կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-19 13:54
Իրավական

Ինչո՞ւ Հայաստանում չի թույլատրվում ստի դետեկտորի կիրառումը. զրույց հոգեբան-փորձագետի հետ

Ինչո՞ւ Հայաստանում չի թույլատրվում ստի դետեկտորի կիրառումը. զրույց հոգեբան-փորձագետի հետ

 

Yerkir.am-ը շարունակում է կրիմինալիստիկական փորձաքննություններին նվիրված հարցազրույցների շարքը: Այսօր կանդրադառնանք փորձաքննության երիտասարդ և օրեցօր զարգացող  ճյուղերից մեկին` հոգեբանական փորձաքննությանը:

 

Թե’ քրեական, թե’ քաղաքացիական գործերով ճշմարտությունը պարզելու, մարդկանց հոգեկան հատկությունների, նրանց հոգեկան գործունեության առանձնահատկությունները ճիշտ գնահատելու և հասկանալու համար հաճախ քննչական կամ դատական մարմինները նշանակում են հոգեբանական փորձաքննություններ, որոնց իրավասությունների շրջանակը բավականին լայն է: Նմանատիպ փորձաքննություն նշանակվում է հուզական վիճակների ստուգման, ծնողավարման կարողությունների գնահատման, հոգեբանական բռնության վնասի ստուգման, կասկածյալների, մեղադրյալների, վկաների և տուժողների համապատասխան ընդունակությունը ստուգելու և այլ դեպքերում:

 

Հայաստանում փորձաքննության այս ճյուղի զարգացման, առկա հիմնախնդիրների և նորամուծությունների շուրջ զրուցեցինք ՀՀ «ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբան-փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ԵՊՀ դասախոս, տասնյակից ավելի գիտական հոդվածների և գրքերի հեղինակ Մարինե Պետրոսյանի հետ:

 

-Երբվանի՞ց են Հայաստանում իրականացվում հոգեբանական փորձաքննություններ:

-Մինչ 2005թ.-ն հանրապետությունում փորձաքննությունների բաժին, որպես այդպիսին,  չի գործել: Հոգեբանական փորձաքննություններն անցկացրել են համալիր դատահոգեբուժական հանձնաժողովները կամ փորձաքննություն նշանակող մարմնի կողմից հանձնարարված առանձին հոգեբանները: Հոգեբանական փորձաքննությունների բաժին առաջին անգամ բացվեց բյուրոյում` 2005թ.-ին:

 

-Մեր երկրում զարգացվածության ի՞նչ մակարդակի վրա է գտնվում փորձաքննության այս ճյուղը:

-Քանի որ մինչ 2005թ.-ը չի եղել կենտրոնացված բաժին, որը կզբաղվեր դատահոգեբանական փորձաքննություններով, կիրականացներ գիտահետազոտական աշպատանքներ, նոր մեթոդիկաների ներդրում և այլն, կարծում եմ` մի փոքր հետ ենք մնացել: Սակայն բյուրոյի մասնագետները պարբերաբար փորձի փոխանակում են կատարում արտասահմանյան մասնագետների հետ, վերապատրաստվում են և մշտապես հետևում ոլորտում կատարվող փոփոխություններին: Մենք աշխատում ենք հնարավորինս արագ ոլորտում ի հայտ եկած նորամուծությունները ներդնել նաև մեզ մոտ:

 

-Ձեր բաժնին ո՞ր գործերով են ավելի շատ դիմում` քաղաքացիակա՞ն, թե՞ քրեական և տարեկան քանի՞ փորձաքննություն եք իրականացնում:

-Թվաքանակի առումով` ավելի շատ քրեական գործերով, տարեկան 100-ից ավելի փորձաքննություն ենք կատարում:

 

-Հայտնի է, որ ձեր բաժնում ներդրվել են փորձաքննությունների նոր տեսակներ, որո՞նք են դրանք:

-Բաժնի գործունեության ընթացքում ներդրվեցին հոգեբանական ազդեցության, լինգվիստիկական, հոգեբանա-լինգվիստիկական, բարոյական վնասը պարզելու և այլ տեսակի փորձաքննություններ:

 

-Հետաքրքիր է` ի՞նչ եղանակներով է որոշվում տվյալ անձի կրած հոգեկան տառապանքների` հասցված բարոյական վնասի չափը:

-Մեթոդիկան պարզ է: Մենք ստուգում ենք, թե տվյալ անձն ինչպիսի՞ն է եղել, ի՞նչ հոգեկան առանձնահատկություններ է ունեցել, այդ հոգեկան տառապանքներն ինչպե՞ս են ազդել նրա կենսագործունեության վրա, և արդյունքում նրա գործունեության ո՞ր ոլորտներն են վնասվել: Ապա եզրակացությունը ներկայացնում ենք դատարանին, որն էլ, իր հերթին, որոշում է, թե այդ հոգեկան տառապանքներն ինչպես փոխհատուցել: Օրինակ` հաշվարկվում է, թե որքան ֆինանսական վնաս է կրել մարդն իր հոգեկան վնասները վերականգնելու համար, դատարանը դրանք հաշվարկելու մեխանիզմներ ունի:

 

-Հաճա՞խ են բարոյական վնասի գործերով ձեզ դիմում:

- Նմանատիպ գործերով փորձաքննություններ հիմնականում նշանակում են դատարանները, սակայն նախադեպերը շատ չեն:

 

-Հաճախ քրեական գործերով փորձաքննություն է նշանակվում հանցագործության դեպքից ամիսներ կամ տարիներ անց: Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր պարզել, թե, օրինակ, հանցանքը կատարելու պահին տվյալ անձն ինչ հոգեվիճակում է եղել:

-Մարդու հոգեվիճակը շատ արագ փոփոխվող երևույթ է` ի տարբերություն հոգեբանական առանձնահատկությունների, որոնք բավականին կայուն են: Դրա համար մենք ունենք աշխարհում ընդունված ռետրոսպեկտիվ (հետահայաց) հոգեվիճակ ախտորոշելու համապատասխան մեթոդիկա, որի միջոցով հնարավոր է բավական ճշգրտորեն ստուգել մարդու հոգեվիճակը: Սակայն դա կարող է ազդել եզրակացության հիմնավորվածության վրա:

 

-Դուք նշեցիք, որ դեպքից ամիսներ կամ տարիներ անց էլ հնարավոր է ճշգրտորեն պարզել, թե ինչ հոգեվիճակում է գտնվել անձը: Հետաքրքիր է` իսկ ինչպե՞ս է հետմահու պարզվում անձի հոգեկան վիճակը:

-Մարդու կատարած բոլոր գործողությունները, նրա թողած օրագրերը, նամակները և այլն խոսում են նրա հոգեվիճակի մասին: Նման դեպքերում մենք փորձում ենք հնարավորինս մաքսիմալ տեղեկություններ հավաքել անձի գործունեության վերաբերյալ, հատկապես` մահվանը նախորդող ժամանակահատվածի, որոնց շնորհիվ մենք հնարավորություն ենք ունենում տալ հավանական պատասխան: Սակայն ոչ միշտ է հնարավոր լինում բավարար տեսղեկություններ ստանալ:

 

-Իսկ ի՞նչ մեթոդներ եք կիրառում եզրակացությունն առավել հիմնավոր դարձնելու համար, չէ՞ որ հնարավոր է հետո դատարանում եզրակացությունը պաշպանելու հարց առաջանա:

-Հիմնավորվածության համար հնարավորինս աշխատում ենք գործածել գիտության կողմից մշակված, ստեղծված մեթոդիկաները: Ճիշտ է, մարդը կարող է պատմել, թե ինչ հոգեվիճակում է գտնվել դեպքը կատարելու պահին, բայց դա նա կասի դժվարությամբ: Այդ իսկ պատճառով մենք տեղեկություններ ենք հավաքում մի քանի աղբյուրներից, օրինակ` նախաքննական տվյալներից, անձի վերաբերյալ բժշկական փաստաթղթերից, հոգեբանական թեստերի միջոցով, նաև զրուցելով ենք պարզում, այսինքն` մենք փորձում ենք հնարավորինս շատ աղբյուրներ հետազոտելուց հետո միայն եզրակացություն տալ:

 

-Ձեր աշխատանքային փորձի ընթացքում մինչև քանի՞ տարվա վաղեմության դեպքի վերաբերյալ փորձաքննություն եք կատարել:

-Ամենաերկար ժամկետը, որ հիշում եմ, կապված է 10 տարի առաջ կատարված դեպքի հետ:

 

-Իսկ ո՞րն է եղել հոգեբանական փորձաքննության ենթարկված անձի ամենափոքր տարիքը:

-Ամեանափոքր տարիքի երեխան, որ հետազոտել ենք, եղել է 3 տարեկան: Մասնագիտական գրականության մեջ նշված է, որ անձին կարող են, որպես վկա, հարցաքննել երկուսուկես տարեկանից, իսկ դա որոշվում է փորձաքննությամբ: Տարիքի հետ փոխվում է նաև փորձաքննություն անցկացնելու մեթոդիկան: Եղել են դեպքեր, երբ 8 տարեկան երեխան իր ցուցմունքում այնպիսի բաներ է գրել, որոնք նրա բառապաշարի մեջ չկան, և երբ կարդում ես` թվում է առնվազն հասուն մարդ է ցուցմունք գրողը: Բնականաբար, քննիչներն են գրում երեխաների նկարագրածը, սակայն նրանք պետք է համապատասխան մեթոդիկայով աշխատեն երեխաների հետ: Եվ ոչ միայն նրանք, իրավաբանները, փորձագետներն անչափահասների հետ աշխատելու համար պետք է համապատասխան պատրաստվածություն ունենան:

 

-Ներկայումս աշխարհի շատ երկրներում մարդու հոգեֆիզիոլոգիական պարամետրերը չափում են հատուկ սարքավորումների (օրինակ` ստի դետեկտոր) միջոցով: Արդյո՞ ք Հայաստանում կիրառվում են դրանք:

-Առայժմ մենք հոգեֆիզիոլոգիական պարամետրերը սարքավորումներով չենք չափում, սակայն, եթե ունենանք նմանատիպ փորձաքննություններ, մենք կարող ենք համագործակցել, օրինակ, համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի հետ և համատեղ կատարել հետազոտություն: Դրանք ուշադրության ծավալը, ռեակցիայի չափը ստուգող սարքավորումներ են: Մենք մտածում ենք հոգեբանական փորձաքննությունների մեջ ներդնել պոլիգրաֆի (դետեկտոր) գործածությունը, սակայն, ցավոք, դա կիրառել չենք կարող, քանի որ առայժմ դրա իրավական հիմնավորումը չկա (օրենքը բացակայում է), այսինքն` մենք առայժմ իրավասու չենք օգտագործել պոլիգրաֆը փորձաքննության մեջ:

 

-Հանցագործության մեջ մեղադրվող անձինք որոշ իրողություններ կարող են ներկայացնել այնպես, ինչպես իրենց է ձեռք տալիս, ինչպե՞ ս եք պարզում, օրինակ, մարդը ձևացնո՞ւմ է, թե՞ ոչ:

-Կարծում եմ` բնական է, որ մարդն իրողությունը ներկայացնում է իր համար շահավետ տարբերակով, դա ինչ-որ տեղ կապված է ինքնապաշտպանական բնազդի հետ: Սակայն այդ ամենը պարզելու մեթոդիկաներ կան, միայն մարդու ասածով չենք առաջնորդվում:

 

-Ինչպիսի՞ն պետք է լինի հոգեբան-փորձագետը:

-Հոգեբանության ոլորտում լավ մասնագետ լինելը դեռ չի նշանակում, որ կարող ես լավ փորձագետ լինել, քանի որ փորձագետի աշխատանքը միայն հետազոտություն կատարելն ու եզրակացություն տալը չէ, փորձագետը պետք է կարողանա իր կատարած փորձաքննությունը պաշտպանել դատարանում, պարզաբանել և հիմնավորել այն: Սա շատ բազմակողմանի, հետաքրքիր և պատասխանատու աշխատանք է:

 

-Լինում են դեպքեր, երբ նախաքննական մարմինը կամ լրատվամիջոցները խախտում են անձի անմեղության կանխավարկածը, ինչը լուրջ հոգեբանական հետևանքներ է թողնում մարդկանց մոտ: Ի՞նչ խորհուրդ կտաք նման դեպքերում:

-Ես իմ փորձից գիտեմ, թե ինչ ասել է դա: Եղել են մարդիկ, ներկայացրել են այդ մտահոգությունները` պատմելով իրենց հուզական վիճակի մասին: Եղել են դեպքեր, որ ինչ-որ հրապարակման պատճառով լքել են բնակության վայրը, կտրվել շրջապատից… Ես պարզապես խորհուրդ կտամ լրատվամիջոցներին` յուրաքանչյուր հրապարակման հետևում տեսնել մարդուն, ինֆորմացիան միայն կատարված իրողությունը չէ, դրա հետևում կանգնած են մարդիկ, որոնց շահերը պետք է պաշտպանված լինեն:

 

- Նախորդ տարի լույս տեսավ Ձեր հեղինակած «Անձը և պաշտոնը» գիրքը: Մի փոքր պատմեք դրա մասին, ի՞նչ կապ ունի այն ձեր մասնագիտության հետ:

- Գրքում ներկայացված է անձի և պաշտոնի համապատասխանելիության հոգեբանական գնահատականը: Այնտեղ հիմնականում ներկայացված է իրավական ոլորտում անձնակազմի ընտության, զարգացման հարցը:

 

Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ