Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն բանից հետո, երբ ԱՄՆ 9-րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանը երեք դատավորների կազմով որոշում կայացրեց, ըստ որի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարող էին փոխհատուցում պահանջել Օսմանյան կայսրությունում գործած ապահովագրական ընկերություններից, գերմանական ընկերությունները միջնորդություն ներկայացրին այդ նույն դատարան` լրիվ կազմով վերաքննություն անցկացնելու համար:
Հզոր փաստաբանների վրա հսկայական գումարներ ծախսելու փոխարեն գերմանական ապահովագրական ընկերությունները պետք է անհապաղ լուծեն այս դատական վեճը եւ հասանելիք փոխհատուցումները վճարեն ապահովագրերի տերերի` հայ նահատակների ժառանգներին: Օսմանյան կայսրության շատ հայ բնակիչներ հավատացել են այդ եվրոպական ընկերություններին եւ պարտաճանաչ կերպով կատարել իրենց մուծումները, որպեսզի իրենց մահից հետո նրանց ընտանիքներն ապահովագրերից վճարումներ ստանան:
Այս դատական հայցը ոչ մի առնչություն չունի դաշնային կառավարության կողմից Ցեղասպանության ճանաչման կամ նահանգների իրավունքների հետ ընդդեմ Վաշինգտոնի: Գերմանական ընկերությունները խախտել են իրենց պայմանագրային համաձայնագրերը եւ չեն կատարել ապահովագրերի հայ տերերին տված իրենց խոստումները: Ժառանգներն իրավասու են ստանալու իրենց հասանելիք գումարները, անկախ այն բանից, թե ովքեր են սպանել իրենց նախնիներին` ցեղասպան մոլագարները, թե հարբած վարորդները: Միակ կարեւոր հարցն այն է, որ նրանց մահից հետո, պետք է անհապաղ վճարեին նրանց ժառանգներին` կյանքի ապահովագրերի պայմաններին համապատասխան:
Դրա փոխարեն, գրեթե մեկ դար շարունակ գերմանական ընկերությունները խուսափել են իրենց ֆինանսական պարտավորությունները կատարելուց եւ թուրքական ժխտողական քարոզարշավն անամոթաբար օգտագործել որպես ծածկ: Նրանց իրավաբաններն անգամ մեջբերումներ են արել Թուրքիայի դեսպանատան կայքում տեղադրված Ցեղասպանության ժխտողական նյութերից: Եթե այս ընկերությունները հրեաների Հոլոքոստը ժխտող նման մի գործունություն ծավալեին եւ մեջբերումներ անեին նեոնացիստական կայքերից, ապա 24-ժամվա ընթացքում նրանք սնանկ կճանաչվեին:
Փաստաբանները պնդում են, թե իբր Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մեծ վնաս կհասցնի Ամերիկայի ազգային շահերին»: Անհեթեթ է, որ գերմանական ապահովագրական ընկերությունները օգտագործում են են նման անհիմն փաստարկներ` իրենց հարստացման համար: Այս երկրի շահերի պաշտպանությունը Միացյալ Նահանգների կառավարության պարտավորությունն է, եւ ոչ թե այդ գերմանական ընկերություններինը:
Գերմանական ընկերությունների փաստաբաններն իրենց բողոքում` Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթերի թվարկումը խորամանկորեն սկսել են միայն վերջին երեք ամերիկյան նախագահներին հղումներ անելով, քանի որ նրանց պաշտոնավարության ընթացքում Ներկայացուցիչների պալատը նոր բանաձեւեր չի ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Բարեբախտաբար, Միացյալ Նահանգների պատմությունը 2000 թվականից չի սկսվում: Փաստաբաններին շատ ձեռնտու էր անտեսել այն փաստը, որ Միացյալ Նահանգների կառավարությունն առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռեւս 1951 թվականին` Արդարադատության միջազգային դատարանին ներկայացրած մի փաստաթղթով: Այդ ժամանակից ի վեր, Ներկայացուցիչների պալատը երկու անգամ`1975 եւ 1984 թվականներին բանաձեւեր է ընդունել Հայոց ցեղասպանության հիշատակի վերաբերյալ, իսկ 1981 թվականին նախագահ Ռեյգանը նախագահական Հռչակագիր է ընդունել` հիշատակելով Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, վերջին 50 տարիների ընթացքում ԱՄՆ 42 նահանգները եւ ամերիկյան բազմաթիվ քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դաշնային կառավարությունը երբեք չի առարկել կամ անհամաձայնություն չի հայտնել այս գործողություններից որեւէ մեկի վերաբերյալ: Եթե Հայոց ցեղասպանության ճանաչումը չի բխում Միացյալ Նահանգների շահերից, ինչպես պնդում են այդ փաստաբանները, հետեւապես նախագահ Ռեյգանը, ԱՄՆ արդարադատության նախարարությունը, Ներկայացուցիչների պալատի` Ցեղասպանության բանաձեւի օգտին քվեարկած հարյուրավոր անդամներ, 42 նահանգների հազարավոր օրենսդիրներ եւ բազմաթիվ քաղաքապետեր ու նահանգապետեր պետք է համարվեն համաամերիկյան:
Իրականում, այս պատմական հաստատումներն ավելի շատ են առնչվում սույն գործին, քան Միացյալ Նահանգների վերջին երեք նախագահների` քաղաքական դրդապատճառներով պայմանավորված բարոյազուրկ հայտարարությունները: Երբ 2000 թվականին Կալիֆորնիայի նահանգը օրենք ընդունեց` երկարաձգելով Հայոց ցեղասպանության զոհերի պահանջների վերաբերյալ օրենքով նախատեսված սահմանափակումը, ապա դա արվեց տվյալ ժամանակաշրջանում Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության լայն ճանաչման փաստի հիման վրա: Այդ ժամանակից ի վեր, այս պատմական փաստը հակասող ոչ մի նոր բանաձեւ չի ընդունվել, եւ դրա դեմ ոչ մի քվե չի տրվել: Միացյալ Նահանգների ոչ մի պաշտոնյա երբեւէ չի ժխտել Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը: Իրականում, վերջին երեք նախագահների պաշտոնավարության օրոք Ցեղասպանության փաստը զգալիորեն ամրապնդվել է, երբ Ներկայացուցիչների պալատի իրար հաջորդող հանձնաժողովները, առնվազն չորս անգամ` 2000, 2003, 2007 եւ 2010 թվականներին, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւեր են ընդունել:
Գերմանական ընկերությունների բողոքարկման մեջ ամենազավեշտալին այն է, որ փորձելով արդարացնել իրենց անպատասխանատու վարմունքը, նրանք հղում են արել տողերիս հեղինակին որպես «հեղինակություն»` մեջբերում անելով իմ հոդվածներից մեկից, որտեղ ես քննադատում եմ նախագահ Օբամային` Հայոց ցեղասպանությունը որպես «Մեծ եղեռն» հիշատակելու համար: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը նույնպես նշվում է որպես «հեղինակություն»: Նա եւս դժգոհություն էր արտահայտել Օբամայի կողմից այդ եզրն օգտագործելու համար: Նախագահ Օբամայի կողմից բառերի ընտրությունը ոչ մի առնչություն չունի այն փաստի հետ, որ այս ընկերությունները խաբել են իրենց հայ հաճախորդներին եւ նրանց ժառանգներին` չվճարելով նրանց հասանելիք գումարները:
Հասել է ժամը, որ գերմանական ապահովագրական ընկերությունները բողոքարկելու փոխարեն, դադարեն խաղեր խաղալ իրենց նահատակված հաճախորդների օրինական հայցերի հետ եւ անհապաղ նրանց ժառանգներին վճարեն իրենց ունեցած պարտքը:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ