կարևոր
1963 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-09 12:11
Հասարակություն

«Շուշի - 3»․ Վարդան Պետրոսյանի նոր բանաստեղծությունը

«Շուշի - 3»․ Վարդան Պետրոսյանի նոր բանաստեղծությունը

Աշխարհակործան բիրտ հորդաների թերմացքն անբարո,

որ հազար տարի արյուն ու մահ է սփռում ամենուր,

ասպատակում է այսօր էլ, ինչպես մի նոր Լենկ-Թեմուր՝

թաղված արյան մեջ՝ ծնկներից էլ վեր, աչքերը խոլոր:

Թրքոտ կճղակն իր դրել է, Շուշի՛, քո լերկ կողերին,

վայում է դեպի բարձունքներդ ի վեր, ինչպես բորենի,

թվում է՝ տեր է կարծում նա իրեն, բայց դողը սրտում

սպասում է քո՝ ցասման վրեժով խենթ ասպետներին:

 

Ցինիկ է, ինչպես ամեն թփի տակ պառկող անառակ,

լրբացած, ինչպես մի մարմնավաճառ, որ չի վճարվել,

քսու, դավադիր ներքինու նման շողոքորթ է նա

և հանձնառու է ամեն վայրկյանի տիրասպան լինել:

Ծեր ելուզակն այդ ժայռակողերիդ կրկին շնթռկած՝

լրբենի ծաղրով ձեռնոց է նետում խոլ խոյանքներիդ,

արնագաղջ շնչով պղծում է, Շուշի՛, նահատակներիդ

շիրմաքարերը, որ քո աչքերն են երկնքին ուղղված:

 

Շուշի՛, դու լուռ ես, հանց որձաքարը քո լանջերն ի վեր,

անզգա ես դու ծվատված մարմնիդ ցավի գետերին,

հոգուդ վերքերը հպարտությանդ ամրոցն են տիրել,

մորմոքող միտքդ չի տրվում, սակայն, զեխ խաբկանքների:

Քո լռությունը դաշույն է, Շուշի՛, իմ սիրտը խրված,

նախատինք է, որ ստվերի նման ուղեկիցն է իմ,

լռությունդ քո խենթ զավակներն են՝ երկինք հեռացած,

քեզ նայելով՝ ես նայում եմ, կարծես, նրանց աչքերին:

 

Վարդան Պետրոսյան

09. 05. 2022 թ.

 

Վարդան Պետրոսյանի «Շուշի - 2» բանաստեղծությունը կարող եք կարդալ՝ այստեղ։