կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-13 16:28
Իրավական

Դուբայի ապահովագրական ընկերությունները ՀՀ քաղաքացիներից պահանջում են մոտ 2 մլն դոլարի ադամանդները

Դուբայի ապահովագրական ընկերությունները ՀՀ քաղաքացիներից պահանջում են մոտ 2 մլն դոլարի  ադամանդները

Պարզվում է` ՀՀ երեք քաղաքացիների կողմից Դուբայում սպանված` Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիին պատկանող գրասենյակն ապահովագրված է եղել երկու ապահովագրական ընկերությունների կողմից, ինչն այսօր փաստի առաջ է կանգնեցրել մեր երկրին: Ապահովագրական ընկերություննները համատեղ վճարել են ապահովադիրի (Սալոնկիին պատկանող գրասենյակի) վնասը, և գրասենյակի կրած վնասի հատուցման պահանջի հարցը դրվել է ապահովագրական ընկերությունների վրա: Դրանք էլ, իրենց հերթին, քաղհայցով դիմել են դատարան՝ մեղադրյալներից պահանջելով բնեղենով փոխհատուցել վնասը:

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ երեք քաղաքացիները Սալոնկիին պատկանող գրասենյակից գողացել էին 1.700.000 ԱՄՆ դոլար արժողության ադամանդներ և դրանք Դուբայ-Երևան չվերթով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Հայաստան:

Գործով մեղադրյալ Հովհաննես Մելքոնյանը, սակայն, դատարանում հայտարարել է, որ իրեն անհասկանալի են այն փաստական հանգամանքները, որոնք դրվել են իր մեղադրանքի, մասնավորապես` իրեն մեղսագրված` մաքսանենգության հոդվածի հիմքում: Ամբաստանյալի խոսքով՝ իրեն ձերբակալել են հենց օդանավում, երբ դեռ բեռը չէր անցկացրել, հետևաբար, ինչպե՞ս են ենթադրել, որ ինքն ադամանդները չէր հայտարարագրելու և որ մաքսանենգություն է կատարել:

Նշենք, որ ադամանդները իրեղեն ապացույց են, և քրեական դատավարական կարգի համաձայն՝ վերջնական դատական ակտից հետո պետք է վերադարձվեն սեփականատիրոջը, օրինական տիրապետողին կամ իրավահաջորդներին, սակայն եթե դատաքննությամբ ապացուցվի, որ թանկարժեք բեռը Հայաստան է տեղափոխվել մաքսանենգ ճանապարհով, ապա գողոնը կբռնագրավվի պետության, այսինքն` Հայաստանի կողմից:

1.700.000 ԱՄՆ դոլար արժողության 6.800 կարատ` տարբեր գույների ադամանդները ներկայումս պահվում են ՀՀ Կենտրոնական բանկում: Հիշեցնենք, որ գործով մեղադրյալներից Հովհաննես Մելքոնյանը դատարանում ուշագրավ հայտարարություն էր արել՝ պարզաբանելով, թե ինչն է պատճառը, որ «02» հաղորդաշարի ժամանակ տեսախցիկի առջև խոստովանել է մեղքը:«Ինձ ասացին՝ քո վրա վերցրու, քեզ չենք դատի, ադամանդներն օրինականացնենք՝ քեզ բաց կթողնենք: Ասացին ՝ չերկարացնենք՝ մեռնողը հնդիկ ա, կարևորը բռլյանտներն են»,- ասել էր ամբաստանյալը:

Այսինքն` կասկածներ կան, որ պատկան մարմիններն ի սկզբանե տեղյակ են եղել Հայաստան մտնող բեռի մասին և շահագրգռվածություն են ունեցել գործ հարուցել մաքսանենգության հոդվածով, որպեսզի թանկարժեք բեռը մնա Հայաստանին:

Ինչևէ, սպասենք իրադարձություների զարգացմանը: