Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համազգային հայ կրթական և մշակութային միության Երեւանի գրասենյակի նախաձեռնությամբ ու Պարույր Սեւակի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ օրերս լույս է տեսել Պարույր Սևակի «100 բանաստեղծություն» ժողովածուն՝ նվիրված մեծ գրողի ծննդյան 100-ամյակին։ Գիրքը կազմել է գրողի որդին'գրականագետ Արմեն Ղազարյանը։ Ժողովածուի տպագրությունը հովանավորել է Համազգայինի Կենտրոնական Վարչությունը։
Հունվարի 17-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ գրքի շնորհանդեսը։
Միջոցառումը բացվեց Համազգայինի Կենտրոնական Վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանի խոսքով։ Զաքար Քեշիշյանն անդրադարձավ Պարույր Սևակի թողած արժեքավոր գրական ժառանգությանը' նշելով, որ Սևակն այն եզակիներից է, ում խոսքը բոլոր սերունդների և բոլոր ժամանակների համար է։ Նա Կենտրոնական Վարչության անունից շնորհավորեց ներկաներին' գրքի լույս ընծայման և մեծ գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ։
Ցերեկույթի ելույթները ջերմ էին ու անմիջական։ Պարույր Սևակ գրողի կյանքին ու ստեղծագործական ուղուն անդրադարձան գրականագետ,բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, Համազգայինի ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը, ԱրՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Հայաստանի գրողների միության անունից խոսք ասաց ՀՀ ԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը։
Պապի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց թոռը' գրականագետ, Պարույր Սևակի տուն֊թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը։
Գրական միջոցառումն ամբողջացավ Սևակի ստեղծագործությունների ընթերցանությամբ, որոնք ներկայացրին ՀՀ վաստակավոր դերասան Դավիթ Հակոբյանը և ասմունքող Գայանե Սամվելյանը։
Միջոցառումը յուրահատուկ երանգավորում ստացավ Պարույր Սևակի ստեղծագործությունների երգեցողությամբ։ Հնչեցին մի քանի ստեղծագործություններ' Լուիզա Երեմյանի, Մարիցա Թիլիքյանի, Արամ Խաչատուրյանի և Մարգարիտ Սարգսյանի (դաշնակահարուհի) կատարմամբ։
Ներկաները նվեր ստացան «100 բանաստեղծություն» գրքից, իսկ միջոցառման վերջում նրանց համար համեստ հյուրասիրություն էր պատրաստվել։
Համազգային հայ կրթական և մշակութային միության Երեւանի գրասենյակ