կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-21 22:14
Տնտեսական

Փաստացի շուկան ազատվեց՝ հող նախապատրաստելով, որ խոշոր խաղացողներն արագ կլանեն այդ շուկան․ մասնագետները՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին

Փաստացի շուկան ազատվեց՝ հող նախապատրաստելով, որ խոշոր խաղացողներն արագ կլանեն այդ շուկան․ մասնագետները՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին

Տարեվերջին կլրանա թուրքական ապրանքների ներկրումն արգելելու որոշման երկրորդ վեցամսյա ժամկետը. «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով այդպիսի սահմանափակումների համար գործում է 6-ամսյա ժամկետը, իսկ լրանալուց հետո՝ որոշումը հնարավոր է լինում երկարացնել ևս վեց ամսով։

Մինչ փորձագիտական ու քաղաքական տարբեր շրջանակներ, հաշվի առնելով գործող իշխանությունների՝ հայ-թուրքական հարաբերություններ մեկնարկելու անթաքույց ցանկությունները, քննարկում են արգելքը երրորդ անգամ կիրառելու նպատակահարմարությունը՝ տեղեկանում ենք, որ Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, որը ենթադրում է թուրքական ապրանքները ներմուծելու արգելքի ևս վեց ամսով երկարացում: 

Այսպիսով, մի կողմից՝ քննարկվում է ապաշրջափակման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, մյուս կողմից` արգելքը երկարացնող նախագիծ է մշակվում: Սա, սակայն, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համար պարադոքսալ չէ. կառավարության հերթական նիստից հետո նա անդրադարձել է այս հարցին՝ նկատելով. «Կարծում ենք՝ այն տնտեսական արդյունքները, սպասումները, որ այսօր ունենք, մեզ թույլ են տալիս գնահատել, որ ճիշտ ենք անում:

Մենք Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները տեսնում ենք ճիշտ նախագծված և սիմետրիկ և չենք դիտարկում, որ դրանք պետք է միակողմանի լինեն»:

Թե ի՞նչ տնտեսական արդյունքների և սպասումների մասին է խոսում նախարարը՝ հայտնի չէ. այս նախարարությունից մենք ավելի հաճախ կարող ենք լսել «կենացներ» ու բարի ցանկություններ, քան կոնկրետ հաշվարկներ, թվեր ու վերլուծություններ:

Էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը, այդուհանդերձ, կարծում է, որ կառավարության նմանատիպ քայլերն ընդամենը ժամանակավոր լուծում է:

Փորձագետը նշում է՝ քանի որ հակառակ կողմից ևս պարբերաբար հնչեցվում են տարատեսակ նախապայմաններ, հայկական կողմն էլ իր հերթին է փորձում ցույց տալ, որ պատրաստ չէ հենց այնպես բացվելուն:

«Ակնհայտ է, որ սա ընդամենը կոսմետիկ նշանակության որոշում է, որը միանգամից չեղարկվելու է այն պահից սկսած, երբ արդեն որոշում կկայացվի հարաբերությունների հաստատման մասին:

Այնպես որ, սա ժամանակավոր լուծում է, մանևրելու փորձ՝ հատկապես ներքին լսարանին ցույց տալու, որ այդքան էլ միանշանակ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների հետ հաստատման այս գործընթացը, և, որ հայկական կողմը, իշխանությունները փորձում են, այնուամենայնիվ, կառուցել այդ երկխոսությունը՝ ելնելով նաև ՀՀ շահից: Սա ես ընկալում եմ՝ որպես քաղտեխնոլոգիական հնարք՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ տարբեր ահազանգերի՝ հայաստանյան շուկայում առկա է Թուրքիայից ներկրվող ապրանք (պարզապես տարբեր շրջանցող ճանապարհներով են այդ ապրանքները հայտնվում ՀՀ-ում)»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վ. Դավթյանը:

Ի դեպ, մասնագետն անդրադարձավ նաև թուրքական ներկրումների թվային պատկերին՝ սկսած 1995 թվականից:

Ըստ այդմ՝ 1995-2020 թթ. ժամանակահատվածում Հայաստանը Թուրքիայից ներկրել է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք, արտահանել՝ ընդամենը 55-60 միլիոն դոլարի:

«Հատկանշական է, որ թուրքական ապրանքների ներկրման պիկը եղել է 2019թ.՝ կազմելով մոտ 270 միլիոն ԱՄն դոլար. սա մոտավորապես նույն թիվն է, որը մենք ունեցել ենք 2009 թ. դրությամբ (այսինքն՝ ֆուտբոլային դիվանագիտության հատվածում, երբ մոտ էր հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը):

Հաշվի առնելով 2018 թվականի իշխանափոխությունը Հայաստանում և այն աշխարհաքաղաքական շեշտադրումները, որոնք այնուհետև արվեցին, կարծում եմ՝ 2019 թվականի ներկրման այս կտրուկ աճը ևս պետք է ընկալվի՝ որպես ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ինդիկատորներից: Նկատենք՝ դրան նախորդող տարիներին ներկրումը կազմել է ընդամենը 160-170 միլիոն դոլար»,- արձանագրեց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի համոզմամբ՝ թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումը թեև էյֆորիկ տրամադրություններ ստեղծելու նպատակով էր կիրարկվել, բայց նախատեսում էր նաև արդյունավետ տարրեր:

«Նպատակի մեջ, համենայն դեպս, ձևակերպվում էր, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելումով պետական աջակցությամբ նախ հիմքեր կստեղծվի, որ թուրքական ներկրումը փոխարինվի տեղական արտադրանքով, և երկրորդը` նաև տնտեսվարողներին հնարավորություն կտրվի գտնել այլընտրանքային շուկաներ՝ թուրքական ներկրումը փոխարինելով այլ երկրներից ներկրմամբ (այդ ուղղություններից է Չինաստանը, ԵԱՏՄ շուկան, Իրանը և այլն)»,- մանրամասնեց պատգամավորը:

Խոսելով արդեն մեկ տարի գործող այս արգելքի արդյունքների մասին՝ նա վստահեցրեց, որ նախկինում հնչած հայտարարությունները մնացին հայտարարություն:

«Տևական ժամանակ է անցել, բայց իրական էֆեկտներ այդպես էլ չկան, որովհետև այս ուղղությամբ գրեթե ներդրումներ չտեսանք, և հետո, ինչը տարօրինակ է, ըստ էության թուրքական ապրանքները մեր շուկայից այդպես էլ չպակասեցին: Թե ինչպես են հայտնվում՝ դժվար է գնահատել, բայց ենթադրություններ կարելի է անել:

Այսինքն՝ ո՞վ կարող է սահմանափակումների ներքո ապրանք ներկրել. պետք է լինի պետական մարմինների իմացությամբ և թողտվությամբ, կամ անարդյունավետ, անլուրջ վերահսկողության հետևանք: Երկուսն էլ անընդունելի են՝ եթե թողտվությամբ են ինչ-որ սրտի օլիգարխներ ներկրում, կամ սահմանափակումների նկատմամբ պետական վերահսկողություն արդյունավետ չի իրականացվում, բայց փաստն այն է, որ թուրքական ապրանքների ականատես ենք մեր շուկայում,- ասաց Թ. Ավետիսյանը՝ նշելով նաև, որ այս որոշումը պատճառ է դարձել գործազրկության, բիզնեսների փակման,- Այդ ներկրումներով հիմնականում զբաղվում էին հարյուրավոր փոքր և միջին բիզնեսմեններ, որոնք ունեին որոշակի քանակությամբ աշխատողներ ևս, նրանք դուրս մղվեցին շուկայից: Այդ գինը վճարեցինք, որպեսզի ունենայինք տեղական արտադրանք և աշխատատեղեր, սակայն տեղի չունեցավ. փաստացի շուկան բացվեց, ազատվեց՝ հող նախապատրաստելով, որ երբ ապաշրջափակում կոչվածը տեղի ունենա, արդեն խոշոր խաղացողներն արագ կլանեն այդ շուկան»:

Տարածաշրջանային ինտեգրման հարցերին և մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների վերսկսմանն ու հաղորդակցական կապերի ապաշրջափակմանն անդրադառնալով՝ տնտեսագետը վստահեցրեց՝ դրանք այսօր պետք է դիտարկել՝ միայն որպես ադրբեջանաթուրքական տանդեմի պարտադրանք:

Հիշեցնենք՝ թուրքական ապրանքների ներկրումն արգելող Կառավարության որոշումը գործում է 2020 թվականի հոկտեմբերի 20-ից, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերից:

«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց՝ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին:

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան»,- այդ օրերին պարզաբանել էին կառավարությունից:

Աղբյուրը՝ 168.am