Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ապահովագրական ընկերությունների ի հայտ գալով` թվում էր, թե վերջապես ավտոպատահարներից հետո վարորդները կխուսափեն տարատեսակ քաշքշուկներից, և կողմերի միջև ծագած վեճերը կլուծվեն կարճ ժամանակահատվածում: Բայց այսօր շատերը խոստովանում են, որ ԱՊՊԱ-ների հետ առնչվելն իսկական գլխացավանք է:
Արագածոտնի մարզի բնակիչ Վաղինակ Սարգսյանը, օրինակ, չէր էլ կարող պատկերացնել, որ ավտոպատահարից երկու տարի անց ապահովագրական ընկերությունն իրենից է պահանջելու տուժող կողմին վճարած գումարը: Այսպես` «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը դիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պատասխանող Վաղինակ Սարգսյանից 90. 000 ՀՀ դրամ գանձելու պահանջով: Ավտոտրանսպորտային պատահարը տեղի է ունեցել 2014-ի փետրվարի 7-ին: Համաձայն ՃՈ եզրակացության` նշված պատահարը պայմանավորվել է «MOC 412» մակնիշի ավետոմեքենայի վարորդ Վաղինակ Սարգսյանի` ոչ իրավաչափ գործողություններով: 2014-ի մարտի 26-ին ապահովագրական ընկերությունը տուժող կողմ հանդիսացող` «Mersedes Benz» ավտոմեքենայի սեփականատեր Արմեն Մարկոսյանին փոխհատուցել է 90.000 դրամ: Դիմումատուն նշել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոպատահարը տեղի է ունեցել ժամը 21:30-ի սահմաններում, սակայն ապահովագրողը պատահարի մասին ծանուցվել է դրանից ավելի քան մեկ ժամ անց, ուստի խախտվել են վկայագրի պայմանները: Դատարանը կարգադրել է կատարել վճարման պահանջը, եթե այն հիմնավորված է: Կարգադրության մեջ նշված է, որ պատասխանողն իրավունք ունի առարկություն ներկայացնել միայն պահանջի մի մասի վերաբերյալ՝ մյուս մասով կատարելով վճարման պահանջը, իսկ առարկություն ներկայացնելու դեպքում վեճը կարող է քննվել ըստ էության հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը կրելու է դատական ծախսերը:
Վաղինակ Սարգսյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ապահովագրական ընկերության հայցն անհիմն է, քանի որ իրենք ժամանակին են տեղեկացրել ապահովագրական ընկերությանը, և որ հնարավոր է` ՃՈ-ն է իր արձանագրության մեջ սխալ ժամ նշել, ինչն էլ հիմք ընդունելով` ընկերությունը հետադարձ պահանջ է ներկայացրել: Բացի այդ` նա զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ են այդ մասին իրենց տեղեկացնում պատահարից երկու տարի անց, մի՞թե հնարավոր չէր դա ճշտել` նախքան հատուցում տալը: Պատասխանողը նաև հայտնեց, որ, առանց իրեն ծանուցելու, դատարանը նման որոշում է կայացրել, և որ իրենք արդեն գրավոր ներկայացրել են իրենց առարկությունները:
Նշենք, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը վնաս պատճառած անձի նկատմամբ հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի, եթե` ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին:
Yerkir.am-ը «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ ճշտելու, թե, ընկերության կանոնադրությամբ, որքա՞ն է կազմում ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ՝ պատահարի մասին ընկերությանն անհապաղ տեղեկացնելու ժամանակահատվածը: Մեզ հետ զրույցում ապահովագրական ընկերության իրավաբանական վարչության իրավաբան Զառա Մանասարյանը հայտնեց, որ ԱՊՊԱ-ի մասին օրենքով սահմանված է, որ պետք է վթարից հետո անհապաղ տեղեկացնել ապահովագրական ընկերությանը: Նա պարզաբանեց, որ օրենքով նախատեսված է նաև երկու բացառություն, այն է` անգիտակից վիճակ և այնպիսի վիճակ, որն անհնարին է դարձրել ընկերությանն անհապաղ տեղեկացնելը, ընդ որում, ըստ նրա, ապացուցման պարտականությունը դրվում է ապահովադիրի կամ օրինական հիմքով տեղեկացնող այլ անձի վրա:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք ապահովագրական ընկերությունը նախքան տուժողին ապահովագրական հատուցում տալը չպետք է պարզի՝ ապահովադիրը պահպանե՞լ է պայմանագրով սահմանված ժամկետը, թե՞ ոչ, Մանասյանը պատասխանեց. «Անկախ այն հանգամանքից, որ ապահովագրողն օրենքով սահմանված կարգով և ժամկետում տեղեկացվել է ապահովագրական պատահարի մասին, թե` ոչ, նա կրում է տեղի ունեցած պատահարի արդյունքով և իր ապահովադրի մեղավորությամբ տուժողին պատճառված վնասի փոխհատուցման պարտականություն, եթե առկա չեն հատուցման պարտականությունը բացառող՝ օրենքով սահմանված այլ դրույթներ»: Այսինքն` ապահովագրական ընկերությունը, ըստ նրա, պարտավոր է ցանկացած դեպքում հատուցել, հետո նոր քննարկել` ողջամի՞տ էր պահանջը, թե՞ ոչ:
«Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով` ավոտապատահարի մասին մեկ ժամ ուշ տեղեկացնելը հետադարձ պահանջի հիմք չէ: «Օրենսդիրն ասում է` «ողջամիտ ժամկետ», իսկ նրանք ասում են` 1 ժամը ողջամիտ չէ: Իրավանորմը սխալ է մեկնաբանվել, հաշվի չի առնվել «Իրավական ակտերի մասին» օրենքի այն հոդվածի պահանջը, որ իրավանորմը մեկնաբանելիս անձը պետք է ելնի նորմի նպատակից, իսկ այս դեպքում նորմի նպատակը մեկն է՝ բացառել վորորդի փոփոխությունը (խմբ. նկատի ունի պատահարից հետո վարորդին փոխելը)»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Բաղդասարյանի խոսքով` շատ են լինում դեպքեր, երբ ապահովագրական ընկերությունները հրաժարվում են փոխհատուցել վնասը՝ պատճառաբանելով, որ ուշ են տեղեկացրել, քիչ չեն նաև այս հիմքով հետադարձ պահանջի դեպքերը: Ըստ նրա՝ ընկերությունները սխալ են մեկնաբանում «անհապաղ» բառը: «Ինչպե՞ս է ԱՄՆ-ում , Եվրոպայում նույն նորմերը նույն կերպ են կիրառվում, իսկ Հայաստանում՝ այլ կերպ: Ապահովագրական ինստիտուտը բոլոր երկրներում նույն կերպ պետք է կիրառվի»,- ասաց նա` նշելով, որ ապահովագրական բյուրոն պետք է հետամուտ լինի, որպեսզի այս հարցը վերանա: