կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-17 14:25
Մշակույթ

«Հայրենիք». Վարդան Պետրոսյանի նոր բանաստեղծությունը

«Հայրենիք». Վարդան Պետրոսյանի նոր բանաստեղծությունը

Հայրենիք

 

Ճակատագիրը խնայել է ինձ՝

չեմ ընկել Շուշվա պարիսպների տակ,

որպեսզի մի օր, իմ սո՛ւրբ հայրենիք,

մի բախտախնդիր ու նենգ հացկատակ

ծաղրի՞ զինվորիդ տատասկոտ ուղին,

ծաղրի՞ հերոսիդ՝ քո փառքը կերտող,

իսկ ես էլ լինեմ անճարակ դիտո՞րդ …

Նրան դավադիր հողմերը բերել

դրել են երկրիս երերուն գահին,

ոգի են տալիս ի տես աշխարհի,

թե՝ դու ես միակ անսուտ մարգարեն,

այս անառագաստ նավակը վարիր:

 

Եվ վարում է նա անշեղ, անվարան՝

երկիրը դարձրած մի կառափնարան,

ուր գլուխները դրված են հերթի …

Բանսարկուներն էլ, դուրս եկած երթի,

հանդուգն, լկտի նյութում են դավեր …

Ուր մարդ լինելը խարան է արդեն,

ուր հերոսները դուրս են օրենքից,

և մանուկներն են հմուտ օրենսգետ:

 

Ճակատագիրը խնայել է ինձ,

Որ դիտո՞րդ լինեմ քո անկումներին

և կործանումիդ զինվո՞րն անկարող,

թե՞ վերջին վկան հաղթանակներիդ,

որին ոչ մի կերպ ներել չեն կարող

այս անհայրենիք հերոսները նոր:

Հեգնա՞նք է, արդյոք, սա ճակատագրի,

թե՞ խիզախումի մի նոր ահազանգ …

Հիվանդ մարդուկ է, երկիր իմ, գահիդ,

իսկ իր ուսերին՝ դիվային մի գանգ:

Վարդան Պետրոսյան