Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2004 և 2005 թվականներից ի վեր, երբ «Նյու Յորք Լայֆ» և «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերությունների դեմ դատական գործընթացն ավարտվեց՝ բավարարելով 37,5 մլն ԱՄՆ դոլարի պահանջը, Ցեղասպանության տարիներին ապահովագրված անձանց ժառանգներին և հայկական բարեգործական կազմակերպություններին կատարված վճարումները երբեք չեն բացահայտվել:
Վերջին տարիներին տարաձայնություններ ծագեցին իրավաբանների միջև, ովքեր երկու ընկերությունների դեմ համատեղ հայց էին հարուցել: Անցյալ տարի փաստաբան Վարդգես Եղիայանը միջնորդություն ներկայացրեց դատարան անկախ կառավարիչ նշանակելու պահանջով՝ իր երկու գործընկեր դատապաշտպաններ Մարկ Գերագոսի և Բրայան Քաբաթեքի կողմից կատարված բաշխումները վերահսկելու նպատակով: Դատավորը մերժեց Եղիայանի պահանջը:
Այս ամսվա սկզբին դիրքերը փոխվեցին, երբ փաստաբան Գերագոսը և Քաթաբեքը Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարանում հայց հարուցեցին Եղիայանի և նրա կնոջ Ռիտա Մահդեսյանի դեմ՝ մեղադրելով նրանց խարդախության, ներառյալ` հայկական բարեգործական կազմակերպությունների համար նախատեսված մոտ 1 միլիոն դոլարի չափով ապահովագրավճարների յուրացման մեջ:
Եղիայանը կտրականապես մերժեց մեղադրանքները և «Դեյլի Ջըրնըլին» տված հարցազրույցում ասաց, որ Գերագոսը և Քաթաբեքը «գաղտնի կուտակել են վճարման միջոցներից ավելի քան 17 միլիոն դոլար» և «չեն ներկայացրել գումարների ծախսման հաշվապահությունը»:
Համայնքի որոշ անդամներ մտահոգված էին, որ այս մեղադրանքները կշահարկվեն թուրքական մամուլի կողմից՝ Հայոց ցեղասպանության զոհերի հատուցման պահանջը կասկածի տակ դնելու նպատակով, իսկ ուրիշներին անհանգստացնում էր, որ Հայոց ցեղասպանության զոհերին արդարացի պատկանող միջոցները կարող են ոչ նպատակային օգտագործվել և յուրացվել։
Ելնելով մեր նախնական ուսումնասիրության արդյունքներից՝ այստեղ ներկայացված է, թե մոտավորապես ինչպես է բաշխվել «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության կողմից հատկացված 20 միլիոն դոլար գումարը:
- Մոտ 9 միլիոն դոլար տրվել է «Նյու Յորք Լայֆ»–ի 2300 չվճարված ապահովադիրներից 1500–ի ժառանգներին։ Մնացած 800 ապահովադիրների ժառանգները չեն ներկայացել:
- 4 միլիոն դոլար հավասարապես բաշխվել է փաստաբաններ Գերագոսի, Քաթաբեքի և Եղիայանի միջև, իրենց ընտրությամբ բարեգործական կազմակերպություններին հատկացնելու համար:
- 4 միլիոն դոլար հատկացվել է այս կոլեկտիվ հայցում հայցվորների հայկական կողմը ներկայացնող չորս փաստաբանների (Գերագոս, Քաբաթեք, Եղիայան և Վիլյամ Շերնոֆ) իրավաբանական ծառայությունների դիմաց վճարները փակելու համար:
- 3 միլիոն դոլար նվիրաբերվել է 9 գլխավոր հայկական բարեգործական կազմակերպություններին:
- Մոտ 1 միլիոն դոլար ծախսվել է վարչական ծախսերի գծով՝ ապահովադիրների ժառանգներին ֆինանսական միջոցները փոխհատուցելու նպատակով։
Կալիֆոռնիայի ապահովագրության հարցերով հանձնակատարի կողմից ստեղծվել է երեք անդամից կազմված Վճարային հիմնադրամի խորհուրդ՝ ապահովադիրների ընտանիքների կենդանի մնացած անդամների կողմից ներկայացված փաստաթղթերը վերանայելու համար։
Ելնելով նմանատիպ նախնական ուսումնասիրության արդյունքներից՝ այստեղ ներկայացված է, թե մոտավորապես ինչպես է բաշխվել «ԱՔՍԱ» ընկերության կողմից հատկացված 17.5 միլիոն դոլար գումարը:
- Մոտ 8.5 միլիոն դոլար տրվել է «ԱՔՍԱ» ընկերության 11000 ապահովադիրների անհայտ քանակով ժառանգներին:
- 3 միլիոն դոլար երեք փաստաբանների կողմից հատկացվել է Ֆրանսիայում հայկական բարեգործական կազմակերպություններին:
- 3 միլիոն դոլար հատկացվել է այս կոլեկտիվ հայցում հայցվորների հայկական կողմը ներկայացնող երեք փաստաբանների (Գերագոս, Քաբաթեք և Եղիայան) իրավաբանական ծառայությունների դիմաց վճարները փակելու համար:
- 2.85 միլիոն դոլար հավասարապես բաշխվել է փաստաբաններ Գերագոսի, Քաթաբեքի և Եղիայանի միջև, իրենց ընտրությամբ բարեգործական կազմակերպություններին հատկացնելու համար:
- 150,000 դոլար (հնարավոր է ավելին) հատկացվել է վարչական ծախսերի գծով՝ ապահովադիրների ժառանգների կողմից ներկայացված փաստաթղթերը գնահատելու նպատակով։
Հարկ է նշել, որ դաշնային դատավոր Քրիստինա Սնայդերի կողմից հաստատված Վճարման համաձայնագրով հանձնարարվում է բոլոր բարեգործական կազմակերպություններին, որ «Նյու Յորք Լայֆ» ընկերությունից ֆինանսական միջոցները ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում դատարան ներկայացնել այս ֆինանսական միջոցների ծախսման մասին համապարփակ հաշվետվություն։
Հայտնի չէ` արդյո՞ք պահանջվող հաշվետվությունները ներկայացվել են ստացողների կողմից։ Վճարման համաձայնագրում նշվում է նաև, որ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազն իրավունք ունի պահանջելու այս դրույթների կատարումը և գործ հարուցելու խախտումների դեպքում։
«ԱՔՍԱ» ընկերության դեպքում Վճարման համաձայնագրով պահանջվում է, որ վեց ամսվա ընթացքում բարեգործական կազմակերպությունները ներկայացնեն հայցվորների և «ԱՔՍԱ»-ի փաստաբանների ստացած ֆինանսական միջոցների օգտագործման մասին հաշվետվությունը։
Լոս Անջելեսի գերագույն դատարանն այժմ հնարավորություն ունի վերանայելու փաստաբաններ Գերագոսի և Քաբաթեքի կողմից Եղիայանի և Մահդեսյանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները՝ որոշելու համար, թե արդյո՞ք ապահովագրական վճարների գծով միջոցներն օգտագործվել են նպատակային։
Մինչև դա, ոչ ոք չպետք է որևէ եզրակացություն անի ներգրավված կողմերից որևէ մեկի մեղավորության կամ անմեղության մասին։ Իրավական պահանջներից անկախ, բոլոր այն կազմակերպությունները, որոնք երկու ապահովագրական ընկերությունների հետ կնքված համաձայնագրերից ստացել են ֆինանսական միջոցներ, ունեն բարոյական պարտք՝ հայկական համայնքին բացահայտելու ստացված և ծախսված գումարների չափերը։
Նմանապես երեք փաստաբանները պետք է հրապարակեն բոլոր այն փոխհատուցումները, որոնք նրանք կատարել են վճարային հիմնադրամներից բոլոր կազմակերպություններին։ Ավելին, երեք փաստաբանների, ինչպես նաև Վճարային հիմնադրամի երկու խորհուրդների և նրանց աշխատակազմի տնօրինության տակ գտնվող վճարումների հետ կապված բոլոր փաստաթղթերը պետք է պահպանվեն մինչև այս դատական գործընթացի ավարտը։
Այն անձինք, որոնց վստահված են Հայոց ցեղասպանության զոհերին պատկանող ֆինանսական միջոցները, ունեն սուրբ պարտականություն՝ վերաբերվել դրանց մեծ զգուշավորությամբ և խնամքով։ Նման վերաբերմունք չցուցաբերելու դեպքում, նրանք արժանի կդառնան ողջ աշխարհի ազնիվ մարդկանց դատապարտմանը։
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ