի որ մեկ անգամ ասել են՝ «մածունը սև» է․ հոգեբան

«Ստի հոգեբանությունը» մեծ և նոր ճյուղ է հոգեբանությունում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց հոգեբան Իրինա Ծատուրյանը մամուլի ասուլիսում։

Նա նշեց, որ «ստի հոգեբանությունը» անձի համար են դիտարկում, բայց կարող ենք տեղափոխել և խոսել նաև խմբի մասին։

Հոգեբանի դիտարկմամբ՝ այսօրվա ստի կարգախոսը կարող է դառնալ «Հաղթելու ենք» հեշթեգը։

«Գերագույն սուտը սկսվեց «Հաղթելու ենք» ստով, երբ ազգը անընդհատ պահվում էր այն ստով, որ այդ կարգախոսը մտցրեց մեր մեջ։ Մարդիկ, առանց որևէ պաշտպանական միջոցի, գնում էին ռազմաճակատ ահել-ջահել, դրսից ահավոր մեծ գումարներ էին ուղարկում, քանի որ մարդիկ գնում էին հաղթելու, որը հետո պարզվեց, որ սուտ է։ Մենք մինչև հիմա չգիտենք, թե առաջին 3 օրում քանի՞ զինվոր է զոհվել։ Պատերազմի վերջին սուտը՝ որ Շուշին մնում է հայկական, բայց այն պարզապես հանձնեցին։ Այդ սուտը անընդհատ շարունակվեց և բերեց հասցրեց հիմիկվան»,-ասաց հոգեբան Ծատուրյանը։

Նրա տեսանկյունից՝ Փաշինյանի ու թիմի համար այս սուտը աչքակապություն է, որպեսզի այն ծրագրերը, որոնք չի իրականացրել մինչև վերջ, իրականացնի։

Հոգեբանը նկատեց, որ 2018-ի ապրիլին մարդիկ ոտքի կանգնեցին մարդուն շատ հատուկ՝ հեքիաթին հավատալով։ Պատմության ընթացքում այդքան արհավիրքի հանդիպած ժողովուրդը ինչպե՞ս կարող է դասեր չքաղել՝ հարցի պատասխանը հոգեբանական վերլուծությամբ է փորձում գտնել։ Այս առիթով նա մտցնում է «պատմական ամնեզիա» տերմինը․ այսինքն, քանի որ շատ ծանր ենք ապրել, մարդիկ չեն ուզում անցյալը հիշել, փոխանակ անալիզ անելու և դասեր քաղելու։

«Այն մարդիկ, ովքեր ընդունեցին այս հեղափոխությունը, չեն ուզում հրաժարվել, որովհետև մեկ անգամ ասել են՝ «մածունը սև» է, ուրեմն՝ սև է։  Առաջ գնացող մարդը ընդունում է իր սխալը, բայց այսօր էլի մնում են մարդիկ, որ չեն ընդունում, քանի որ 2018 թ-ին փոփոխություն արեցին և դա ոչ մի բանի չբերեց, հիմա վախենում են նորից փոփոխություն անել, ասում են՝ «իմ իմացած գելը թող գա ինձ ուտի»»,-ասաց հոգեբանը։

Դիտարկելով հայկական արտահայտությունները՝ «ստերի հերն անիծել», «ստի մեջ կորած» և այլն, Իրինա Ծատուրյանը մտածում է, գուցե մենք մեր մեջ ունեինք այդ սուտը, հետո որ այդ սուտը եկավ, ընկալեցինք որպես օրինաչափություն՝ իբրև թե «այդպես պետք է լիներ»։

Վերջին պատերազմը նա համեմատում է 1915 թ-ի Ցեղասպանության հետ և չգիտի՝ երբ ենք մենք տակից դուրս գալու։

«Որովհետև համարում եմ, որ դա ազգի համար շատ ուժեղ վնասվածք է։ Ամեն օր աշխատելով մայրերի հետ, ում երեխաները զոհված են, հաշմանդամություն ստացած  տղաների հետ, և տեսնելով, որ նրանք ամեն օր շարունակում են լսել այդ սուտը, դա շատ վտանգավոր, վնասակար բան է»,-ասաց հոգեբանը։

Մանրամասն՝ տեսանյութում․