կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-19 14:38
Քաղաքական

Իշխող ուժի և Տեր-Պետրոսյանի թիմի միջև քաղաքական կապեր կան, բայց չկա մեսիջ, որ ԼՂ հարցում Փաշինյանը գնում է Տեր-Պետրոսյանի սխեմայով. վերլուծաբան

Իշխող ուժի և Տեր-Պետրոսյանի թիմի միջև քաղաքական կապեր կան, բայց չկա մեսիջ, որ ԼՂ հարցում Փաշինյանը գնում է Տեր-Պետրոսյանի սխեմայով. վերլուծաբան

ՔՊ համագումարում ներքաղաքական մի կարևոր մեսիջ եղավ, որին ուշադրություն չդարձվեց, երբ հայտարարվեց, որ իշխող կուսակցությունն, ի վերջո, պետք է հստակեցնի իր դիրքորոշումն այն կուսակցությունների հետ կապված, որոնք ընդդիմություն են եղել և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի իշխանությանը, բայց հիմա ո'չ իշխանություն են, ո'չ ընդդիմություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը: 

«Այսինքն՝ պետք է հասկանալ, թե ինչ ֆորմատով է պետք նրանց հետ համագործակցել: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը հարց է դնում՝ եկեք, ի վերջո, կողմնորոշվենք, թե կարողանո՞ւմ ենք միայն մեր ռեսուրսներով  ղեկավարել երկիրը, թե՞ պետք է նաև պոտենցիալ դաշնակից կուսակցությունների ռեսուրսները պաշտոնապես ներգրավել: Այսօր արդեն տեսնում ենք, որ երկրում 7-8 կարևոր պոստեր, քաղաքական պաշտոններ  կան, որ զբաղեցնում են  նախկին ՀՀՇ-ի կամ ՀԱԿ-ի ներկայացուցիչները կամ այդ շրջապատի մերձ մարդիկ: Սա, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի կողմից մեսիջ էր, որ պետք է ֆորմալիզացնել բոլոր հարաբերությունները նման ուժերի հետ, երևի ոչ միայն ՀԱԿ-ի, բայց, իմ տպավորությամբ, հիմա ավելի շատ նրանց էր վերաբերում»,- նշեց վերլուծաբանը: 

Թե որքանո՞վ է Նիկոլ Փաշինյանն առաջ տանում Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական գիծը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, Վիգեն Հակոբյանը նշեց. «Ի սկզբանե կային կասկածներ, որ որոշակի քաղաքական կապեր կան այսօրվա իշխող ուժի և Տեր-Պետրոսյանի թիմի միջև: Ակնհայտ է, որ որոշակի կապեր կան, կրկնում եմ՝ կան 7-8 առանցքային պաշտոններ՝ ուժային և քարոզչական բլոկներում, որոնք զբաղեցնում են մարդիկ, որոնք այդ քաղաքական թևի հետ են ասոցացվում: Այս առումով կարծում եմ` Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին բավականին լուրջ տեղ տալը  ցույց է տալիս, որ այդ թևը Նիկոլ Փաշինյանի կողմից չի ընկալվում որպես անընդունելի թև: Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա առայժմ` այս պահի դրությամբ, չկան նշաններ, որ վերցնում են Տեր-Պետրոսյանի կուրսը, կոնցեպտը: Պաշտոնապես ընդամենը կա 2 կետ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջը և հստակություններ պետք է մտցվեն Մադրիդյան սկզբունքների կետերի շուրջ: Առայժմ չկա մեսիջ, որ Փաշինյանը գնում է Տեր-Պետրոսյանի սխեմայով: Բայց, իհարկե, կան մտահոգություններ, որ արտաքին քաղաքական շրջապատում հայտնվում են մարդիկ, որոնք կապված են եղել այդ թևի հետ՝ մամլո խոսնակ և այլն, որոնք, բացի իրենց պաշտոնական պարտականություններից, այլ ֆունկցիաներ են գուցե կատարում»:

Վիգեն Հակոբյանը ուշագրավ համարեց նաև ՔՊ վարչության կազմի ընտրությունը, ինչը ցույց տվեց, որ որոշակի տրանսֆորմացիաներ են կատարվում ազդեցության խմբերի միջև: «Որոշ մարդիկ, նրանց շրջապատը ապարատային պայքարում փոքր-ինչ  հետ են գնում կամ առաջ: Շատ է խոսվում, որ Սասուն Միքայելյանը չանցավ, սա նշանակում է, որ կուսակցությունում սկսվել է ոչ քողարկված պայքար իշխանության մեջ դիրքեր վերցնելու, պահպանելու համար: Նույն Սասուն Միքայելյանի չհայտնվելը ՔՊ վարչության կազմում և Ռոմանոս Պետրոսյանի հայտնվելը ցույց են տալիս, որ ավելի շուտ ընդդեմ քվեարկություն է գնացել, ինչը պայմանավորված է եղել նրանով, թերևս, որ Սասուն Միքայելյանը չէր աջակցում ՔՊ թեկնածուին Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Սա դրա կոնկրետ արտացոլումն էր: Կրկնում եմ՝ եղել է ընդդեմ քվեարկություն»,- շեշտեց վերլուծաբանը: