կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-16 12:28
Մշակույթ

«Շուշի». Վարդան Պետրոսյանի նոր բանաստեղծությունը

«Շուշի». Վարդան Պետրոսյանի նոր բանաստեղծությունը

Շուշի

 

Շուշի՛,

իմ սիրտը բաբախում էր

պարիսպներիցդ թռչող համազարկերի ռիթմով,

ինչպես այն հեռավոր իննսուներկուսին,

երբ կանչիդ անսացի

որպես ազատության զինվոր:

 

Շուշի՛,

ականջներիս մեջ որքան ղողանջեն

Սուրբ Ղազանչեցոց գավթի զանգերը

և արձագանքվեն բջիջներիս մեջ,

միտքս կճախրի պարիսպներդ ի վեր,

կձուլվի հերոս այն տղաներին,

որ ժայռերիդ պես երկինք լեռնացել,

դարձել են վահան քո մասունքներին:

 

Շուշի՛, առանց քեզ

ես մի արծիվ եմ, որ չունի թևեր,

թևատված են իմ բոլոր երազներն ...

Քեզնով մեկնարկած երթը մեր կամքի,

նման կլինի ա՛յն հավատամքին,

որը ի ծնե հիվանդ մանուկ է

և սպասում է Տիրոջ հրաշքին:

 

Առանց քեզ, Շուշի՛,

կարծես էլ չկա ասքն այն մոգական,

որ հյուսեց սերունդը իննսուներկուսի:

Կարծես էլ չկա այդ սերունդն անգամ ...

Սակայն կա՛ն նրանք,

Դեռ կգա՛ն նրանք ...

 

Շուշի՛,

Նրանց կտեսնես դու

այրիացած հայոց մայրերի

երկինք բարձրացող մրմունջների մեջ,

հայացքների մեջ այն տղաների,

որ քեզ կնայեն շիրմաքարերից,

և կզգաս, Շուշի՛,

որ հայացքներն այդ հարազատ են քեզ:

Նրանց կտեսնես

այն պատանեկան այրվող աչքերում,

որ կխոյանան պարիսպներդ ի վեր՝

որպես չխամրող փառքիդ ծաղիկներ:

 

Վարդան Պետրոսյան

15. 11. 2020 թ.

Գառնի