կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-24 13:19
Մշակույթ

Ե՛լ, մեջքդ շտկի՛ր, թույլ մի՛ տուր խնդա անարգ թշնամիդ. Վարդան Պետրոսյանի նոր բանաստեղծությունը

Ե՛լ, մեջքդ շտկի՛ր, թույլ մի՛ տուր խնդա անարգ թշնամիդ. Վարդան Պետրոսյանի նոր բանաստեղծությունը

Ոսոխդ կրկին կացինն է սրում, իսկ դու քնած ես,

Խիզախ որդիքդ կոչնակ են զարկում, իսկ դու քնած ես,

Քնած ես, ինչպես մահացու խոցված առյուծը դաշտում,

Թվում է՝ մեկեն բաշդ կցնցես, բայց դու քնած ես:

 

Քո վերջին հույսը, թվում է, քեզնից անդարձ խլել են,

Ի տես աշխարհի քեզ կարծես լլկել, արհամարհել են,

Թունավորել են մահաբեր թույնով քո հավատն առ քեզ,

Մահվան թմբիրում տմարդի հեգնել ու քեզ ծաղրել են:

 

Արթնացի՛ր ցավիդ մղձավանջ քնից, Հայկի՛ հայրենիք,

Ե՛լ, մեջքդ շտկի՛ր, թույլ մի՛ տուր խնդա անարգ թշնամիդ,

Դավով խլել են միջնաբերդ Շուշիդ, քո վերջին սյունը,

Ե՛լ, վահագնակերպ, շանթիր քաջքերին այդ անհայրենիք:

 

Թշնամիներդ ծնծղա են զարկում, հրճվում են անսանձ,

Ձայնում են, թե դու դիակ ես արդեն հավիտյան հանգած,

Իսկ դու խորասույզ մտքերիդ ծովում գալիքն ես չափում,

Որ կրկին ճկես հայկյան աղեղը, հայրենիք անանց: