Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Վարդան Պետրոսյանի «Իմ ընկեր» բանաստեղծությունը՝ նվիրված արցախյան գոյամարտերում նահատակված հայորդիների հիշատակին: Այս բանաստեղծության հիման վրա է ստեղծվել նույնանուն երգի տեսահոլովակը (կոմպոզիտոր՝ Մ. Սարգսյան, կատարումը՝ Ա. Մալխասյանի), որի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին Խնկո ապոր անվան գրադարանում:
Դու ելար մարտի, որ պարգևես մեզ նոր արշալույսներ,
Հայոց մայրերի թախծոտ աչքերում չմարեն լույսերն,
Գալիքի անթիվ հերոսներ քայլեն քո անցած ճամփով,
Անունդ, ընկե՛ր, նրանց սխրանքում պսակվի փառքով:
Հաղթության խնդուն ոգին էր, որ քեզ կոչում էր՝ ի զե՛ն,
Եվ եռագույնն էր փոթորկել հոգիդ, մտքերդ հուզել,
Անցյալն ու գալիքն աչքերիդ մովում մի բռուցք դարձած՝
Առաջնորդ էին քո ճանապարհին ցասումով անսանձ:
Ոսոխդ նե՛նգ էր, զազրելի՛ էր նա, քսո՛ւ, դրուժա՛ն,
Ավետյաց երկրի խորքն էր սողոսկում, ինչպես մի խուժան,
Եվ խոյացար դու, իմ ազնի՛վ ընկեր, ընդդեմ բորենու,
Բայց իբրև ասպետ՝ բաց դաշտում էիր նրան որոնում:
Մահվան աչքերին դու նայում էիր անթարթ հայացքով,
Ինչպես նայել են դարեր շարունակ նախնիները քո,
Խորթ էին հոգուդ հաղթանակները անազնիվ մարտում,
Աչքերիդ մեջ էր թշնամին միշտ իր վախճանը կարդում:
Մեր հույզերն՝ իբրև սևեռուն ցասում, ձգտում են դեպ քեզ,
Եվ քո սխրանքը, իմ ազնի՛վ ընկեր, առաջնորդ է մեզ,
Հոգիդ ճախրում է քաջ նախնիներիդ անմահ փաղանգում,
Այնտեղ, ուր միայն խենթ հերոսների երազն են հարգում:
Քո երազները մերն են լինելու այսուհետ, ընկե՛ր,
Քեզ նման մենք էլ չենք լքի երբեք մեր պարտքի դիրքերն,
Կելնենք քեզ նման որոնելու մեր երազն անավարտ՝
Քո ոգին դարձրած մեզ իբրև վահան, իբրև սաղավարտ: