կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-20 01:54
Տնտեսական

ՀՀ ապահովագրական շուկան 15 տարեկան է

ՀՀ ապահովագրական շուկան 15 տարեկան է

15 տարի առաջ այս օրը Ազգային ժողովն ընդունել է ապահովագրության մասին առաջին օրենքը, որից հետո այս դաշտը կանոնակարգվել է, 20 ապահովագրական ընկերություն լիցենզավորվել է: Ի պատիվ առաջին օրենքի, որոշվել է նոյմեբերի 19-ին Հայաստանում նշել ապահովագրողի օրը:

 

Այս 15 տարիների ընթացքում կատարված փոփոխությունների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Ապահովագրական շուկայի մասնագետների ասոցիացիայի գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը:

 

Եթե 1997 թվականին ապահովագրական ընկերությունների կողմից ստանձնած պարտավորությունները կազմել են 60 միլիարդ դրամ, ապա 2010-ի երեք եռամսյակի արդյունքներով այն 3.25 տրիլիոն դրամ է: 1997-ին հավաքվել է 431 միլիոն դրամ արժողությամբ ապահովագրման գումար, այնինչ, 2010-ի երեք եռամյսակի տվյալներով, այդ ցուցանիշը 6.6 միլիարդ դրամ է: 1997 թվականին հատուցվել է 826 միլիոն դրամ, իսկ 2010-ին` 1.3 միլիարդ դրամ:

 

Այսօր Հայաստանում գործում է ինը ապահովագրական ընկերություն: Բացի կյանքի ապահովագրումից, հնարավոր է ապահովագրել ամեն ինչ: Բանն այն է, որ 2007 թվականին ԱԺ-ում ընդունված օրենքն արգելում է, որ նույն կազմակերպությունը միաժամանակ զբաղվի կյանքի եւ ոչ կյանքի ապահովագրությամբ: Իսկ միայն կյանքի ապահովագրությամբ զբաղվելու համար պետք է զրոյից ընկերություն ստեղծել:

 

Անդրանիկ Օհանջանյանն ասաց, որ մոտակա տարիներին չի սպասվում, որ Հայաստանում կյանքի ապահովագրման հնարավորություն կլինի:

 

Հայաստանում 2010-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 6000 ապահովագրական պայմանագիր կա կնքված:

 

Իսկ այն հարցին, թե Հայաստանում ինչպիսի յուրօրինակ իրեր են ապահովագրվել, Անդրանիկ Օհանջանյանը պատասխանեց, թե իր պրակտիկայում ամենահետաքրքիր դեպքը եղել է այն, երբ ապահովագրել են Նապոլեոն Բոնապարտի մազերը: Դրանք Հայաստան են բերվել «Ֆրանսիայի օրեր» միջոցառման շրջանակներում: Հենց այս մազերի շնորհիվ է կատարվել Նապոլեոնի դիակի նույնականությունը: