Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդը միշտ սպասումներ է ունենում Ամանորի հետ կապված, նորություններ ու հաջողություններ է ակնկալում, որովհետև, առանց հույսի ու ակնկալիքի, մարդը չի կարող ապրել. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Ռուբեն Աղզումցյանը:
Հոգեբանը շեշտեց, որ պետք է տարբերակել դեպրեսիան ու սթրեսը, ոչ ամեն ինչն է դեպրեսիա ու սթրես: Դեպրեսիան հստակ հիվանդություն է, ոչ թե այն, երբ մեկը տրամադրության անկում է ունենում:
«Սթրես կարող է առաջանալ, երբ սպասելիքները չեն համապատասխանում այն իրականությանը և այն միջավայրին, որ կա: Եթե դու Ամանորից սպասում ես ավելին, քան քո և քո միջավայրի հնարավորությունն է, այն կարող է բերել սթրեսի»,- ասաց հոգեբանը:
Նրա համոզմամբ` հայերն առհասարակ չգիտեն հանգստանալ, մանավանդ` հայ կանայք, ովքեր հանգստյան օրերին ավելի են հոգնում, որը նույնպես կարող է հանգեցնել սթրեսի: Եվ տոնական օրերը, որոնք տրվում են հանգստանալու համար, կարող են հոգնեցնել հայերին, ուստի պետք է ձևավորել փոքր բաներից ուրախանալու մշակույթը:
«Կյանքը փոքր բաներից է բաղկացած, մեծ բաները քիչ են տեղի ունենում մարդկանց կյանքում, իսկ մենք տանջվում ենք, երբ մեր ակնկալիքները չեն արդարանում, մեղքը գցում ենք ուրիշների վրա և այլն»,- ասաց հոգեբանը:
Հոգեբան Քրիստինե Ավետիսյանն էլ նշեց, որ թեև Ամանորն իր մեջ հեքիաթ է պարունակում ոչ միայն մանուկների, այլ նաև մեծահասակների համար, այն միաժամանակ սթրես է: Նրա խոսքով՝ հայ հասարակությունն աչքի է ընկնում իր ջերմ վերաբերմունքով մեկը մյուսի հանդեպ, և եթե մեկը մենակության զգացում ունի, շրջապատում ջանում են աջակցել ու ուշադրությամբ շրջապատել տվյալ անձին:
«Յուրաքանչյուր արտասովոր երևույթ սթրեսով է ուղեկցվում, կան դրական ու բացասական սթրեսներ, անգամ` հեքիաթի անկնալիքը կարող է բերել սթրեսի: Կյանքն էլ նման է ձագարի, մարդն ապրում է սոցիալական ակտիվ կյանքով, բայց արդյունքում, միևնույն է, մնում է ինքն իր հետ»,- ասաց Քրիստինե Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է ինքնասպանությունների ու տոների միջև կապին, հոգեբանները նշեցին, որ ինքնասպանությունները պետք չէ տոների հետ կապել, պարզապես տարվա վերջում կուտակվում են խնդիրները, որոնք կարող են ինքնասպանության պատճառ դառնալ: