կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-06 12:05
Մշակույթ

«Շուշի - 2»․ Վարդան Պետրոսյանի նոր բանաստեղծությունը

«Շուշի - 2»․ Վարդան Պետրոսյանի նոր բանաստեղծությունը

«Շուշի - 2»

Հոգիները նրանց, որ լցված են մաղձով,

գլուխները՝ լցված տտիպությամբ անձկոտ,

և մարգարտի ցոլքը անվանում են դժգույն,

չեն գիտակցում, Շուշի՛, որ քո քարե գրկում

հպարտության լույսն էր ժայռից ծլարձակում,

փռվում քեզ պինդ գրկած լեռնաշխարհի վրա:

Որդիներիդ կամքն էր ոգի տալիս նրան,

ազատության շունչն էր քո ձորերում վարգում:

 

Բայց եկել են, ահա, կասկածելի ծագմամբ,

կասկածելի բարքով ինչ-որ առաքյալներ,

հպարտության ոգին՝ քեզնով ծնունդ առած,

փորձ են անում, Շուշի՛, ինձնից անդարձ խլել:

Նրանց պիղծ շուրթերին դու լոկ միֆ ես եղել,

առասպել ես եղել՝ պատրանքներից հյուսված,

ոչ թե որդիներդ են ժայռերդ ի վեր ելել,

այլ ցնորքով դյութված երազները նրանց:

 

Այդ առաքյալ կոչված ծախու վարձկանների

ծախու հոգիներից տտիպ մաղձ է ծորում,

կասկածելի ծագմամբ օտար քամիների

օտար խաբկանքներ են նրանց գլուխներում:

Եվ էլ ինչպե՞ս, Շուշի՛, նրանք կհասկանան

քեզ՝ ողբացյալ, սակայն չքնաղագեղ այրի,

դեպի լույսդ նետվող ոգին այն առնական,

որ ձուլվում էր, կարծես, ժայռե քո կոնքերին:

 

Կանցնեն նաև նրանք՝ հոգիները վարձկան,

ինչպես անգո ծագման քամիները բոլոր,

որոնք հոխորտում են, փոթորկում են անկամ,

որոնց ճամփաները միշտ են շավղից մոլոր:

Որդիներդ, Շուշի՛, նորից ոտքի կելնեն,

խոլ հմայքիդ գերի որդիներդ արու,

կգրոհեն նորից ժայռե կողերդ ի վեր,

դու կշողաս կրկին լույսի ծնծղաներում:

29. 01 – 03. 02. 2021 թ.

Վարդան Պետրոսյան

Գառնի