Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յուրաքանչյուր տրանսպորտային միջոց ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ) պետք է ստանա մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը: Այնինչ` դեռեւս ՀՀ-ում շահագործվող մեքենաների մոտ տասը տոկոսն է ապահովագրվել:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ապահովագրական շուկայի մասնագետների ասոցիացիայի գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանն ասաց, որ վերոնշյալ տասը տոկոսը բացատրվում է հայերի մտածելակերպով` ամեն ինչ թողնում են վերջին պահին: Թեեւ ակնկալվում է, որ մինչեւ վերջնաժամկետը ավտոմեքենաների 80 տոկոսը կապահովագրվի:
Հայաստանում ԱՊՊԱ-ով զբաղվում է ութ ընկերություն եւ դրանք լիովին պատրաստ են սպասարկելու մեծաթիվ հաճախորդների:
Հաշվարկվում է, որ եթե ապահովագրվեն ՀՀ-ում գրանցված մոտ 400 հազար տրանսպորտային միջոցները, ապա շուրջ 13-14 միլիարդ դրամի մուտք կլինի: Սակայն, պարզվում է, որ ապահովագրական ընկերությունների շահույթը կազմելու է այս գումարի միայն 2 տոկոսը:
«Երկիր»-ի այն հարցին, թե գումարի մյուս 98 տոկոսն ինչպես է բաշխվում եւ ու՞ր է գնում, Անդրանիկ Օհանջանյանը պատասխանեց. «Այդ գումարի 78 տոկոսը ապահովագրության ինքնարաժեքն է, այսինքն` այդքանը փոխահատուցվում է, 15 տոկոսը վճարվում է գործակալներին, 5 տոկոսը գործառնական ծախսերն են կազմում, 2 տոկոսը ապահովագրական ընկերության շահույթն է»:
Ա. Օհանջանյանը համոզված է, որ հավաքված գումարների մոտ 80 տոկոսը փոխահատուցվելու է: Ի պատասխան այն նկատառմանը, թե ըստ միջազգային փորձի` միայն 30 տոկոսն է փոխհատուցվում, Ա. Օհանջանյանն ասաց.
«Դա միայն առաջին տարում եւ այն էլ Ռուսաստանում: Այնտեղ աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ինֆորմացիան ոչ բոլոր տեղամասեր է հասնում: Եվ վթարի դեպքում մարդը կարող է չիմանալ, որ պետք է դիմել ապահովագրական ընկերություն ու փոխհատուցում պահանջել: Հայաստանում անտեղյակության խնդիրը չի լինի»: