Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մանվել Գրիգորյանը հիմա խուսափում է իր խղճի հետ երկխոսությունից, նա ավելի շուտ ելքեր է փնտրում. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նրա խոսքով՝ Գրիգորյանը հիմա, հավանաբար, մտածում է՝ ո՞վ չի թալանել: «Թեև Գրիգորյանը խղճի խայթ կունենա, իր խղճի հետ կոնֆլիկտի մեջ է, բայց ավելի շատ ելքեր է փնտրում: Գուցե մտածում է՝ մենակ չի կերել այդ ամենը՝ տղերքին է տվել, արջերին է բաժին հանել… Սակայն պետք է ասեմ նաև, որ ոչ ոք ի սկզբանե հիվանդ չի լինում, իսկ բարոյական հիվանդությունը կարող է վարակիչ լինել. նախորդ իշխանությունը հերթով վարակում էր մեկը մյուսին: Ես համոզված եմ, որ Մանվել Գրիգորյանն էլ ինչ-որ պահի իդեալական մարդ է եղել, ով գնացել է իր հայրենիքի համար կռվելու, բայց հետո կամաց-կամաց փոխվել է»,- ասաց Խուդոյանը:
Հոգեբանի խոսքով՝ խնդիրն այն էր, որ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղված էին թալանով, մտածում էին՝ ամեն ինչ մարսելու են, ու եթե հնարավոր էր գողանալ, գողանում էին:
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցից հրապարակած տեսանյութին, ապա, Խուդոյանի գնահատմամբ, այն շատ ազդեց ժողովրդի վրա, քանի որ ոչ ոք չէր պատկերացնում, որ մարդը կարող է իջնել այդ մակարդակին: «Գիտեին, որ թալան կա, բայց չէին պատկերացնում, որ այս աստիճանի կլինի: Ժողովրդի մեջ ամենահզոր պահն այն է, որ արթնացել է արդարության հզոր զգացումը: Կարծում եմ` ավելի հզոր թալանչիներ կբացահայտվեն: Հիմա է սկսվել իսկական հեղափոխությունը: Պաշտոնյաները շատ վախեցած են, սպասում են, որ կգնան ու կասեն՝ բա քո աշխատավարձն այսքան է, ինչպե՞ս ես այս միլիոնները կուտակել»,- ասաց նա:
Հոգեբանը նշեց նաև, որ ժողովուրդը շուտով շատերի մասին ինֆորմացիա կտա, քանի որ պետությունից թալանվածը պետք է հետ վերադարձվի: